Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մենդելսոնը դեռևս լիովին չբացահայտված կոմպոզիտո՞ր է

Հոկտեմբեր 23,2023 12:30

Հարցազրույց իտալացի դաշնակահար Ռոբերտո Պրոսեդայի հետ

– Հարգարժան Ռոբերտո, առաջին անգամ ներկայացաք մեր հանդիսատեսին՝  ճանաչված ջութակահար Անուշ Նիկողոսյանի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի ընկերակցությամբ։ Ծրագրում Մենդելսոն էր եւ Մանսուրյան։
Արտասահմանյան մամուլից գիտենք, որ դուք 2022թ. Իտալիայի երաժշտական քննադատների ասոցիացիայի կողմից արժանացել եք Primo Franco Abbiati մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն իտալացի երաժշտին։

Գիտենք նաեւ, որ Հռոմի Accademia Nazionale di Santa Cecilia-ի պրոֆեսոր եք եւ պարբերաբար վարպետության դասեր ու սեմինարներ եք անցկացնում ողջ աշխարհում, բնականաբար՝ համերգներին զուգահեռ։ Երեւանյան համերգից հետո նույնպես անցկացրել եք վարպետության դասեր։ Ձեր ստեղծագործական կենսագրությունում մեզ զարմացրեց հետեւյալը. համարվում եք Մենդելսոնի ստեղծագործությունների հայտնի մեկնաբաններից, նաեւ ձայնագրել եք Մենդելսոնի դաշնամուրի գործերի ամբողջական հավաքածուն՝ բաղկացած 10  CD-ից։ Ինչո՞վ դա կբացատրեք։

– Մենդելսոնի հատկապես դաշնամուրային գործերը շատ չեն կատարվում։ Ընկերներիս շնորհիվ ես բացահայտել եմ նաեւ կոմպոզիտորի որոշ չտպագրված գործեր, որոնք ձեռագիր վիճակում գտնվում են գրադարաններում։ Սկսեցի ուսումնասիրել նրա վաղ շրջանի ստեղծագործությունները, ինչպիսին են Դաշնամուրի 4 սոնատները, Ֆանտազիան եւ այլն։ Ինչպես նշեցիք, այո, ձայնագրել եմ կոմպոզիտորի երկերի ամբողջական հավաքածուն Decca ֆիրմայում։

Անուշ Նիկողոսյանն ու Ռոμերտո Պրոսեդան երեւանյան համերգում։

– Ձեր կարծիքով՝ ո՞րն է Մենդելսոնի դաշնամուրային գործերին քիչ անդրադառնալու պատճառը։

– Մենդելսոնը շատ չբացահայտված ու չկատարվող կոմպոզիտոր է, իմ կարծիքով՝ նաեւ իր հրեական արմատների, նացիստական ռեժիմի արգելքների պատճառով։

– Ասում են՝ Անուշ Նիկողոսյանի հետ ձեր առաջին համագործակցությունը չէ։

– Այո, շուրջ երկու տարի առաջ հայազգի տաղանդավոր դաշնակահարուհի Մայա Օհանյանի միջոցով, ով ուսանում է իմ դասարանում, ծանոթացա ոչ միայն հրաշալի ջութակահար Անուշ Նիկողոսյանի, այլեւ հայազգի այլ տաղանդավոր երաժիշտների հետ։ Հիմա էլ արդեն սկսվեց բարեկամությունս մաեստրո Էդուարդ Թոփչյանի եւ ֆիլհարմոնիկի հետ։ Իսկ մինչ Հայաստան այցս Անուշի հետ Մանտովայում, հունիսին, Trame Sonore փառատոնի շրջանակներում հանդես եկանք Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 1-ի հազվադեպ կատարվող տարբերակով. դաշնամուր՝ 4 ձեռք, ջութակ եւ թավջութակ։ Մի քանի համերգ ենք ունեցել Patmos Chamber Music փառատոնում նույնպես…

– Ի դեպ, դուք այդ փառատոնի ղեկավարն եք։

– Այո, հանդիսանում եմ այդ փառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Մի բան էլ հայտնեմ. այդ փառատոնի ավարտից անմիջապես հետո Անուշի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի առաջատար երաժիշտների հետ համերգային փոքրիկ շրջագայություն ունեցանք Իտալիայի քաղաքներում։ Ինչ վերաբերում է Անուշին, պետք է նշեմ, որ նա ոչ միայն, ինչպես ասացի՝ հրաշալի երաժիշտ է, այլ նաեւ լավ մարդ, ինչը ինձ համար մեծ նշանակություն ունի։

– Հայ հեղինակներից հավանաբար հանդես եք եկել Արամ Խաչատրյանի…

– Իհարկե։ Մոռացա նշել, որ երեւանյան այս համերգի ավարտին հանդիպեցի Տիգրան Մանսուրյանին, որը եկել էր ունկնդրելու։ Դա ինձ համար աննկարագրելի մեծ պատիվ է։ Հանդես եմ եկել նաեւ Ալան Հովհաննեսի, Էդուարդ Բաղդասարյանի, Գուրջիեւի ստեղծագործությունների կատարումով եւս։ Այս պահին մի բան էլ մտաբերեցի. Patmos փառատոնի շրջանակներում ունեցանք մեկ հայկական երեկո՝ Անուշի, Մայայի, ինչպես նաեւ իտալացի ու ֆրանսիացի երաժիշտների մասնակցությամբ։ Նրանք միասին մեկնաբանեցին Մանսուրյանի Agnus Dei կվարտետը՝ գրված ջութակի, թավջութակի, կլարնետի եւ դաշնամուրի համար, նաեւ Բաղդասարյանի Ռապսոդիան ու Խաչատրյանի Երգ-Պոեմը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031