Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ փառատոնը
2001 թվականից Հայաստանում գործող Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նպատակն է իրագործել մշակութային, կրթական, մարդու իրավունքներին նվիրված եւ սոցիալական ծրագրեր՝ ուղղված երեխաների եւ երիտասարդների ազգային եւ համամարդկային արժեքների դաստիարակությանը եւ բազմակողմանի զարգացմանը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, հիմնադրամը հանդիսանում է նաեւ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնի կազմակերպիչը, որն իր ձեւաչափով միակ մանկապատանեկան միջազգային հարթակն է ողջ տարածաշրջանում։
Փառատոնի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր ՀՀ մարզերում՝ սկսած 2006թ., ծրագրեր են կյանքի կոչվել Արցախում՝ սկսած 2007թ.:
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի եւ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի նախագահ Նունե Մանուկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը նվիրված է Հայ կինոյի 100-ամյակին, իսկ ծրագրում ներկայացված են միջազգային նոր արտադրության եւ հայկական հին ու բարի ֆիլմերը։
Կարդացեք նաև
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնն այս տարի նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 4-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ: Փառատոնի մեկնարկը կտրվի «Մոսկվա» կինոթատրոնում:
Ցավոք, ճակատագրի բերումով կրկին հայտնվել ենք դժվարին եւ ծանր իրավիճակում. տեղահանվել է ողջ արցախահայությունը, որոնցից 30000-ը երեխաներ են, իսկ երեխաները մեր ապագան են, հետեւաբար այժմ առավել կարեւոր է նրանց սեր, ջերմություն եւ ապագայի հույս տալը»,-ասաց մեր զրուցակիցը:
Տիկին Մանուկյանը հավելեց, որ երկար ժամանակ մտածում էին իրականացնել, թե ոչ փառատոնը, սակայն կրթության, մշակույթի եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ թեման քննարկելուց հետո, այնուամենայնիվ, որոշել են, որ փառատոնը պետք է կայանա: Նա հայտնեց, որ այս տարի փառատոնը կկրի «Դեպի հույս» խորագիրը, կանցկացվի Երեւանում ու Հայաստանի 4 մարզերում՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք: Շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից:
Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը 2017թ.-ից ի վեր փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ: Փառատոնի նախագահից տեղեկացանք, որ փառատոնի շրջանակում կիրականացվի «Վիշեգրադ+Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագրով ծրագիրը, որի գործընկերներն են Վիշեգրադի երկրներից (Հունգարիա, Սլովակիա, Չեխիա եւ Լեհաստան)՝ Սլովակիայից՝ «Superfilm» կինոարտադրող ընկերությունը, Հունգարիայից՝ «Kid’s Eye Art Association» ասոցիացիան, Լեհաստանից՝ «HumanDoc» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, Չեխիայից՝ «JUNIORFEST» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը եւ Վրաստանից՝ «Culture and Education Foundation» հիմնադրամը:
Նա հայտնեց, որ շարունակվում է «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ, ինչպես նաեւ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի հետ է համագործակցություն սկսվել: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը։ Տիկին Մանուկյանը խորհուրդ տվեց բոլորին փառատոնի ընթացքին եւ իրականացվող ծրագրերին հետեւել «Ռոլան» միջազգային փառատոնի rolanbf.com կայքէջի, ֆեյսբուքյան եւ ինստագրամյան պաշտոնական էջերի միջոցով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2023