Ըստ իրանագետ Էմմա Բեգիջանյանի՝ Իրանն իրականում չի ցանկանում ներգրավվել պաղեստինա-իսրայելական պատերազմում։
«Մեզ ձեռնտու կլինի այդ ամենի շուտափույթ ավարտը»,-«Առավոտի» հարցին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ո՞րը ելքը ձեռնտու կլինի Հայաստանին, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
Ըստ իրանագետի՝ եթե այս իրավիճակը շարունակվի, եւ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած լինի այդ իրադարձությունների վրա, հնարավոր է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն օգտագործեն այդ առիթն իրենց նպատակին հասնելու համար. «Հիմա աշխարհի ուշադրությունն ուղղված է այս իրադարձություններին, որ անգամ երրորդ պլան է մղվել ռուս-ուկրաինական առճակատումը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են այդ իրավիճակն օգտագործել իրենց նպատակին հասնելու համար։ Դրա համար մեր օգտին է, որ օր առաջ այս առճակատումն ավարտվի խաղաղությամբ»։
Նշենք, որ փորձագետները չեն բացառում՝ հնարավոր է Իրանը ներգրավվի իսրայելա-պաղեստինյան պատերազմում, նաեւ հավանական են համարում, որ Ադրբեջանը եւս դառնա թիրախ։ Էմմա Բեգիջանյանն այս առիթով ասաց. «Իրանը սպառնալիքներ հնչեցնում է, որ եթե ցամաքային ուժերը ներխուժեն, անպատասխան չի մնա, բայց Իրանն իրականում չի ձգտում, որ ներքաշվի։ Ադրբեջանը, բնականաբար, Իսրայելի ռազմավարական սերտ գործընկերն է։ Ինքը չի կարող անտարբեր մնալ։ Փաստորեն, նեղ օրերին, այսպես ասած, Իսրայելը իրեն օգնեց, հիմնականում մեր պարտությունների գլխավոր գործոններից մեկը հենց Իսրայելն էր։ Հաշվի առնենք նաեւ, որ 2016-ին հենց Իսրայելի մասնագետները դրոններ կիրառեցին, իսկ հետագայում ասացին, թե թուրքերն են եւ այլն։ Ադրբեջանը համարվում է Իսրայելի ռազմավարական գործընկերը, հետեւաբար եթե բռնկվի տարածաշրջանային բոլոր երկրների մասնակցությամբ պատերազմ, հաստատ չի բացառվում, որ Բաքուն էլ թիրախ դառնա, բայց դրա հավանականությունը շատ փոքր է։ Ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան եւ ընդհանրապես բոլոր երկրները, երբ ներքին լուրջ խնդիրներ են ունենում, աշխատում են ուշադրությունը ժողովրդի շեղել դեպի արտաքին քաղաքականությունը։ Նույն Ադրբեջանն իր փայլուն հաղթանակներով կարողացավ լռեցնել հասարակությանը։ Թուրքիան եւս դա արեց, որը տնտեսական բազմաթիվ խնդիրներ ունի։ Իրենք այս ֆոնին ուզում են թուրքական աշխարհը միացնել։ Պարզապես, եթե մի քիչ շատ ձգձգվի, գուցե առիթը օգտագործեն ու հասնեն իրենց չար նպատակին»։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ Իրանը չի ցանկանում ներգրավվել պատերազմում, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Իրանն առաջին օրվանից ասաց, որ մենք պաշտպանում ենք ՀԱՄԱՍ-ին, բայց որեւէ դերակատարություն չունենք այդ հարձակման ծրագրավորման հետ, որեւէ աջակցություն ցույց չենք տվել։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն էլ չի ցանկանում, որ այդպես ընդարձակվի պատերազմը, դրա համար էլ բազմիցս հայտարարել են, որ որեւէ փաստարկ չկա, որ Իրանը գործնականում մասնակցել է այդ գործողությունների պլանավորմանը։ Այսինքն՝ Իրանին ձեռք չի տալիս։ Իսրայելի վարչապետին գուցե ինչ-որ առումով ձեռնտու է, քանի որ ինքը ներքին խնդիրներ ուներ բարեփոխումների առումով, բայց հիմա հատուկ պատերազմական ժամանակահատվածում ընդդիմության հետ կառավարություն են ձեւավորել։ Ներքին հարցերը դարձել են այդ իմաստով 30-երորդական»։
Փաստեցինք՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չի բացառել Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը: Նա մասնավորապես հայտարարել էր. «Դիմադրության առաջնորդները» թույլ չեն տա Իսրայելին որեւէ քայլ ձեռնարկել Գազայի հատվածում, առաջիկա ժամերին նախատեսվում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Եթե մենք այսօր չպաշտպանենք Գազան, վաղը ստիպված ենք լինելու պաշտպանել մեր քաղաքները»։ Էմմա Բեգիջանյանին հարցրինք՝ ինչպե՞ս մեկնաբանել այս հայտարարությունները, նա պատասխանեց. «Իրենք միշտ այդպես են ասում։ Այն երկրները, որ անմիջապես Իսրայելի սահմանին են, համարվում են դիմադրության գոտի։ Իրենք սպառնալիքներ միշտ հնչեցնում են, բայց Իրանը բոլոր դեպքերում չի ցանկանում ներգրավվել։ Բազմիցս՝ ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք պաշտպանում են, բայց որեւէ առնչություն չունեն։ Իրենք դա համարում են պաղեստինցիների իրավունքը, բայց որեւէ առնչություն չունեն։ Իրանում լինում են ցույցեր, կառավարության մակարդակով խիստ քննադատություններ, բայց բոլոր դեպքերում իրենք պատերազմի մեջ ներքաշվելու ցանկություն չունեն, քանի որ հայտնի չէ, թե դա ինչով է վերջանալու, երբ է վերջանալու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2023