Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ քաղցած․ առողջական որ խնդիրներն են մեծացնում անընդհատ ուտելու ցանկությունը

Հոկտեմբեր 23,2023 09:30

Քաղցի զգացումը նորմալ է, երբ առաջանում է մի քանի ժամ չուտելուց հետո, սակայն երբ մարդուն (որն ունի կանոնավոր սնվելու հնարավորություն) մշտապես ուղեկցում է ուտելու ցանկությունը, ուրեմն նրա առողջության հետ ինչ-որ բան այն չէ։

Չհագեցող քաղցի զգացումը բժշկական գրականությունում պոլիֆագիա է կոչվում՝ դասվելով սննդային վարքի խանգարումների շարքին։

Փորձենք հասկանալ, թե առողջական որ խնդիրները կարող են մշտական քաղցի զգացում առաջացնել։

1. Դիաբետ

Մեր օրգանիզմը գլյուկոզն օգտագործում է որպես «վառելիք»՝ էներգիա ստեղծելու համար, սակայն դիաբետի դեպքում գլյուկոզը չի հասնում բոլոր բջիջներին, և օրգանիզմը փորձում է ստանալ այն՝ դրդելով մարդուն անընդհատ լրացուցիչ սնունդ ստանալ։ Մասնավորապես 1-ին տիպի դիաբետ ունեցող մարդիկ կարող են մեծ քանակով սնունդ օգտագործել և միաժամանակ քաշի կորուստ ունենալ։

Ախորժակի բարձրացումից զատ դիաբետի այլ ախտանշաններն են՝

  • Ծարավի ուժեղ զգացում,
  • հաճախամիզություն,
  • քաշի անբացատրելի կորուստ,
  • մշուշոտ տեսողություն,
  • վերքերի և կապտուկների ուշ ապաքինում,
  • ձեռքերի ու ոտքերի ցավ ու ծակծկոց,
  • հոգնածություն։

2. Արյան մեջ գլյուկոզի ցածր մակարդակ

Հիպոգլիկեմիան վիճակ է, երբ օրգանիզմում գլյուկոզի մակարդակը նվազում է նորմայի ստորին սահմանից։ Սա դիաբետ ունեցող մարդկանց համար նորմալ երևույթ է, սակայն կարող է առաջանալ նաև առողջական այլ խնդիրների պատճառով։ Այդ խնդիրների թվում են պատկանում հեպատիտը, երիկամների հիվանդությունները, ենթաստամոքսային գեղձի ուռուցքները, մակերիկամների կամ հիպոֆիզի հետ կապված խնդիրները։

Հիպոգլիկեմիայի ծանր դեպքերում մարդիկ կարող են խոսքի խանգարում, հավասարակշռության հետ կապված խնդիրներ ունենալ, ինչպես նաև՝

  • Անհանգստություն,
  • սրտի ռիթմի խանգարումներ,
  • գունատություն,
  • դող,
  • քրտնարտադրություն,
  • ծակծկոցներ բերանի շրջանում։

3. Քնի անբավարարություն

Քնի պակասը կարող է ազդել օրգանիզմի՝ քաղցը կարգավորող հորմոնների վրա։ Անքնությամբ տառապող մարդկանց ախորժակն ավելի մեծ է, նրանք ավելի ուշ են հագենում, ինչպես նաև հանգստի պակաս ունենալու դեպքում մեծանում է յուղոտ ու կալորիական սնունդ ընդունելու ցանկությունը։

4. Սթրես

Տագնապի, անհանգստության ժամանակ օրգանիզմն արտադրում է կորտիզոլ հորմոնը, որը մեծացնում է քաղցի զգացումը։ Սթրեսի մեջ գտնվող մարդկանցից շատերը նախընտրում են շաքարով, ճարպով հարուստ սնունդ՝ այդպիսով կարծես փորձելով «անջատել» գլխուղեղի այն հատվածը, որը ստիպում է անհանգստանալ։

Սթրեսը նաև առաջացնում է հետևյալ ախտանշանները՝

  • Զայրույթի բռնկումներ,
  • հոգնածություն,
  • գլխացավ,
  • քնի խանգարումներ,
  • աղեստամոքսային համակարգի աշխատանքի խաթարում։

5. Սննդակարգ

Ոչ բոլոր մթերքներն են հագեցնում նույն կերպ։ Հագեցածության զգացումն ավելի երկար է պահպանվում սպիտակուցներով (անյուղ միս, ձկնեղեն, կաթնամթերք) ու բջջանյութով (մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ մթերքներ, ընդեղեն) հարուստ սննդի օգնությամբ։

Ձկնեղենի, ընդեղենի կազմում առկա օգտակար ճարպաթթուները ևս բալանսավորված սննդակարգի բաղադրամաս են, որոնք սննդից հագեցածության զգացում են ապահովում։ Իսկ այ վերամշակված մթերքները, սպիտակ ալյուրով պատրաստված խմորեղենն ու հացաբուլկեղենը հարուստ են անառողջ ճարպերով ու ածխաջրերով, և դրանք ճաշակելուց քիչ անց մարդը կրկին քաղց է զգում։

Նաև քաղցն ավելի շուտ է հագենում և հագեցածության զգացումն ավելի երկար է պահպանվում, եթե սնվելիս ավելի երկար ժամանակ է հատկացվում ծամելուն, և սնման գործընթացը հաճույք է պատճառում։

6. Դեղորայք

Որոշ դեղամիջոցներ մեծացնում են սնվելու ցանկությունը։ Կողմնակի այդպիսի ազդեցությամբ են հայտնի հակահիստամինային դեղամիջոցները, հակադեպրեսանտները, ստերոիդները, դիաբետի դեմ պայքարող և հակափսիխոտիկ որոշ դեղամիջոցներ։

7․ Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ

Վահանաձև գեղձն արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են օրգանիզմի յուրաքանչյուր օրգանի աշխատանքը, և երբ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարվում է, դա անդրադառնում է ողջ օրգանիզմի վրա։ Թիթեռնիկ հիշեցնող այս օրգանի կողմից հորմոնների գերարտադրության՝ հիպերթիրեոզի կլինիկական նշանները ներառում են`

  • ախորժակի բարձրացումը՝ չնայած քաշի կորստին,
  • հիպերգլիկեմիան,
  • ծարավի ուժեղ զգացողությունը,
  • տագնապայնությունը,
  • տաքության անտանելիությունը,
  • մազաթափությունը,
  • մկանային ցավերը,
  • թուլությունը,
  • հոգնածությունը,
  • գրգռվածությունը,
  • պոլիուրիան (մեծ քանակի մեզ) և այլն։

Չհագեցող քաղցի առաջացմանը կարող են նպաստել նաև ջրազրկումը, ինտենսիվ մարզումները, հղիությունը և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Journal of Nutrition Education and Behavior

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031