Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մեր երկրի աշխարհաքաղաքական առանձնահատկություններից ելնելով՝ չի կարելի ռիսկի տակ դնել շուրջ 44000 ուսանողի». կրթության փորձագետն՝ «Ակադեմիական քաղաք»-ի մասին

Հոկտեմբեր 22,2023 22:17

Օրեր առաջ «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգը հաստատվեց կառավարության նիստում, որոշվել է, որ այն կստեղծվի ոչ թե Աշտարակում, այլ Երեւանի 17-րդ թաղամասում:

Aravot.am-ը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական ու միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ դիտարկումներ ունի այդ նախագծի վերաբերյալ: Տիկին Ֆլջյանը խոսեց ՀՀ կրթության և գիտության առաջնահերթություններից եւ ակադեմիական քաղաքի վերաբերյալ ներկայացրեց իր փորձագիտական կարծիքը:

«Երբ խոսում ենք բարձրագույն կրթության մասին, ապա պետք է գիտակցենք, որ այն կապված է նախ և առաջ այն վայրերի, շենքերի և շինությունների հետ, որտեղ իրականացվում են մասնագիտական կրթական ծրագրերը: «Համալսարանի շենքը» որպես հայեցակարգ, ներառում է նախ և առաջ այն պատմությունները, որոնք ուսանողները և դասախոսները կապում են այդ վայրի հետ: Դա հաստատության ինքնության, դրա հոգու և պատմության մի մասն է: Համալսարանի շենքերը բազմաթիվ պատմական իրադարձությունների ականատեսն են, դրանց հետ է կապված ականավոր գիտնականների տասնամյակների ներդնումը, նրանց դասախոսությունների բովանդակությունը և առանձնահատկությունները, շունչը, համալսարանների ձեռքբերումները, և  դրանք բոլորը միասին ուսանողների ներկա և ապագա սերունդների համար երկարամյա պատմության խորհրդանիշ են:

Երբ կառավարությունը կամ որևէ վարչակազմ փորձում է համալսարանը տեղափոխել իր պատմական շենքից այլ վայր, դա կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել.

  1. Պատմական ինքնության կորուստ. պատմական շենքից տեղափոխումը կարող է հանգեցնել  համալսարանի ինքնության մի մասի կորստի, որն այլևս չի կարող վերականգնվել:
  2. Զգացմունքային ասոցիացիաներ խեղում. բոլոր ուսանողների, դասախոսների և շրջանավարտների համար համալսարանի շենքը կապված է հիշողությունների, ավանդույթների և համալսարանին պատկանելու, դրա մի մասը լինելու կարևոր զգացողության հետ:
  3. Մշակութային ժառանգության պահպանում. պատմական շենքերը հաճախ ճարտարապետական ​​հուշարձաններ են և մշակութային նշանակություն ունեն քաղաքի և ամբողջ հասարակության համար:
  4. Կայունության և շարունակականության երաշխիք. հնագույն համալսարանական շենքերը ծառայում են որպես երկրում մշակութային և կրթական գործընթացի կայունության, տևողության և շարունակականության երաշխիք:

Մեր երկրի կրթության պատասխանատուները պետք է գիտակցեն, որ մենք՝ գլոբալ մրցակցությանը դիմակայելու համար շատ քիչ ժամանակ ունենք, եւ շենքեր և շինությունները չէ, որ պետք է լինեն մեր երկրի զարգացման գլխավոր օրակարգը՝ կրթության և գիտության զարգացման ոլորտում:

Ես սովոր եմ կառուցել իմ թեզերը և եզրակացություններ անել փաստերի և հաշվետվությունների վրա: Կարծում եմ՝ մեր երկրի  կրթական և գիտահետազոտական օրակարգը պետք է միտված լինի մեր երկրի կրթվածության մակարդակը բարձրացնելուն: Համաձայն միջազգային հետազոտությունների արդյունքների ՝ Հայաստանը մարդկանց կրթության տևողությամբ ՝ 78-րդ տեղում է, մասնավորապես, կրթության սպասվող տեւողությունը 13.1 տարի է, իրականը՝ 11.3 տարի, որը ցածր է նույնիսկ 12-ամյա կրթության շեմից․ համեմատենք՝ Վրաստանը 33-րդ տեղում է համապատասխանաբար՝ 15.6 և 12.6 տարի:  Հարկավոր է այնպես անել, որ ավելի շատ ՀՀ քաղաքացի ցանկություն ունենա ստանալ բարձրագույն կրթություն, իսկ պետությունը պետք է աջակցի, որ այն լինի հասանելի բոլորին, որակյալ և տարբերակված:

ՀՀ գլոբալ մրցակցության գործակիցը շատ ցածր է: Հայաստանը 69-րդ տեղում է (գործակիցը՝ 61.3 է): Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանը 63-րդ տեղում է (գործակիցը՝ 62.8), Թուրքիան 61-րդ տեղում է: Այս սանդղակում առաջատարը Սինգապուրն է՝ 84.8 գործակցով:

Այս երկրներից ոչ մեկը խնդիր չի դրել պատմական և մշակութային արժեք ներկայացնող շենքերը տեղափոխել քաղաքի ծայրամասային թաղամասեր: Հակառակը՝ այսօր մեր հարևանների մոտ ավելի է շեշտադրվում  մշակութային ժառանգության պահպանումը: Ըստ մեդիաաղբյուրների՝ Էրդողանը պահանջում է ցանկացած կինոնկար համեմել թուրքական որևէ գրական ստեղծագործությունից հատվածով, նա խստապահանջ է նույնիսկ այն թուրքական դիմանկարի հանդեպ, որը ներկայացվում է ժամանակակից թուրքական մշակութային գործերում:

Յուրաքանչյուր պատմական նշանակություն ունեցող շենք և շինություն գտնվում է Թուրքիայի նախագահի հովանու և անմիջական աջակցության ներքո»,-ասում է փորձագետը:

Նրա ձեւակերպմամբ. «Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի այլ, ավելի կարևոր առաջնահերթություններ: Որո՞նք են պարտություն կրած պետությունների առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ ինչպես պետք է զարգանա գիտությունը և կրթությունը մեր երկրում, որպեսզի բացառենք երկրորդ նմանատիպ եւ ավելի մեծ արհավիրքները մեր պետության եւ ժողովրդի համար ապագայում:

Որո՞նք են մեզ համար առաջնային խնդիրները: Հարկավոր է պետության ամբողջ ներուժն ուղղել  գիտական այն հետազոտությունների վրա, որոնք կավելացնեն երկրի սպառազինության կարողությունները, կվերականգնեն ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: ԱՄՆ-ը՝  Առաջին համաշխարհային պատերազմից հետո կարողացավ խնդիր դնել ռազմարդյունաբերության զարգացման հետ կապված և իր առջև դրված խնդիրը փայլուն լուծեց: Արդյունքում ԱՄՆ-ին հաջողվեց ստեղծել միջուկային զենք, զարգացնել ռազմարդյունաբերության այլ ոլորտներ: Նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղափոխեց գերմանացի առաջատար 1500 գիտնականի, որոնք ավելի մեծացրեցին ռազմարդյունաբերության հնարավորությունները, որի արդյունքում ԱՄՆ-ը ամրապնդեց իր դիրքերը միջազգային հարթակում: Հաջողության պատմություններ են Գերմանիայի Դաշնության և Ճապոնիայի զարգացման օրինակները:

Այս պահին գործընթացների էպիկենտրոնում գտնվում է մեր երկրի անվտանգությունը, եւ բոլոր ներդրումները հարկավոր է դիտարկել հենց այդ կարևոր գործոնի լույսի ներքո:

Իմ կարծիքով՝ առաջնահերթ է ներդնել գումարները գիտության զարգացման մեջ և մինչև 2030 ավելացնել գիտության ֆինանսավորումը, որը նշանակում է ինտենսիվ վերապատրաստումներ, դրամաշնորհներ շնորհալի գիտնականներին, արտագնա ցանցային համագործակցություն՝ Սփյուռքի գիտնականների ակտիվ ներգրավմամբ, ինչպես նաև հայտնի համաշխարհային համբավ ունեցող մասնագետների ներգրավում ՝ հատկապես ճշգրիտ գիտությունների ոլորտում՝ սպառազինության արդիականացման, դրանց տեսակների ընդլայնման, արբանյակների գործարկման և այլ առաջնահերթ ուղղությունների զարգացման ասպարեզում:

Իսկ ինչ վերաբերում է Երեւանի բեռնաթափմանը՝ մշակութային արժեք ներկայացնող կրթական հաստատությունները դատարկելու հաշվին, ապա ասեմ, որ դրա համար կարելի է գտնել այլ, ավելի արդյունավետ և ավելի փոքր ներդրում պահանջող լուծումներ: Կրթության հասանելիության կարեւոր գործոն է քաղաքային փոխադրամիջոցների կանոնակարգված գործարկումը՝ ըստ մեկնման և ժամանման ժամանակացույցի, որը հնարավորություն կընձեռի ուսանողին էժան և սահմանված ժամանակահատվածում հասնել համալսարան եւ չուշանալ դասերից: Իհարկե, դրա համար հարկավոր է ազատ երթուղիներ ունենալ՝ նախատեսված միայն քաղաքային տրանսպորտի համար, բայց, վստահ եմ, որ համապատասխան մասնագետները՝ իրենց գիտելիքները և կարողությունները ներդնելով՝ կգտնեն լավագույն լուծումները:

Մեր երկրի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ չի կարելի ռիսկի տակ դնել շուրջ 44000 ուսանողի, քանի որ մեկ ժամանակակից արկ հողին կհավասարեցնի այդ համալիրը, եւ դա կարժենա մեր ազգի համար՝ գենոֆոնդի կործանում իր բոլոր հետևանքներով:

Եվ, վերջապես, չմոռանանք, մեր երկրի սեյսմիկ խնդիրների մասին: Մեկտեղելով տարբեր հաստատություններ նույն տեղում՝ մենք ունենալու ենք աղետալի վիճակ, եթե հենց այդ հատվածում բարձր ուժգնության երկրաշարժ տեղի ունենա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031