Սյունիքի մարզի արդեն սահմանամերձ դարձած Հարթաշեն գյուղում վերջին անգամ կրակոցներ լսել են Արցախի վրա հարձակման օրերին՝ այս տարվա սեպտեմբերի վերջին տասնօրյակում։ Հարթաշեն գյուղը ադրբեջանական դիրքերից ընդամենը 4 կմ հեռավորության վրա է գտնվում այսօր։ Ադրբեջանական դիրքերից կրակոցներ գյուղացիները պարբերաբար լսում են։ «Կրակոցներից շատ վախեցանք, իջնում էինք նկուղներ։ Երբ սեպտեմբերի վերջին օրերին ղարաբաղցիները եկան Հայաստան, կրակոցները կտրվեցին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հարթաշենի բնակիչ 65-ամյա Ամալյա Մկրտչյանը։ Թեեւ այս օրերին կրակոցներ չկան, բայց գյուղացիների մեջ անորոշությունը մեծ է։ Գորիսի տարածաշրջանի՝ անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած գյուղերի բնակիչները չգիտեն՝ ի՞նչ է սպասվում իրենց հաջորդ օրը։
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Սյունիքի մարզ եւ դիրքեր տեղակայեցին, բռնազավթեցին ռազմավարական նշանակության բարձունքներ, Սյունիքի մեծ թվով համայնքներ հայտնվեցին թշնամու թիրախում։ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, Հարթաշեն, Վերիշեն, Տեղ, Խոզնավար, Արավուս, սրանք Գորիսի շրջանի այն գյուղերից են, որոնք անվտանգային լուրջ խնդիրներ ունեն այսօր, որոշ գյուղերի գյուղատնտեսական նշանակության հողերն ու արոտավայրերը ադրբեջանցիները բռնազավթել են։ Հարթաշենում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ «Ադրբեջանական դիրքերը մեր արոտավայրերին շատ մոտ են, արոտավայրերը դիտարկման տակ են, բայց գյուղացիները շարունակում են իրենց անասուններին հանդ տանել, մարդկանց ապրուստի միջոցը դա է։ Բայց Հարթաշենի տարածքում ադրբեջանցիները բարձունքներ չեն գրավել, այսինքն՝ իրենց դիրքերը բարձունքների վրա չեն։ Գյուղի վերջին տնից ադրբեջանցիները մոտավորապես 4 կմ հեռավորության վրա են»,- մեզ հետ զրույցում ասում է գյուղի բնակիչներից Հունան Մնացականյանը։ Հարթաշենում տղամարդիկ հերթափոխով նաեւ դիքեր են բարձրանում, ասում են՝ իրենց տունը նախ եւ առաջ իրենք պետք է պահեն։
«Վախվխելով ապրում ենք, էս ձեւի ապրելն ո՞ւմ է պետք։ Մարդիկ անորոշ ու խախտված վիճակում են։ Տղաս երեկ իրիկունը ասում էր՝ մեր տուն մարդ է մտել, ոնց որ դարպասը բացել են։ Մարդիկ շատ են վախենում, մոլորված են, չգտեն՝ ինչ են անում, ոնց են անում»,- նշեց Ամալյա Մկրտչյանը։ Եվ չնայած անվտանգային խնդիրներին, ըստ գյուղացիների՝ համայնքից հեռացող ընտանիքներ գրեթե չկա։ «Մարդիկ գնում են քաղաք, առեւտուր են անում, գալիս են գյուղ, սովորական ապրում են, ուղղակի երեխաներին վախենալով են դպրոց ուղարկում, մտածում են, թե հեսա կրակելու են։ Բայց մարտական ենք տրամադրված, մեր տղերքը մտածում են, որ պետք է կռիվ անել, պաշտպանվել։ Իրենք էլ գնում են դիրքերը, հերթապահություն են անում։ Օրինակ՝ մեր հարեւանի ջահել տղերքը գնում են դիրքեր»,- հավելեց տիկին Ամալյան։
Կարդացեք նաև
Անվտանգային հարցերի ի՞նչ լուծում են տեսնում գյուղացիները, այս հարցին մարդիկ պատասխանում են, որ «ղեկավարները պետք է լուծեն»։ «Այստեղ շատերը ղեկավարներին են մեղադրում, որ ոչ մի բան չեն անում։ Մեզ էլ՝ որպես սահմանամերձ համայնքի բնակիչների, ոչ մի օգնություն չեն տալիս։ Պետք է պաշտպանվել, թուրքը հիմա էլ Սյունիքով ճանապարհ է ուզում։ Մարդկանց կեսը հավատում են, որ ճանապարհ են տալու թուրքին, մյուս կեսը չեն հավատում։ Բայց ժողովուրդը վախենում են, որ եթե թուրքը մտնի Սյունիք, էլ դուրս չի գա։ Արդեն մտել է, իրենք ոնց ուզում, այդպես անում են։ Եթե թուրքը մտնի Գորիս, Երեւան չի գնա՞»,- հավելեց մեր զրուցակիցը։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին Հարթաշենում պատրաստ են եղել կացարան տրամադրել, բայց շատերը հրաժարվել են մնալ սահմանամերձ գյուղում։ «Մենք ուզում էինք մարդկանց բերել տեղավորել, բայց չուզեցին, շատերը գնացին Գորիս, Երեւան, այլ մարզեր։ Մի 3-4 ընտանիք մնացին գյուղում։ Դե իրենց էլ կարելի է հասկանալ, անվտանգության հարցից վախենում են։ Գյուղում մի տուն կա, այդ տան մոտից ադրբեջանցիների դիրքերը պարզ երեւում են։ Չենք իմանում ինչ անենք, փաստորեն լավ բանի չենք սպասում։ Ո՞ւր եթանք, ի՞նչ անենք։ Եթե արցախցները Հայաստան ունեին, եկան այստեղ, բա մենք ո՞ւր եթանք»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ