«Հայացք Երևանից» – Վստահ եմ՝ Արցախը միայն տարածք ու հող չէ։ Արցախը նաեւ արցախցին է։
Այս արհավիրքի մեջ այնպես ստացվեց, որ արցախցին եկավ, կանգնեց մեր կողքին։ Մնում է՝ ինքներս մեզ հարց տանք. իսկ մենք արցախցու կողքի՞ն ենք։
Արցախցին ինձ համար հայի ամենա-ամենաորակով տեսակն է։ Ավելին՝ ԱՐՑԱԽՆ իմ պատիվն է, իմ խիղճն է, ի վերուստ տրված իմ ճակատագիրն ու այսօրվա հայոց ԳՈՅԻ իմաստը։
Եթե այդպես է, եթե համամիտ եք, ապա մի՛ հապաղեք, առեք ԱՐՑԱԽՆ ու ԱՐՑԱԽՑՈՒՆ ձեր գիրկը։
Կարդացեք նաև
ԱՌՆԵ՛ՆՔ ՄԵՐ ԳԻՐԿԸ։
Սա մեր փրկության գուցե վերջին շանսն է…
Արցախցին նոր ավիշ է բերել հայաստանաբնակներին։ Հայրենազրկման իր ցավի մեջ նա ներկայացել է բոլորիս որպես ՀՈՒՅՍԻ ու ԿԱՄՔԻ բացարձակ արժեք։
Իր ներկայությամբ արցախցին սովորեցնում է ԲՌՈՒՆՑՔՎԵԼ, ՄԻԱԲԱՆՎԵԼ ու ՊԱՅՔԱՐԵԼ։ Պայքարել՝ արժանապատիվ ապրելու, հայոց հայրենիքին նոր շունչ հաղորդելու եւ նախնիների երազները վերջնականորեն չթաղելու, այլ դրանցով ԱՐԱՐԵԼՈՒ։
Իսկ արարումն արցախցու համար ՍԻՐՈ եւ ՆՎԻՐՈՒՄԻ ծնունդ է։
Արցախցին իր զուսպ, համբերող, բայց նաեւ սիրող ու պայքարող տեսակով մեզ համար շատ թանկ է, իսկ նրա ներկայությունը մեր կյանքում՝ ինքներս մեզ վերարժեւորելու, ինքնամաքրվելու եւ ազգային զարթոնքին ձգտելու կարեւոր հնարավորություն։
Եթե ընդունում ենք այս ամենը, ուրեմն կանգնենք ԱՐՑԱԽՑՈՒ կողքին։ Եթե անգամ չենք կարող այսօրվա իր դարդին դարման անել, ապա գոնե չվիրավորենք հայի գենին խորթ «հայաստանցի-ղարաբաղցի» ինքնաոչնչացման տանող եզրույթով։ Չվիրավորենք կեղծ բարեպաշտությամբ, հին հագուստ կամ այլ ոչ պիտանի իր որպես օգնություն բերելով։
Փոխարենը բերենք մեր անկեղծությունը, կարեկից լինելու շնորհը, մարդու կողքին մեր եղածով կանգնելու պատրաստակամությունը։ Արցախցուն ուրիշ բան պետք չէ։ Թող չկրկնվի Սումգայիթից, Բաքվից, իսկ ավելի ուշ՝ Իրաքից ու Սիրիայից իրենց հայրենիք ներգաղթածների բախտը եւ թող մեր քույրերին ու եղբայրներին չվանի թեկուզ մեկ հայաստանցու անխոհեմ խոսքն ու պահվածքը։
Թերեւս կհամաձայնեք, որ աշխարհում պատահական ոչինչ չի լինում։
Իմ պատկերացմամբ՝ Բարձրյալը մեզ համար մի նոր դուռ է բացել։ Մի նոր դուռ է բացվել՝ խելքի գալու, խորն զգալու ընդհանուր ցավը, ճանաչելու բարեկամին ու ճանաչելու թշնամուն, բռունցքվելու եւ մեզ բաժին հասած կյանքն ապրելու մարդավայել ու արժանապատիվ։
Ոչի՛նչ պատահական չի լինում։
Մեր հրաշք Արցախն աշխարհից կտրեցին ուղիղ ինն ամիս։ Ուղիղ ինն ԵՐԿՈՒՆՔԻ ամիս։ Իսկ հիմա՝ երկնում է երկինքն ու երկիրը։ Ի՞նչ կերկնի ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ։
Ամեն ինչ կախված է միա՛յն մեզնից։
Ուշքի գանք՝ փրկելու մեր պատիվը։
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ