Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Կապանում ֆուտբոլային տրամադրություն էր․ մարզադաշտում աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողներն էին (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 21,2023 21:54

Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ Կապանում անցկացվեց «Սյունիքի գավաթ-2023» ֆուտբոլի  սիրողական մրցաշարը։ Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Գերմանիայի, Եգիպտոսի եւ Լիտվայի լրագրողների հավաքականներից բացի,  ֆուտբոլային պայքարին մասնակցեցին  նաեւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը եւ Կապանի թիմը՝ որպես հյուրընկալող կողմ։ Ընդհանուր առմամբ 6 երկրներից 80 լրագրողներ 3 օր է, ինչ  Սյունիքում են։

Մրցաշարի կազմակերպմանն աջակցել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, մարզական լրագրող Էդուարդ Քալանթարյանը մի քանի  անգամ  մասնակցել է ավանդական դարձած այս մրցաշարին։ Ասում է՝ այն 19 տարի առաջ նախաձեռնել է Լիտվայի լրագրողների միությունը, եւ ձեռնարկը վարակիչ դարձավ եվրոպական շատ երկրների համար։ «Երկու անգամ այս մրցաշարը  կազմակերպել ենք Երեւանում,  այս անգամ որոշեցինք անցկացնել Սյունիքում։ Սա  մեծացնում է մրցաշարի աշխարհագրությունը եւ տարբեր երկրների լրագրողներ հնարավորություն ունեցան տեսնելու Սյունիքը»,-նշեց Էդուարդ Քալանթարյանը։

Մոլդովայի մարզական լրագրողների միության նախագահ Էդուարդ Չոբանոն Հայաստանում առաջին անգամ է։ Ճիշտ է՝ վայրէջքից հետո եղանակն անձրեւոտ էր, բայց Սյունիքում արդեն արեւոտ էր։ Երկու օրում հասցրել է լինել Տաթեւում, 10-րդ դարում կառուցված Վահանավանքի վանական համալիրում։ Հիացած է Հայաստանի դարավոր ճարտարապետությամբ եւ մշակույթով։ «Շաբաթ օրը հիասքանչ է, սիրում եմ լեռներն ու հիմա դիմացս  Կապանի խրոխտ սարերն են։ Ուղղակի հրաշալի է՝ նայել լեռներին ու ֆուտբոլ խաղալ»,-ասաց Չոբանոն։

Լրագրող-ֆուտբոլիստները եղան նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքում, ծանոթացան արդյունաբերական հսկայի աշխատանքին։ Քաջարանի մշակույթի կենտրոնի դահլիճում նրանց հանդիպեց կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ «Մեզ համար շատ կարեւոր է, որ Սյունիքը լինի ոչ միայն արդյունաբերական մարզ, այլ ունենա զարգացած մշակույթ, զարգացած սպորտ։ Թե՛ մարզային իշխանությունների, թե՛ համայնքային իշխանությունների հետ միասին միշտ համագործակցում  ենք տարբեր ոլորտներում։ Կարեւոր ուղղություններից մեկը ֆուտբոլն է, որն ուզում ենք զարգացնել»,-լրագրողների հետ զրույցում նշեց Վարդան Ջհանյանը։

Թեժ ու լարված պայքարից հետո մրցաշարի հաղթող դարձավ Մոլդովայի թիմը։ Երկրորդ տեղում Ռումինիայի թիմն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Կապանի թիմը։

Մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում Հայաստանի լրագրողների թիմն է։ Թիմի ավագ Էդուարդ Քալանթարյանի խոսքով, չնայած թեման ֆուտբոլն էր, բայց մրցաշարն այլ նպատակ էլ ուներ։ «Սա նաեւ համերաշխության, բարեկամության մասին է, լրագրողները շփվում են իրար հետ, նոր կապեր են ստեղծվում։ Դրանք հետագայում հնարավորություն  են  տալիս զարգացնելու մասնագիտական կարողությունները»,-նշեց Քալանթարյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031