Լրահոս
Օրվա լրահոսը

Այն միջավայրը, որն այսօր առկա է մեր հասարակությունում, ցավոք, այնքան էլ համերաշխ և հանդուրժող չէ․ Անահիտ Մանասյան

Հոկտեմբեր 21,2023 19:57

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվող «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովին, որի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին։

Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանն ընդգծել է միջոցառման կարևորությունը հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով միջավայրի սոցիալական արդարությանը, համերաշխությանն ու հավասարությանը նպաստելու տեսանկյունից:

«Կրթությունն ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ ինքս եմ դասավանդում և մշտապես սովորում: Վստահ եմ, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի: Կրթության պատշաճ համակարգի առկայությունը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կենսագործման տեսանկյունից: Հասարակական և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի հիմքում ընկած է համերաշխության գաղափարը, իսկ համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության», -ասել  է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:

Պաշտպանն արձանագրել է, որ այն միջավայրը, որն այսօր առկա է մեր հասարակությունում, ցավոք, այնքան էլ համերաշխ և հանդուրժող չէ, իր բնույթով ինչ֊որ տեղ նույնիսկ ագրեսիվ է:

«Դրա խորքային պատճառներն ու վերջիններիս լուծման ուղիներն առաջին հերթին թաքնված են հենց մեր կրթական միջավայրում: Խնդիրները վեր հանելու ուղղությամբ Պաշտպանը շարունակական աշխատանքներ է իրականացնում: Դրանցից է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացրած` բուլինգին առնչվող մեր համատեղ ծրագիրը, որի արդյունքների վերաբերյալ  շուտով հանդես եմ գալու արտահերթ զեկույցով», – նշել է Պաշտպանը:

Ավարտելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին այս կարևոր հարթակը ստեղծելու համար:

«Կրթության միջոցով համերաշխ հասարակական միջավայր ձևավորելու առումով չափազանց կարևոր, նույնիսկ առաջնահերթ է ձեր` ուսուցիչների դերը: Բացի գիտելիք փոխանցելուց, դուք բոլորի համար ունեք նաև մոդելային վարքագիծ։ Եվ այդ մոդելային վարքագիծն է նաև, որ կարող է էական դերակատարություն ունենալ համերաշխ ու հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է այդ առումով առավելագույն պատասխանատվությամբ իրականացնի իր առաքելությունը», – հայտարարել է Պաշտպանը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը հանդես է գալու բանախոսությամբ և խոսելու է «Ուսուցիչ-ծնող արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի» թեմայի շուրջ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031