Մարալիկի Հաղթանակ զբոսայգում այսօր բացվել են հուշարձան և հուշատախտակ` նվիրված հայրենիքի համար կյանքը զոհաբերած անեցի հայորդիների հիշատակին։
Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը` նշելով, որ առանձնակի ակնածանքով է այսօր այցելել Անի համայնք. «Այսօր մի միջոցառման ենք մասնակցում, որը հպարտության և միաժանակ տխրության զգացում է բերում մեզ։ Այժմ ևս մեկ առիթ է ոգեկոչելու, երախտիքի խոսքեր հղելու այն հերոս հայորդիների հիշատակին, ովքեր թշնամու դիմաց կանգնեցին աներեր ու չերկնչեցին, կռվեցին մինչև վերջին շունչը։ Այս հուշարձանը լուռ վկան կդառնա բոլոր այն անեցի տղաների, ովքեր նահատակվել են հանուն հայրենի հողի։ Հարկավոր է միշտ հիշել, որ մեր լուսեղեն զավակներն ամենաթանկը՝ իրենց երիտասարդ կյանքը, նվիրաբերեցին հայրենիքին։ Հիշել ու մեր սերունդներին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Վստահ եմ՝ հաղթանակներ դեռ տոնելու ենք, քանզի հայոց հողն ու հայ մայրերը միշտ առյուծ զավակներ են լույս աշխարհ բերել, այսուհետ էլ այդ կերպ է լինելու։
Ես խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առջև, նրանց ծնողների առջև, որ ուժ են գտել իրենց մեջ ապրելու, ոմանք նորից ծնող դառնալու և կրկին հայրենասեր սերունդ դաստիարակելու։
Նրանց կյանքի ու քաջության շնորհիվ ապրում ենք այսօր և մեզ մնում է ապրել՝ գիտակցելով նրանց անձնազոհությունը, մեր ապրելու ամենամեծ պատգամն ու պարտավորությունը պետք է լինի միասնականությունն ու մեր երկիրը շենացնելու անկոտրում կամքը։
Կրկին ու կրկին փառք ու խոնարհում հայրենիքի համար ընկած մեր հերոսների հիշատակի, նրանց ծնողների, ընտանիքների առջև»։
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։
Միջոցառմանը մասնակցել են հերոսների հարազատները, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, աշխատակազմի պատասխանատուներ, Արթիկ և Ախուրյան համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, զինվորականներ, հյուրեր։
Հուշարձանի և հուշատախտակի բացումից հետո, ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հերոս հայորդիների հիշատակին։
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ