Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա դրությամբ 55 000-ից ավելի անձ ուղղորդվել է կեցավայրեր, ավելի քան 25 000 անձ սեփական նախաձեռնությամբ գտել են իրենց կեցության վայրը․ Վաչե Տերտերյան

Հոկտեմբեր 21,2023 17:34

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը:

Նազելի Բաղդասարյանը նախ ներկայացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 15207 անձի հոկտեմբերի 20-ին վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցությունը (նրանցից անչափահաս՝ 9447 անձ, չափահաս՝ 5760 անձ)։ Այսպիսով` մինչ այս պահը ծրագրից արդեն իսկ օգտվել է ավելի քան 95200 անձ։ Վճարման գործընթացը շարունակվում է։ Նա հիշեցրել է, որ 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող կամ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք այդ գումարը կարող են ստանալ Հայփոստի միջոցով: Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կմեկնարկի բնակարանների վարձակալության (40 000 դրամ) և կոմունալ ծախսերի (10 000 դրամ) համար նախատեսված գումարների փոխանցումը:

ԿԳՄՍ նախարարության կողմից փոխանցած տվյալների համաձայն, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 20-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 15388 երեխա, այդ թվում՝ Սյունիք 585, Վայոց ձոր 324, Գեղարքունիք 737, Արարատ 2085, Կոտայք 2873, Արագածոտն 720, Արմավիր 1298, Շիրակ 629, Լոռի 905, Տավուշ 477, Երևան 4791:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է, որ այսօրվա դրությամբ 55 000-ից ավելի անձ ուղղորդվել է կեցավայրեր, ավելի քան 25 000 անձ սեփական նախաձեռնությամբ գտել են իրենց կեցության վայրը: «Վարչական բոլոր ղեկավարները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, ամենօրյա ռեժիմով գնահատում են նրանց կարիքները, ինչպես նաև տարվում է ընթացիկ հաշվառում, որովհետև պրոցեսը դինամիկ է»,- ասել է Վաչե Տերտերյանը՝ ընդգծելով, որ բռնի տեղահանված անձինք մշտական հոգածության ներքո են գտնվում: ՏԿԵ նախարարի տեղակալի ներկայացմամբ, վերջին 3-4 օրվա ընթացքում հյուրանոցները և հյուրատները թողել և իրենց ընտրությամբ բնակության այլ վայրեր են տեղափոխվել շուրջ 1000 մարդ:

Վաչե Տերտերյանն ընդգծել է, որ կառավարությունն ավելի քան 2 մլրդ 260 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին: Գումարները տրամադրվել են մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի/հյուրատան և կենցաղային առաջին անհրաժեշտության ամենատարբեր խնդիրները լուծելու համար:

Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ չնայած այս փուլում Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց տրվում է կանխիկ եղանակով, սակայն հետագա օժանդակության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ կլինի բացել բանկային քարտային հաշիվներ: Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ Կառավարության այս մոտեցումը կապված է իրականացվող գործընթացները թափանցիկ իրականացնելու հետ:

Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն, այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 41.280 հայրենակից է գրանցվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ:

ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը 151 է: Վերջին շաբաթվա ընթացքում 100 բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ: 88 երեխա է ծնվել Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում՝ 45-ը` Երևանում, 43-ը` մարզերում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031