Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեպի Ադրբեջան հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Ադրբեջանին նման զենք չի հատկացրել․ «Հետք»

Հոկտեմբեր 21,2023 13:44

2017-2018 թթ. փաստաթղթերով դեպի Իսրայել, իսկ իրականում դեպի Ադրբեջան հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե ինքն Ադրբեջանին նման զենք չի հատկացրել: Փաստացի գործել է զենքի տեղափոխման Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան երթուղին, ու հիմա, ինչպես նախկինում, պաշտոնական Բրատիսլավան հայտարարում է, թե զենքը նախատեսված է եղել բացառապես Իսրայելի համար, չնայած որ այն վաղուց Ադրբեջանում է, ավելին՝ Ադրբեջանն այդ հրետանային միջոցները կիրառել է, մասնավորապես, իր իսկ սանձազերծած 44-օրյա պատերազմում:

Ինչպես լրագրողները փաստի առաջ կանգնեցրին Սլովակիայի իշխանություններին

Սլովակիայից Իսրայելի միջոցով զենք արտահանելու կեղտոտ գործարքի վրա լույս սփռեցին չեխ հեռուստալրագրողները, որոնք 2017-2018 թթ. հեռարձակված մի քանի հաղորդումներով ցույց տվեցին, թե ինչպես է Սլովակիայի «MSM» ընկերությունը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի «Czechoslovak Group»-ին, Ադրբեջան արտահանել 122 մմ տրամաչափի «RM-70» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ, խորհրդային/ռուսական «Գրադի» նմանակն է) եւ 152 մմ տրամաչափի «Dana» ինքնագնաց հաուբիցներ, որոնք օգտագործված են եղել: Այս գործարքին անդրադարձել էր նաեւ Սլովակիայի «Dennik N» պարբերականը: Չեխ եւ սլովակ լրագրողները ներկայացրել էին նաեւ Սլովիակիայում ՀՀ այն ժամանակվա (2012-2018 թթ.) դեսպան Տիգրան Սեյրանյանի քննադատությունը պաշտոնական Բրատիսլավայի հասցեին:

«RM-70» ՀԿՌՀ-ների ու «Dana» հաուբիցների արտադրությունն սկսվել է դեռ 1970-80-ական թթ., երբ գոյություն ուներ միասնական Չեխոսլովակիան: Երկու զինատեսակներն էլ թողարկվում էին Սլովակիայի Դուբնիցա նադ Վահոմ քաղաքում: «Dennik N»-ը նշում է, որ Յարոսլավ Ստրնադի ընկերություններն այս զինատեսակները ձեռք էին բերել նախկին Վարշավյան պայմանագրի պետությունների բանակների ավելցուկներից: Դրանք հետագայում վերանորոգվել են, արդիականացվել, փորձարկվել ու գտել նոր հաճախորդներ, որոնք պատրաստ էին վճարել:

Զենքի առեւտրի ուսումնասիրության մեջ մասնագիտացած Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտն (SIPRI) իր վիճակագրության մեջ նշել է, որ 30 հատ «RM-70»-ների պատվերն Ադրբեջանը հավանաբար տվել է 2016-ին, իսկ առաքումը կատարվել է 2017-2018 թթ.: Սակայն որպես առաքող երկիր «SIPRI»-ն նշում է Չեխիան՝ հավելելով, որ տեխնիկան եղել է օգտագործված, բայց առաքումից առաջ վերանորոգվել է, իսկ արտահանումը կատարվել է Սլովակիայի ու Իսրայելի միջոցով: Իսկ ահա 36 հատ «Dana» հաուբիցների պատվերը, ըստ շվեդական ինստիտուտի, ադրբեջանցիները տվել են հավանաբար 2012-ին, մատակարարումները կատարվել են 2017-2018 թթ.: Առաքող երկիրը եղել է Սլովակիան, տեխնիկան եղել է օգտագործված, սակայն վերանորոգվել է մինչեւ առաքումը:

Այդուհանդերձ, չեխ եւ սլովակ լրագրողները նշել էին, որ «RM-70»-ների եւ «Dana»-ների արտահանողը եղել է Ստրնադի «MSM»-ը, որին դեպի Իսրայել զենք արտահանելու թույլտվությունը տվել էր Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը: «MSM»-ն իր հերթին հայտարարել էր, թե զինտեխնիկան նախատեսված է եղել իսրայելական «Elbit Systems» ընկերության համար, որը, հիշեցնենք, Ադրբեջանի խոշոր ռազմական մատակարարներից է:

«Մենք բազմիցս կրկնել ենք, որ մեր ընկերությունը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան եւ խստորեն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրենսդրությունը: Մեր հաճախորդը «Elbit Systems»-ն է եւ վերջնական օգտագործողը՝ Իսրայելի Պետությունը»,- հայտարարել էր «MSM»-ի մամուլի քարտուղարը: Դեսպան Սեյրանյանն իր հերթին նշել էր, որ եթե «ամեն ինչ մաքուր է թղթի վրա», դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդը կարող է կարծել, թե «Czechoslovak Group»-ը չգիտեր, որ ՀԿՌՀ-ներն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան»,- ասել էր նա:

Չեխ լրագրողները զրուցել էին «MSM»-ի աշխատակիցներից մեկի հետ, որը պատմել էր, որ Սլովակիայում վերապատրաստվել են ադրբեջանական բանակի տեխնիկները, որպեսզի կարողանան զենքը սպասարկել: «Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապես մեկնում էին Ադրբեջան: Ավելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մոտ: Օրինակ՝ հոկտեմբերին 5 մեխանիկներ վերապատրաստվել են Սլովակիայում 3 օրվա ընթացքում, որպեսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել»,- պատմել էր աղբյուրը՝ նկատի ունենալով 2017 թ. իրադարձությունները: Տիգրան Սեյրանյանը նաեւ ուշադրություն էր հրավիրել ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության կողմից պարբերաբար դեպի Բրատիսլավա կատարվող բեռնատար թռիչքներին. «Կան հստակ ապացույցներ, որ ադրբեջանական ավիաընկերության բոլոր թռիչքները Բրատիսլավայից մեկնում են իսրայելական Օվդա կամ Թել Ավիվ քաղաքներ, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանի մայրաքաղաք»:

Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է արդարանալու փորձերը

Վերադառնանք ժամանակին Պետեր Ժիգայի ղեկավարած ԷՆ-ի կողմից «MSM»-ին դեպի Իսրայել (իրականում՝ Ադրբեջան) զենք արտահանելու թույլտվությանը:

Յան Կուցիակի անվան հետաքննական կենտրոնի (Investigative center of Jan Kuciak) իր գործընկեր լրագրողների միջոցով «Հետքը» որոշ մանրամասներ է պարզել 2017-2018 թթ. դեպի Ադրբեջան հրետանու առաքումների մասին: Մեր գործընկերներին խնդրել էինք հետարքրքվել, թե ինչ ընթացքում է ԷՆ-ի կողմից ժամանակին հայտարարված հետաքննությունը, ինչ է պարզվել դրա արդյունքում: Կուցիակի անվան կենտրոնը հարցեր է ուղարկել ԷՆ, որի պատասխանները, ինչպես եւ սպասվում էր, խուսափողական են:

-Տեղեկություններ ունե՞ք «Dana»-ի, «RM-70»-ի կամ ցանկացած այլ զենքի՝ Սլովակիայից Ադրբեջան արտահանման մասին:

-Սլովիակիայի էկոնոմիկայի նախարարությունը վերջին 10 տարում չի տրամարդել արտահանման լիցենզիա՝ «Dana» հաուբիցներ եւ «RM-70» համակարգեր դեպի Ադրբեջան արտահանելու համար:

-Տեղեկություններ ունե՞ք, թե, բացի 2018 թ. միջնորդավորված մատակարարումներից, Սլովակիայից դեպի Ադրբեջան ինչ այլ զենք կամ սպառազինություն է արտահանվել:

-Ինչպես արդեն նշվեց վերեւում, Սլովակիայի ԷՆ-ն վերջին 10 տարում դեպի Ադրբեջան զենքի կամ սպառազինության արտահանման որեւէ լիցենզիա չի տրամադրել: Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի՝ վիճակագրորեն արտահայտված ամբողջ արտահանումը դեպի Ադրբեջան բացառապես «Božena» ականազերծման համակարգի ու դրա պահեստամասերի արտահանումն է մարդասիրական նպատակներով։

-Տեղեկություններ ունե՞ք այն մասին, թե արդյոք Սլովակիայից զենքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում վերջին տարիների ռազմական գործողությունների ժամանակ, վերջին անգամ՝ այս տարի: Օրինակ՝ «Dana» հաուբիցները կամ «RM-70» ռեակտիվ համակարգերը:

-Սլովակիայի ԷՆ-ն չունի իրավական հնարավորություններ եւ իրավասություններ՝ իրատեսորեն ստուգելու այն փաստը, թե արդյոք վերջին տարիներին Սլովակիայից զենքը միջամտել է Լեռնային Ղարաբաղի համար մղվող մարտերին։ Սակայն, ինչպես երեւում է վերը նշված ինֆորմացիայից, Սլովակիայի ԷՆ-ն վերջին 10 տարում չի տրամադրել դեպի Ադրբեջան զենքի արտահանման որեւէ լիցենզիա, ինչը նշանակում է, որ Սլովակիան ակնհայտորեն չի եղել այդ ժամանակահատվածում դեպի Ադրբեջան որեւէ սպառազինություն արտահանող երկիր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարում՝ «Dana» ինքնագնաց հաուբիցները՝ Բաքվում ընթացող ռազմական շքերթում, 26.06.2018, prezident.az

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031