Իշխանությունն այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում, չնայած այն բանին, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքը, ՔՊ-ականների պնդմամբ, անգործություն է ցուցաբերել իր անդամ երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պահպանելու հարցում։
Անվտանգային ոլորտի դաշնակիցներից մշտապես բողոքող Նիկոլ Փաշինյանը, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանի առջեւ ունեցած ելույթում ներկայացնելով 2020-ից այս կողմ ստեղծված իրավիճակը, առանց Ռուսաստանի անունը տալու, հայտարարեց․ «Մեր անվտանգային ոլորտի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել արտաքին ագրեսիայի ժամանակ, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել»։
Իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է՝ ՀԱՊԿ-ն չմիջամտեց, երբ իր անդամ երկրի՝ Հայաստանի սուվերեն տարածքները պահելու խնդիր առաջացավ։
Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ «ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին թիմի ներսում չի քննարկվում», թեեւ ՀԱՊԿ-ի աշխատանքն անարդյունավետ է համարում։ «Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն դաշինքը չմիջամտեց եւ քաղաքական դիրքորոշում չհայտնեց այն մասին, որ Հայաստանի ինքնիշխան տարածք է օկուպացվել։ Այս իմաստով ես արդյունավետ չեմ համարում ՀԱՊԿ-ի աշխատանքը, եթե արդյունավետ լիներ, կարձագանքեր։ Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա բազմիցս ենք ասել, որ ՀԱՊԿ-ն է կարծես թե իր ներկայությունը Հայաստանից հետ քաշել»,- ասաց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում