Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադ Փափազյան. Իր քաղաքականությամբ Փաշինյանը տկարացրեց հայկական կողմին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2023 10:20

«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրեց՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրեց․ 5 տարվա ընթացքում նա կարողացավ կորցնել Արցախն ու վտանգի տակ դնել Հայաստանը»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ապահովել հայ ժողովրդի, հայ ազգի համար անվտանգային քաղաքականություն։ Իր մեթոդներով, իր որոշումներով, իր քաղաքական գծով ինքը վտանգի տակ դրեց Հայաստանն ու Արցախը՝ Արցախն արդեն իսկ կորցրինք, եւ այսօր Հայաստանը լուրջ վտանգի առջեւ է, որովհետեւ Ալիեւը քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան է, եւ Ադրբեջանը պիտի վերականգնի իր իրավունքները Հայաստանի վրա։ Փաշինյանն ընտրեց անպատասխանատու քաղաքականությունը․․․ Երբ որ ունենք ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի հետ եւ երբ որ գիտենք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, վիճակը, երբ Ադրբեջանը լուրջ ձեւով տասնյակ տարիներով զինվում է, չենք կարող Ռուսաստանի՝ ռազմավարական դաշնակցի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վարվում։ Կապ չունի՝ սիրում ենք, թե չենք սիրում Ռուսաստանը, կապ չունի՝ համաձայն ենք, համաձայն չենք Ռուսաստանի գծի հետ, կարեւորն այն է, որ երբ երկիր ենք ղեկավարում, եւ Հայաստանի պես աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող երկիր է, առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Փափազյանը։

Նա կարծում է, որ 5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ այդ ուժն ունենալ՝ 5 տարում կորցնել Արցախը եւ վտանգել Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում, երբ նույնիսկ Փաշինյանն է խոսում Ադրբեջանի կողմից հարձակման մասին, ինչո՞ւ է շարունակում քննադատել, դեմ խոսել Ռուսաստանին, որի հետ ռազմավարական դաշնակցության փոխօգնության պայմանագրեր ենք կապել։

«Կարող ենք դատապարտել Ռուսաստանի կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմական կոնտեքստի մեջ, Արցախի հայաթափման քաղաքականության հարցում իր դերը չխաղաց Ռուսաստանը՝ կարող ենք դատապարտել, բայց Հայաստանի վարչապետը պետք է լավ հասկանա ռիսկերը, ու նա շարունակում է այդ ռիսկերը վատ ձեւով կշռել։ Իր քաղաքականությամբ Փաշինյանը տկարացրեց հայկական կողմին՝ ոչ միայն Արցախը կորցնելով ու հայաթափելով։ Նաեւ շարունակում է պառակտել, այդ նույն սփյուռքը փորձում է տկարացնել՝ իր նախաձեռնություններով»,- ասում է ֆրանսահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչը։

Փափազյանը նշեց, որ ապրում է Ֆրանսիայում, որը մաս է կազմում Արեւմուտքին՝ ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ինքը մեծացել ու կայացել է այս մթնոլորտի մեջ, ու իրեն պրոռուս չեն կարող համարել։ Սակայն պետք է պրագմատիկ լինել, պետք է սթափ դատել ու գնահատել իրավիճակը։ Քաղաքական նախընտրություններ կարող ենք ունենալ, սակայն առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ ճիշտ որոշումներով, այնինչ 5 տարվա ընթացքում Փաշինյանը միայն սխալ որոշումներ է կայացրել։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031