Յուրաքանչյուր գործչի հայտարարությունները գնահատելու համար պետք է նայել այդ հայտարարությունների համապատասխանությունը նրա գործողություններին։ Իսկ Փաշինյանի գործողությունները հակասում են նրա հայտարարություններին, բայց համապատասխանում են 2001 թվականին նրա կողմից գրված հոդվածներին։ Փաշինյանը նախ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ապա ամբողջ աշխարհի առաջ լեգիտիմացրեց Արցախի էթնիկ զտումը, ու հիմա բռնի տեղահանվածներին տեղավորելուց բացի այլ թեմա չի բարձրացվում, այն դեպքում, երբ Արցախի հայության դեմ լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել։
Եվ որքան էլ հիմա փորձ արվի այլ մեղավորներ գտնել, փաստը մնում է փաստ, որ հենց Փաշինյանն է պատմության մեջ մնալու որպես Արցախը հանձնած, Արցախում էթնիկ զտումների պատճառ դարձած ղեկավար։ Ու նրա անունը պատմության դասագրքերում կգրվի Պետրոս Գետադարձի ու Վեստ Սարգսի անունների կողքին, ովքեր Բյուզանդիային հանձնեցին Անիի բանալիները։ Եվ քանի որ Արցախի թեման Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունները փակված են համարում, ապա հիմա հերթը միջանցքինն է։ Մի օր էլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության անվան տակ կարող է հանձնել միջանցքը, ինչպես իր հոդվածում էր գրում ժամանակին։ Պատահական չէ, որ Էրդողանը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի հետ է։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը ոչ թե հայկական շահերն է առաջ մղում, այլ սեփական անձնական շահերը և իշխանության մնալու համար աճուրդի է հանել պետության շահերը։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում