Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական եւ բարոյական նորմերը չեն գործում

Հոկտեմբեր 21,2023 10:00

Միջազգային հարաբերություններում երբեք չեն գործել եւ երբեք չեն գործելու բարոյական չափանիշներ: Կարելի է անեծքների տարափ տեղալ ռուս խաղաղապահների գլխին, որոնք Արցախում չկանխեցին կոտորածը, կարելի է հայհոյել ՄԱԿ-ին, որը «դիտորդական առաքելություն» ուղարկեց միայն կոտորածից հետո, կարելի է գոռալ, որ մեզ «դավաճանել են» սրանք կամ նրանք, բայց մեր այդ բողոքներն ու ցասումը որեւէ ազդեցություն չեն ունենա միջազգային քաղաքականության վրա:  Այնտեղ գործում է միմիայն ուժերի բալանսը:

Չհասկանալով դա՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը գավառական ինքնահավանությամբ իրեն դրել է համաշխարհային մասշտաբի գործչի տեղ եւ կարծում է, որ կարող է որոշիչ դեր խաղալ Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ դիմակայման մեջ՝ դառնալով կողմերից մեկի դաշնակիցը: Այդ ամենն, ի վերջո, գալիս է պատմական գրքեր, ինչպես նաեւ ներկա իրավիճակի լուրջ վերլուծություններ չկարդալուց: Ծանոթ լինելով իրադարձություններին հիմնականում ֆեյսբուքյան ստատուսներից՝ Փաշինյանը աչքաթող է արել անգամ, օրինակ, Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքի որոշակի փոփոխությունը: Եթե հաշվի առնենք նաեւ, որ Ուկրաինան Արեւմուտքի համար 100 անգամ ավելի կարեւոր է, քան Հայաստանը, կարելի է հասկանալ, թե որքան հեռու է մեր իշխանությունը իրականությունից:

Միջազգային հարաբերություններում այս պատմական շրջանում չեն գործում նաեւ իրավական մեխանիզմները՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, առանձին երկրները ոչինչ չկարողացան անել Արցախում ազգային զտումների դեմ (եթե նույնիսկ ենթադրենք, որ ուզում էին): Դա, ի դեպ, նշանակում է, որ երբ ՔՊ-ականներն ակնարկում են, որ իրենք ընդունում են Հռոմի ստատուտը՝ «Ալիեւին բռնելու» համար, նրանք կա՛մ անմեղսունակ են, կամ էլ պարզապես խաբում են: Այս «անիրավ» վիճակը կարող է շարունակվել տարիներ եւ նույնիսկ՝ տասնամյակներ, մինչեւ որ գերտերությունները չպայմանավորվեն աշխարհակարգի նոր ճարտարապետության մասին: Այդ պարագայում նրանց «ոտի տակ ընկնելը» հիմարության գագաթնակետն է:

…Կարելի է, իհարկե, սոցցանցերի հայաստանյան հատվածում մարդկանց բերանը ծեփել «ռսաստրուկ» տիպի հայհոյանքներով, բայց դրանից, հավատացնում եմ ձեզ, աշխարհում իրավիճակը չի փոխվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելի Արամ Աբրահամյան, Դուք և լրատվական դաշտի մի քանի օբյեկտիվ վերլուծողներ կարևոր հարցեր եք բարձրացնում ու դիպուկ եզրահանգումների եք գալիս: Սակայն երկարատև շարունակելու դեպքում դա կդառնա ձեր լսարանի սովորական զբաղմունքը և տեղում դոփելու անպտուղ կենսակերպ կառաջացնի: Կներեք անհամեստությանս համար, սակայն գնահատելով Ձեր ներուժը և հասարակության պրագմատիկ շերտի վրա Ձեր ազդեցությունը, կարծում եմ, որ ավելի շատ վերլուծություններ պետք է կատարել «իսկ ի՞նչ անել այս իրավիճակում», «ինչպե՞ս դուրս գալ այս կործանարար ճահիճից», «ինչպես ազատվել Հայաստանը կործանման տանող նիկոլից, որին աջակցում է ռուս-թուրքական դաշինքը, ինչպես նաև՝ արևմուտքը», «ինչպե՞ս անել, որ նիկոլին չհաջողվի պառակտել առանց այն էլ հեշտ պառակտվող մեր հասարակությանը (հիմա էլ արցախցուն է Արցախի վտարանդի ղեկավարի դեմ բորբոքում, որ ինքը արցախցու բողոքներից պլստա)» և վեջապես՝ «ի՞նչը կարող է այս իրավիճակում լինել հայ հասարակությանը համախմբելու գաղափարը կամ թեման (1988-ին այդ թեման Արցախն էր, իսկ այս ծանր իրավիճակում մարկանց համախմբող թեմա չկա՞)»: Մի խոսքով, առաջարկում եմ տեղապտույտից առաջ շարժվել և փորձել գտնել հայ էլիտային և քաղաքական ազդեցիկ գործիչներին համագործակցության դաշտ բերելու դժվար լուծումը (1988-ին դա ստացվեց): Հասկանալի է, որ նիկոլը և նրա պատվիրատուները դրա դեմ կպայքարեն (երբ նրանք սկսեն կատաղի պայքարել, դա կնշանակի, որ ճիշտ ճանապարհն ենք ընտրել):

  2. Լավատես says:

    Նորմալ ընտանիքից նորմալ համայնք է ծնվում եւ ինչքան շատ են նորմալ ընտանիքները համայնքում, այնքան հզոր է համայնքը, նորմալ համայնքից նորմալ պետություն է ծնվում եւ ինչքան շատ են նորմալ համայնքները պետությունում, այնքան ուժեղ է պետությունը,.. նորմալ կայսրություններ, նորմալ Մարդկություն:
    Այսօր Մարդկությունը ճգնաժամի մեջ է եւ մենք կարող ենք դառնալ Մարդկության առողջացման դեղահաբը, եթե սկսենք նորմալացնել ընտանիքը եւ դրանով արդյունքում շղթայական ռեակցիայով կառողջացնենք մեր համայնքները, պետությունը,.., Մարդկությանը: Ճգնաժամի գլխավոր պատճառը՝ դա ժողովրդավարության ստագնացիան է, այն այլեւս չի զարգանում, իսկ այն, ինչ չի զարգանում, այն հետադիմում է: Մեր մտավորականությունը թող ներկայացնի նորմալ իդեալական հայ ընտանիքի նորմերն ու սկզբունքները, ինչպես պետք է ձեւավորվի ընտանիքում պատասխանատվության բաշխումն ու պաշտոնները, ով պետք է լինի հրամանատարն ու նրա հրամանները կատարողները, ով ունի խորհրդատվական ձայնի իրավունք, ով որոշիչ ձայնի իրավունք: Մենք պետք է վերցնենք մեր պապուպապերի հայ ավանդական ընտանիքի արժեքները, դրանց ավելացնենք մեր այսօրվա ստեղծած արժեքներն ու փոխանցենք մեր հաջորդ սերունդներին:
    Իմ կարծիքը հետեւյալն է: Ընտանիքի արական սեռի ներկայացուցիչները՝ անչափահաս տղաները, հայրը, պապերը եւ ապուպապերը միասին լուծում են ռազմավարական խնդիրներ եւ իրենցից հրամանատար ընտրում, ում պատվիրակում են համայնք : Նույնն էլ կատարում են իգական սեռի ներկայացուցիչները՝ աղջիկները, մայրը եւ տատիկներն ու մեծ մայրերը, ովքեր մարտավարական խնդիրներ են լուծում, այստեղ կարեւորը նա է, որ ընտանիքում պատասխանատվությունը եւ հրամանատարի պաշտոնը իրար բնականորեն համապատասխանում են: Ընտրությունները պետք է լինեն բաց, թափանցիկ, ամենավստահելի ծրագիրը՝ դա բաց, թափանցիկ կոդով գրած ծրագիրն է:
    Եթե իդեալական ընտանիքը կառուցենք, նրանից կառուցվող համայնքներն ու պետությունները նույն սկզբունքով են կառուցվելու եւ դառնալու են իդեալական: Սրանով մենք կզարգացնենք ժողովրդավարությունը եւ Մարդկությանը դուրս կբերենք ճգնաժամից:

  3. Հ.Շ. says:

    . Ժամանակակից պատմութեան մէջ, բազմաթիւ ցեղասպանութիւններ տեղի ունեցած են, արեւմտեան պետութիւնների *քիթին տակը*, առանց որ նրանք միջամտեն:

    . ՄԱԿի ստեղծումէն ետք տեղի ունեցած՝ ցեղային մաքրագործումի, ջարդերի եւ ցեղասպանութեան այն դէպքերը, որոնց ընթացքին Կապոյտ Գլխարկիկները ուղղակի տեղւոյն վրայ գտնուած են, ահա, սրանք են – ցանկը լրացուցիչ չէ, քանզի կը վերաբերի միայն այն ջարդերուն ուր ՄԱԿը ուղղակի ներկայ էր, իր խաղաղապահներով, եւ ոչ բոլոր այն նոյնանման դէպքերին որոնց պարագային ՄԱԿը, լրիւ հեռու, կրաւորական ու ձեռնածալ մնացած է – ՝
    https://www.trtworld.com/americas/twelve-times-the-un-has-failed-the-world-21666

    . Արցախի եւ Հայաստանի նկատմամբ, վերջին երեք տարիների ընթացքին Ռուսաստանի թերացումները ակնյայտ են, էական են, շատ ծանր են, եւ չունին արդարացում: Տարօրիկանօրէն, կարելի չէ նաեւ ստոյգ կերպով հասկանալ թէ ինչպէ՞ս, այդ վարքագիծը չի հակադրւում իր, Ռուսաստանի իսկ պետական, քաղաքական եւ ազգային շահերին:

    Սակայն եթէ ռուս խաղաղապահ զինուորները ներկայ չլինէին, Արցախի հայերի վերջին, քաոսային տարհանումը, դեռ շատ աւելի աղէտալի, արիւնալի եւ զարհուրելի կը հանդիսանար:

    Մ. Հայդուկ Շամլեան

  4. Համամիտ եմ *Հայ Մարդ*ու հետ: Իմ հասկացածով, Ա.Ա.-ն սխալվում է ենթադրելով որ նիկոլը չի հասկացել միջ հարաբերուտյունների իրական բովանդակությունը: Նա չեր կարող դա չհասկանալ այդքան երկար ժամանակ պտտվելով ու ականջ դնելով ԼՊՏ-ի ցինիկ (պաշտոնական բառը` պրագմատիկ) խոսույթը: նիկոլը այո գեղցու (տարբերել գյուղացիից) խորամանկությամբ կազմակերպեց «պլանավորված մսաղաց, որտեղ իշխանությունը ստանում է իր իշխանությունը պահպանելու իրավունքը՝ երկրի սահմանները եւ ժողովրդին փոշիացնելու միջոցով» -Արավոտի նույն համարից եմ վերցրել: Մի բան չենք կարևորում` նիկոլը այս ամենը արել է հենվեով այն բանի վրա որ ոչ մի պետություն չի գալու հայության օգնության (սա է պարճառը նա արխային քանդում է եղած բոլոր *բարեկամական* կամուրջները): Հայաստանը *indispensable* պետություն չի (երևի այս միտքը ամրագրել են իրե ուղելում ԱՄՆ-ի դեսպանատան խորհրդականները): Այս դրվածքը հայտնի էր դեռ Ս.Ս. ռեժիմի օրոգ` Ֆ. Գորդոնը սրա մասին բացե ի բաց խոսել է:
    Հիմա, ինչ վերաբերվում է նրան թե ինչի շուրջ համախմբել հայկական էլիտան` նախ պարզել այն դեռ կա՞: Եթե այո, ո՞ւր է: Ի՞նչ է էլիտան տեսնում որպես համար առաջին և բոլորին համախմբող թեմա: Հարցը չպիտի գնա դրսից ներս, հարցը պիտի գա ներսից դեպի մնացածները: Այդ խնդրի պարզելը հենց կդառնա միացնող, ցեմենտող նյութը: Օրինակ, 80 ականներին դա ելավ էկոլոգիայի հարցերը` Սևան, Նաիրիտի գործարան,… Հիմա դա պիտի լինի Սևանի կանաչման, Սյունիքի գետերի ախտոտումը: Կկենտրոնացնի Սյունիքի, Գեղարքունիկի, ,,, շուրջ:

  5. Ի հաստատում իմ ասածի հրավիրեմ ձեր ուսադրությունը ամենա թարմ ձևակերպման *նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու…*: Նախկինի պես` *ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանձնառու են մնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը* հոդվածից: *Նախկինը* ցույց տվեց աջակցություն մեր թշնամուն և *խորը մտահոգություն* մեր հանդեպ:

  6. Լավատես says:

    Ոչ մի հայեցակարգային լուծում մեր այսօրվա գոյաբանական խնդիրների վերաբերյալ համացանցում չկա: Առաջարկում եմ իմ լուծումը: Սկզբից ձեւակերպեմ խնդիրը: Այսօրվա պետությունների իշխանությունները զոմբիների նման կատարում են ինչ որ գլոբալիստների հրահանգները, որոնք հայ, ռուս, ուկրաինացի, իսրաելցի ու պաղեստինցի ժողովրդների շահերին դեմ են, ուրեմն խնդիրն այն է, որ գահընկեց անել գլոբալիստներին եւ ամեն մեկս մեր պետություններում ընտրենք ժողովրդի շահերը սպասարկող իշխանություններ: Գլոբալիստներին ոչ մի ժողովուրդ առանձին առանձին չի հաղթի՝ գլոբալիստները միշտ էլ կգտնեն պարշիվայա ավցաներ, որոնք անբողջ հոտը կփչացնեն, ուրեմն, խնդրի լուծումն է՝ համաժողովրդական հեղափոխություն: Մենք ժողովուրդներս շատ թույլ սուբյեկտներ ենք՝ հատկապես ճնշված քաղհասարակության ժողովուրդները, դրա համար մեր քաղհասարակության ներկայացուցիչները պետք է մեր պետության ներսում հզոր մի շունչ մի մարմին կազմեն, հետո միավորվենք վրացի քաղհասարակության հետ, հետո ռուսների ու ուկրաինացիների, իսրաելցիների ու պաղեստենցիների քաղհասարակությունների հետ, հենց այդ քաղհասարակություններն են ընդունակ վեր կանգնել էն դեբիլ օրակարգերից, որոնք հրամցվել են գլոբալիստների կողմից: Եթե հետեւենք դրանց գործելու տրամաբանությանը, մարգինալներին չաղացնելու են եւ դեմ տալու նորմալներին, մենք մեր վրա դա լավ զգում ենք, ուրեմն՝ գլոբալ ուժերին միայն գլոբալ ուժերով կարող ենք հաղթել: Նորմալ ժողովուրդներ, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031