Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է պառակտել արցախցիներին, Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «բազար»․ «Փաստ»

Հոկտեմբեր 21,2023 09:35

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում գլուխ էր գովում, թե Հայաստանն ինչպես ընդունեց բռնագաղթի ենթարկված արցախցի «քույրերին ու եղբայրներին»: Հարց է ծագում. ինչո՞ւ էին բողոքավորները հենց Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել ու Արցախի վտարանդի նախագահին, այլ կերպ ասած՝ անհող մնացած իշխանությանը պահանջներ ներկայացնում, եթե նրանց հուզող խնդիրներ լուծողն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է: Կառավարություն, որն, ի դեպ, տարբեր երկրներից տասնյակ ու տասնյակ միլիոնավոր դոլարներ ու եվրոներ (կամ հատկացումների խոստումներ) է ստանում հենց բռնագաղթված արցախցիների խնդիրները լուծելու համար: Մինչդեռ (սա էլ է անհրաժեշտ ընդգծել), բոլորս ենք տեսնում, որ արցախցիներից շատ-շատերի բնակարանային, սոցիալական, կենցաղային հարցերի լուծմամբ առավելապես զբաղվում են առանձին անհատներ, կամավորականներ, պարզապես բարի մարդիկ:

Կառավարությունը միայն խոսում է միանվագ հատկացումներից ու դրանով իր գործը կատարված համարում, այդ դրամական հատկացումների մասին էլ այնպես են խոսում, որ կարելի է կարծել, թե իրենց ապուպապերի սնդուկներից հանած ոսկիներից են բաշխել, այլ ոչ թե պետական բյուջեի միջոցներից են հատկացնում: Լավ, ինչո՞ւ հենց հոկտեմբերի 20-ին այդ բողոքը կուտակվեց ու արտահայտվեց: Այ, սա իսկապես հետաքրքիր հարց է: Բայց այդ հարցի հետաքրքրությունը նկատելու համար արժե մի փոքր «հետ գնալ»: Տեսեք, Սամվել Շահրամանյանը՝ Արցախի վտարանդի նախագահը, արդեն առնվազն երկու շաբաթ է, ինչ Հայաստանում է: Որևէ մեկը հանդիպե՞լ է հաղորդագրության, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահին, նրա հետ քննարկել է, օրինակ՝ բռնագաղթի ենթարկված արցախցիներին ցուցաբերվող աջակցության համակարգման ու այդ աշխատանքների արդյունավետության հետ կապված հարցեր:

Կարճ ասած՝ ինչպես Սամվել Շահրամանյանին Նիկոլ Փաշինյանը չէր շնորհավորել կամ գոնե որևէ խոսք նրան չէր ուղղել՝ իր ստեղծած աղետային վիճակի վերջին արարում Արցախի ղեկավարությունն ստանձնելու հետ կապված, այնպես էլ շարունակել է նրան վերաբերվել: Երկրորդ. Սամվել Շահրամանյանը, որը, մամուլի հրապարակումների համաձայն, մոտ երկու շաբաթ սպասում էր, որ Փաշինյանն իրեն կընդունի, այդպես էլ «սպասող մնալուց հետո», հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՝ հերքելու համար ինչպես իրեն, այնպես էլ Արցախի կառավարությանն ուղղված տարբեր մեղադրանքները: Դա երևի թե Սամվել Շահրամանյանի տակտիկական սխալն էր, քանզի, եթե կար ասելիք, ապա արդե՛ն պետք է ասված լիներ, իսկ եթե հրապարակային խոսքով պիտի դիմեր, ապա դա առանց նախազդի (անոնսի) պիտի աներ: Եվ ահա, հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, Արցախի ներկայացուցչության մոտ տեղի է ունենում այդ «հախուռն» բողոքի դրսևորումը:

Մանրամասներին դեռ հարկ կլինի անդրադառնալ, դրանք չափազանց շատ հարցականներ ու հասցեատերեր ունեն, նաև՝ վտանգավոր ենթաշերտեր: Պարզապես արձանագրենք, որ երեկվա դեպքերը հուշում են, որ ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է նախ՝ պառակտել արցախցիներին, այսինքն, Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «բազար», երկրորդ՝ առկա օբյեկտիվ դժգոհությունն ու ցասումն ուղղորդել դեպի Արցախի մի քանի «օրանոց» նախագահը, նրան հանրային ընկալման մեջ գամել որպես «թիվ 1 մեղավոր», ինչին արդեն մոտ 1 ամիս լծված է փաշինյանական քարոզչությունը, և Փաշինյանից հնարավորինս հեռու վանել մեղադրանքները: Բայց մի պահ պաղենք, կանգ առնենք ու հարցնենք. իսկ ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Իսկ դա արել է Նիկոլ Փաշինյանը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա այս տարվա ապրիլից սկսած՝ ամիսն առնվազն մի երկու անգամ հայտարարում է. «Արցախն Ադրբեջանի մաս է, և՝ վերջ»: Իսկ աղետի վերնարարը սկսվել է հենց փաշինյանական այդ ուրացման հետևանքով ու դրանով պայմանավորված: Ու ստացվում է, որ հիմնական ու գլխավոր պատասխանատուին թողած՝ ինչ-որ խմբեր եկել ու անհող նախագահ Սամվել Շահրամանյանի՞ց են պատասխան պահանջում: Դա նորմա՞լ է: Ո՛չ: Իսկ առհասարակ, արցախցիների պառակտումը ձեռնտու է միայն հայության թշնամիներին: Հիշե՛ք, թե ինչպես Փաշինյանն ամրապնդեց իր «թավշյա» քանդարար իշխանությունը. առաջին հերթին՝ պառակտելով հասարակությունը…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031