Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող անձանց հայցապահանջներն աճում են

Հոկտեմբեր 21,2023 12:30

Դատարաններում հիմնականում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացուցիչները

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության դեմ ՀՀ վարչական դատարանում միայն այս տարվա հոկտեմբերի 1-ը առկա է 155 հայցապահանջ: Դատարանին նախորդ տարիներից փոխանցվել են հարյուրավոր հայցեր, իսկ իմ դիտարկմամբ, արցախյան վերջին պատերազմից հետո հայցադիմումների աճ կա, դատարաններում հիմնականում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկանում եմ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգի էլեկտրոնային պահոցը: Պահանջների գերակշիռ մասը, պարտավորեցնել ծառայությանը՝ հաշմանդամության այս կամ այն խումբ սահմանել, հայցվորին կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակել, չվճարված կենսաթոշակը վճարելուն պարտավորեցնել, որոշակի ժամանակահատվածում իքս հիմնարկներում աշխատելու տարիներն աշխատանքային ստաժում հաշվառելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելու…

Այս դատարանում հայցապահանջներից մեկով՝ անձը՝ Հ. Թ.-ն չէր վճարել պետական տուրքի գումարը, միջնորդություն էր կատարել նրա ներկայացուցիչը, պատճառաբանելով. «Ունի մի շարք առողջական խնդիրներ եւ ունակ չէ աշխատելու, իսկ ծնողների վաստակած միջոցները դժվարությամբ բավարարում են իր խնամքի եւ դեղորայքի համար եւ նման ծանր սոցիալական, ֆիզիկական վիճակում պետական տուրքի վճարումն այս պահին հանդիսանում է ֆինանսական մեծ բեռ»։ Հ. Թ.-ն ուներ ձախ վերջույթների, ձեռքի, հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարում, քայլքի արտահայտված խանգարում, ձախակողմյան եւ կարիք ունի մշտական կողմնակի խնամքի։

Հայցվորներից մեկը դատաքննության ժամանակ հայտնել էր, որ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում՝ սիրտ-թոքային անբավարարություն, բարձր զարկերակային ճնշում, ներգանգային ճնշում: 2016 թվականին հանդիսացել է հաշմանդամության երրորդ խմբում ճանաչված անձ: 6 տարի հետո՝ 2022 թվին իրականացվել է փորձաքննություն, որի արդյունքում նա ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ: Մեկ ամիս հետո՝ հայցվորը ստացել է գրություն այն մասին, որ հրավիրվում է «մեթոդական աջակցության բաժնի սպասարկման տարածքի Գյումրու նստավայր վերադասության կարգով վերափորձաքննության»: Նոր որոշմամբ՝ հաշմանդամություն ունեցող չի ճանաչվել…

Գործերն այնքան շատ են, որ նշանակվում են հաջորդ տարվան, իսկ հայցապահանջներում ավելանում են նախարարության ՄԾ-ի անգործության մասին վարույթները: ՄԾ-ն օրինական ուժի մեջ մտած որոշումը մեկ այլ գործով յոթ ամիս ուշացումից հետո դեռ չի կատարել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031