Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանուն Կարպ Խաչվանքյանի հրաժեշտի գազելը

Հոկտեմբեր 21,2023 12:00

Ներկայացնում է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը

«Կարպ Խաչվանքյանը մեզ համար անակնկալ էր, անսպասելի գյուտ։ Նա եկավ ճիշտ ժամանակին՝ հայրենական պատերազմի ահեղ օրերին, որպեսզի ծիծաղի զենքով պայքարի անարգ թշնամու դեմ…». Ավետիք Իսահակյան

– Պարոն Առաքելյան, լրանում է սիրված դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակը։ Շատերը ձեզ համարում են դերասանի կենսագիրը. ծանոթ ենք ձեր հեղինակած «Կարպ Խաչվանքյան» ծավալուն մենագրությանը, որի համար, ի դեպ, ասում են, թե դերասանը ձեզ «վարձահատույց» է եղել…

– Այո, գրքի համար Կարպուշաս իր երախտագիտությունը հայտնեց՝ նվիրելով Քրիստոսի պատկերով շվեյցարական ձեռքի ժամացույց։ Հասկանում եմ, որ ինձ հետ ձեր հանդիպման նպատակը մեծանուն դերասանի մասին անտիպ կամ քիչ հայտնի պատմություններ լսելն է։ Բայց միանգամից նշեմ, որ անվերջանալի է դարի մեծագույն արտիստ Կարպ Խաչվանքյանի ապրած կյանքի եւ բեմական գործունեության հեքիաթը, այն անվերջ կարելի է պատմել ու պատմել։

Հավանաբար գիտեք կամ եթե չգիտեք՝ տեղեկացնեմ, որ քաղաքապետարանը նախատեսել է միջոցառումների ցանկ. արտիստի անունը հավերժացնելու նպատակով նրա մեծադիր քանդակը կկանգնեցվի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շքամուտքի դիմաց, հուշաքարեր կամրացվեն Բաղրամյան պողոտայի եւ Երվանդ Քոչարի փողոցի այն շենքերի պատերին, որտեղ ապրել է ժողովրդական արտիստը, Հանրայինով կցուցադրվեն նրա մասնակցությամբ բեմադրություններ, ինչպես նաեւ խաչվանքյանական ռեժիսուրայով ներկայացումներ (Կարպ Խաչվանքյանի ռեժիսուրայով բեմադրված է 13 ներկայացում- Ս. Դ.), կհեռարձակվեն ռադիոբեմադրություններ նրա մասնակցությամբ, նաեւ կսահմանվի Կարպ Խաչվանքյանի անվան «Արտիստ» մրցանակը, քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվի նրա անունով։ Կարծես թե ոչինչ չմոռացա։ Չէ, մի բան էլ. թվարկածս ցանկը կեզրափակվի «Բրավո, մաեստրո» համերգային ծրագրով՝ մասնակցությամբ Պարոնյանի թատրոնի ողջ անձնակազմի։ Մի բան էլ մտաբերեցի. կթողարկվի «Կարպ Խաչվանքյան» կրծքանշան։ Այսքանը։

Արտիստի վերջին լուսանկարը՝ Սերգեյ Առաքելյանի հետ։

– Ժամանակին մի առիթով դուք մեզ ներկայացրել եք, թե ինչպես է դերասանը Թիֆլիսից տեղափոխվել Երեւան եւ տեւական ժամանակ ապրել ձեր տանը։ Օրերս էլ մեր ականջին հասավ, որ մահկանացուն կնքելուց ժամեր առաջ այցելել եք նրան…

– Մահկանացուն կնքելուց ընդամենը ժամեր առաջ, ասեմ, որ դա երեւանյան մութ ու ցուրտ օրերին էր, սովորական ժամին՝ երեկոյան 7-ին, իր նշանակած ժամին Կարպուշայիս մոտ էի։ Թիկնած էր բարձին, մի տեսակ տառապանք կար դեմքին, աչքիս էլ ավելի հյուծված երեւաց։ Գանգատվեց անքնությունից՝ ախ, մեջքս, Սերյոժա, մեջքս… ահավոր ցավերից գիշերը աչքս չի կպել… Հետո մի փոքր շտկվեց, ընդունեց սրտի համար նշանակված հաբը ու կամաց-կամաց, աստիճանաբար սկսեց իրեն նմանվել՝ մեզ ծանոթ Խաչվանքյանին։ Սկսեց մտքերն արտահայտել իրեն հատուկ շեշտադրումներով, վանկերի բաժանելով, կարճ ասած՝ միայն իրեն հատուկ խոսելաձեւով։ Հետո սկսեց պատմել երազը՝ «Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնի բեմում ժողովրդական արտիստ Իսահակ Ալիխանյանը կարդում էր, այն էլ ինչպե՜ս, Տերյանի «Հրաժեշտի գազելը»։ Սերյոժա, բեմն ու Ալիխանյանը ճիշտ եւ ճիշտ այնպիսին էին, ինչպիսին ես տեսել էի ուսանողական տարիներին։ Ալիխանյանը նայում էր ինձ՝ հասկացնելով, որ մոտ գնամ իրեն եւ իր հետ կրկնեմ բանաստեղծությունը։ Պատկերացնո՞ւմ ես, ես՝ անշնորհքս, որ ոչ մի բանաստեղծություն անգիր չգիտեմ, հանկարծ նրա հետ սկսեցի արտասանել.

«Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.

Բորբ արեւին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,

Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով…

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,

Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով»։

Արտասանեց անսխալական եւ ինքն էլ զարմացած կատարվածից, փորձեց կրկնել, բայց ոչինչ չստացվեց, չհիշեց ոչ մի բառ։ «Սերյոժա, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ, ես խենթանում եմ…»։ Ես հանկարծակիի եկա, երբեք Կարպին այդպես ոգեշնչված չէի տեսել։ «Հրաժեշտի գազելի» տողերը նա կարդաց այնպիսի ջերմությամբ, այնքան շոյող տոնով, երաժշտականությամբ, որ զարմանքից ապշել էի։ Հետո դարձյալ անդրադարձավ Իսահակ Ալիխանյանին, հիշեց նրա մասնակցությամբ Թիֆլիսի Շահումյանի անվան թատրոնում բոլոր ներկայացումները։ Պատմեց նաեւ, որ Ալիխանյանին ինքն այցի է գնացել, երբ նա ծանր հիվանդությամբ պառկած էր Թիֆլիսի բուժկոմբինատում։ Ասաց՝ Սերյոժա, մահվան անկողնում անգամ Ալիխանյանը գեղեցիկ էր, արտիստիկ։ Հիշեց նաեւ Ալիխանյանի բազմամարդ հուղարկավորությունը, նույնիսկ բացատրեց, թե Վակեի գերեզմանատան որ մասում է գտնվում Ալիխանյանի շիրիմը՝ «Հա, Սերյոժա, ես լավ եմ հիշում այդ օրը, քանի որ Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման համար պիտի գար ռեժիսոր Հովհաննես Վարձիգուլյանը, երաժշտական մասի վարիչ, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը, Աբիսողոմ աղայի դերի համար՝ թեեւ երիտասարդ, բայց արդեն ճանաչված Բաբկեն Ներսիսյանը…»։

– Պարոն Առաքելյան, մեծանուն դերասանն իր մահկանացուն կնքել է 1998 թվականին…

– Այո, նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ես սովորականից ավելի շուտ դուրս եկա Կարպուշայի բնակարանից։ Ավելի ճիշտ՝ նա ասաց. «Սերյոժա, մի տեսակ քուն է գալիս աչքերիս…»։ Իսկ առավոտյան դեռ 7-ը չկար, որ զանգահարեց որդին՝ Դավիթը ու հայտնեց բոթը։ Արդեն պարզ է՝ կայծակնային արագությամբ դուրս նետվեցի… Ես ձեզ ներկայացրի բեմի արքայի վերջին ժամերը։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031