Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործոն է դառնում «ինքնուրույն պահանջ չներկայացնող» երրորդ անձը

Հոկտեմբեր 21,2023 13:00

Հոկտեմբերի 19-ի «Առավոտում» տպագրված «Վճռաբեկ դատարանի որոշումը հնարավորություն է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության վերաբերյալ» հրապարակման մեջ անդրադարձել էինք քաղաքացիական պալատի մի որոշմանը, որը վերաբերում էր «Ռեսո» ապահովագրական ընկերության դեմ ութ տարի սկսված քաղաքացի Մարտին Վարդանյանի հայցապահանջին, դրա՝ օրերս վերջնական լուծմանը:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը հոկտեմբերի 3-ին էլ մի շատ հետաքրքիր որոշում կայացրեց: Այդ որոշման համաձայն էլ, յուրաքանչյուր դեպքում, երբ պարտապան չհանդիսացող, սակայն պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավված անձի կողմից ներկայացվում է «վճռի կատարման շրջադարձի մասին» դիմում, դատարանները պարտավոր են, պարտադիր պայմանների առկայությունը պարզելուց բացի, պարզել նաեւ այդ անձի՝ «դիրքորոշումների համատեքստում շահագրգիռ լինելու հանգամանքը»։

Պարզապես հիշեցնեմ, որ լրատվամիջոցները պարբերաբար դատական որոշակի գործերում ներգրավվում են, պատասխանողի կողմում որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, հնարավոր խնդիրները կարող են չոքել նրանց դռան առաջ էլ:

Երեք ատյանի դատարաններով անցել է Շմավոն Համբարձումյանի՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի, ՀՀ ջրային կոմիտեի եւ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության դեմ հայցապահանջը:

Ամեն բան սկսվել է նրանից, որ գառնեցի հայցվորը պահանջել է վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Գառնի ձորում որոշակի տարածքի նկատմամբ: 2017 թվականին կողմերը հաշտության համաձայնագիր են կնքել միմյանց հետ, հետեւաբար, դատարանն այդ հիմքով, գործի վարույթը կարճել է: Սակայն պարզվում է, որ Ջրային կոմիտեն գործին մասնակից չի դարձել, հետեւաբար, հետեւում է նրա բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարան: 2018թ. հոկտեմբերի 15-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանում է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, գործն ուղարկվում է նոր քննության:

Մարզի ընդհանուր իրավասութության դատարանը ներգրավում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ: 2021 թվականի փետրվարին հայցվորը հրաժարվում է հայցապահանջից, գործի վարույթը վերստին կարճվում է:

«Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունը վճռի կատարման շրջադարձի մասին դիմում է ներկայացնում դատարան, հայտնելով, որ հնարավոր դատական ակտը կարող է առնչվել իր իրավունքներին, ընկերությունը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր իրավական դիրքորոշումը՝ մասնակցելով դատավարությանը:

Սակայն մերժվում է, իսկ վերաքննիչ դատարանն էլ 2021 թվականի մայիսի 18-ին այն թողնում է օրինական ուժի մեջ: Գործն այդ ժամանակվանից հայտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում:

Բողոք բերած ընկերությունը գտնում էր, որ վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ «ինքնուրույն պահանջ չներկայացնող անձինք»՝ երրորդ կողմը իրավունք ունի դիմելու դատարան, քանի որ «պարտապան» եզրույթի տակ պետք է հասկանալ ցանկացած շահագրգիռ անձի, ով մասնակցել է դատավարությանը:

Վճռաբեկ դատարանը, թիվ ԿԴ1/0244/02/17 քաղաքացիական գործով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի շրջանակներում անդրադառնալով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավական հնարավորությանը, զարգացնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների առումով արտահայտված իրավական դիրքորոշումները, բացահայտելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործված «պարտապան» եզրույթը, արձանագրել է, որ թեկուզեւ վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունքը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով վերապահված է բացառապես նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով «պարտապան» հանդիսացող կատարողական վարույթի կողմին, այդուհանդերձ, այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը պետք է ընձեռել ինչպես այն պատասխանող-պարտապանին, ով կամովին կատարել է դատական ակտը, այնպես էլ այն անձանց, ովքեր թեեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմաստով ուղղակիորեն չեն հանդիսանում պարտապան, սակայն քաղաքացիական դատավարությունում ներգրավված լինելով պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, օգտվել են պատասխանողի իրավունքներից եւ կրել նրա պարտականությունները՝ պայմանով, որ հայցը բավարարելու արդյունքում ի կատար ածված դատական ակտը հաստատապես ազդել է նրանց իրավունքների ու օրինական շահերի վրա՝ վերջիններիս համար հանդիսանալով անցանկալի եւ նրանց փաստացի ու իրավական վիճակը վատթարացնող։

Վճռաբեկ դատարանի քաղպալատը հղում էր կատարել «Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի» գործով ՄԻԵԴ 1995 թվականի հոկտեմբերի 31-ի վճռին, ՀՀ սահմանադրական դատարանի 2013 թվականի հունիսի 28-ի ՍԴՈ-1102 որոշմանը, համաձայն վերջինի. «Վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կոչված է կարգավորելու քաղաքացիաիրավական հարաբերություններ՝ կապված դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտի կատարմամբ անձին պատճառված նյութական վնասի վերականգնման, հատուցման հետ»:

Ըստ Վճռաբեկ դատարանի նշյալ որոշման պատճառաբանական մասի, նման մի գործ էլ դատարանում եղել է տասը տարի առաջ. Նինա Չալտիկյանի դիմումը, որում Վճռաբեկ դատարանը նշել էր. «Վճռի կատարման շրջադարձի նպատակն է՝ վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետեւանքները, վերականգնել այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, եւ գործի հանգամանքներով պայմանավորված՝ վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները»:

Այսինքն, նպատակը մեկն է. նմանատիպ գործերով մինչեւ բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031