Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Անի համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին։
Մարալիկի սոցիալական թաղամասում բնակություն են հաստատել 35 ընտանիքներ` 115 մարդ։ Մարզպետը զրուցել է բռնի տեղահանված քաղաքացիների հետ, լսել նրանց կարիքները, պատասխանել հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։
Սոցիալական բնակարաններում տեղակայված քաղաքացիներին մարզպետը հորդորել է մարզպետի աշխատակազմի, համայնքի օգնությամբ գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել յուրաքանչյուր անդամին տրվող 40+10 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրում է ՀՀ կառավարությունը բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար։
Մուշեղ Մուրադյանը վստահեցրել է, որ իրենց կողմից արվում է առավելագույնը ինչպես առաջնային կարիքները հոգալու, այնպես էլ ընթացիկ այլ հիմնախնդիրների լուծման համար։
Կարդացեք նաև
Անի համայնքի 11 բնակավայրերում և Մարալիկում հաստատվել է բռնի տեղահանված 88 ընտանիք` 319 անձ, նրանցից 57 ընտանիքը Մարալիկում են բնակվում։
Շիրակի մարզպետի աշխատակազմ