Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ սկսվի ապացույցների հետազոտումը, հասարակությունը հստակ իմանալու է՝ Սուրեն Մանուկյանն ով է. Քոքոբելյանի ներկայացուցիչ

Հոկտեմբեր 20,2023 21:40

«Էս գործում հիմնավոր կասկած գոյություն չունի: Հիմա ես մտածում եմ դատական նիստերն էլ այնքան իրարից հեռու ժամկետներում է նշանակվում, որ մինչեւ հիմա չենք հասել ապացույցների քննությանը, որ դատարանի համար համոզիչ լինի, որ չկա մի փաստ, ապացույց, որ ճշգրիտ լինի: Այս գործով ապացույց գոյություն չունի: Նույն հաջողությամբ Խաչատուր Քոքոբելյանը սքրինշոթով կարող էր ներկայացնել, որ իրեն նամակ է եկել, որ հորը սպանելու են: Այսինքն՝ առանց ճշտելու, հայրը մահացել է, թե չէ սպանության հատկանիշներով մարդուն կալանավորե՞ն, կալանքի տակ պահեն այնքան ժամանակ, մինչեւ ապացույցներին անդրադառնա՞ն» ,-այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևանի նստավայրում անցկացվող դատական նիստի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող նախկին պատգամավորը որպես մեղադրյալ անցնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով:

Առեւանգման գործով բացի նախկին պատգամավորից որպես մեղադրյալներ անցնում են նաեւ Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։
Գրիշա Քոքոբելյանի ներկայացուցիչ Տիգրան Գալստյանի խոսքով, մեղադրյալները ի լուր աշխարհի գոչում են, թե անմեղ են, բայց իրենց տակտիկայով ամեն ինչ անում են, որ դատարանը չհասնի ապացույցների հետազոտմանը. «Որովհետեւ շատ քաջ գիտակցում են, որ երբ սկսվի ապացույցների հետազոտումը ու ապացույցները հանրայնացվեն, հասարակությունը հստակ իմանալու է ՝ Սուրեն Մանուկյանն ով է, Արմեն Քամալյանն ով է, Թաթուլ Պողոսյանն ով է, Մուրադ Մուրադյանն ով է: Իրենք ամեն կերպ փորձում են ձգել դատական գործընթացը, ցանկացած որոշում, որ դատարանն իրենց սրտով չի կայացնում, դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում, ինչպես այսօր» :

Տիգրան Գալստյանը պնդում է, որ Սուրեն Մանուկյանի կալանքի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը կար, նրա կալանքի հիմքում դրվում է դատաքննությանը խոչընդոտելն ու իր վրա դրված դատավարական պարտականությունները չկատարելը. «Սուրեն Մանուկյանը առնվազն դատական նիստերի դահլիճում ազատ ինչ ուզում է, ասում է, շփվում է ում հետ ուզում է: Հայտարարում է, որ կպահպանի իր վրա դրված պարտականությունները, ասում է՝ ինձ տնային կալանք տվեք, բայց հենց դատարանը հեռանում է խորհրդակցության սենյակ, ինքն ազատ շփվում է բոլորի հետ, այն պայմաններում, երբ դատարանը սահմանել է, որ ինքը կարող է բացառապես մերձավոր ազգականների հետ շփվել, այն էլ ոչ դատական նիստերի դահլիճում,այլ սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկում »:

Փաստաբանը նաեւ հերքեց Մանուկյանի այն պնդումը, թե Խաչատուր, Գրիշա Քոքոբելյանները նշել են իրենց ցուցմունքներում, թե գույքային վնաս չեն կրել. «Չկա նման բան: Ինքը հայտարարում է այն, ինչ ուզում է, իր հայտարարություններն անում է բացառապես իր լսարանի համար»:

Այսօր մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց փաստաթուղթ, որը Իրանից է ուղարկվել որպես իրավական փոխօգնության փաստաթուղթ: Ըստ Տիգրան Գալստյանի, երբ այդ փաստաթուղթը հետազոտվի, շատ բաներ կպարզվեն. «Հստակ կտեսնեք՝ հիմնական կասկած կա, թե չկա, ինչպես է Սուրեն Մանուկյանն է ասում եւ այլն: Հանրության համար շատ բան պարզ կլինի: Իր բոլոր հայտարարությունները անհիմն են, ամեն անգամ նույն բանն են կրկնում, այնքան նագլի են իրենց պահում, որ ուզում են ապացուցել, որ ոչ միայն իրենք չեն կատարել հանցագործությունը, այլեւ ընդհանրապես հանցագործություն չի եղել: Մեղադրողի ներկայացրած փաստաթղթում ե՛ւ առեւանգման. ե՛ւ կրիպտո արժույթով փոխանցման մասին կա, այս պահին պարզապես չհետազոտված ապացույցի մասին շատ բան չեմ կարող ասել»:

Փաստաբանն ասաց, որ մինչեւ հիմա չի պարզվել Գրիշա Քոքոբելյանի առեւանգման իրական դրդապատճառը. ըստ նրա՝ փող շորթելուց բացի, այլ իրական պատճառ էլ կա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031