Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրք-ալբոմը՝ տարեվերջին

Հոկտեմբեր 20,2023 21:00

Այս տարվա վերջին նախատեսված է անգլերենով հրատարակել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրք-ալբոմը։ Այն հեղինակել են բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցն ու մանկավարժ-լրագրող, արցախյան պատերազմի մասնակից Զոհրաբ Ըռքոյանը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարած դրամաշնորհի մրցույթում գիրքը հավանության է արժանացել եւ տպագրվելու է դրամաշնորհի միջոցներով։

Մինչեւ հրատարակումը՝ հոկտեմբերի 20-ին Գորիսի պետական համալսարանում գրքի համահեղինակները համառոտ ներկայացրեցին գրքի բովանդակությունը։ Մհեր Քումունցի խոսքով՝ գիրքը պատմում է Քաշաթաղի շրջանի պատմական բնակավայրերում ու դրանց հարեւանությամբ պահպանված հայկական վանքերի, եկեղեցիների, մատուռների, բերդ-ամրոցների, կամուրջների, աղբյուրների, ինչպես նաեւ հայ պատմիչների մասին:

«Արցախի եւ առհասարակ տարածաշրջանի պատմական դերը որոշակի մակարդակում հանրայնացվել է հայ ընթերցողի շրջանակում, հասունացել է ժամանակը եղած արդյունքների ընդհանրացմամբ, մշակմամբ դուրս գալ ընթերցողների նեղ սահմաններից եւ միջազգայնացնել տարածաշրջանի պատմական դերը»,-ասաց Մհեր Քումունցը։ Նա խոսքով՝ գիրք-ալբոմն օգտակար կլինի հայ եւ հայանպաստ դիվանագիտական ինստիտուտներին, հայկական մշակույթի արեւելյան հատվածի միջազգայնացմանը, նաեւ՝ ոչ հայախոս հանրությանը։

Քաշաթաղի շրջանի տարածքում պահպանված եւ գոյություն ունեցած պատմական հուշարձանների ուսումնասիրության պատմությանն ու խնդիրներին անդրադարձավ Զոհրաբ Ըռքոյանը։

«Հայրենիք, որ հայաթափվել էր 18-րդ դարակեսից հետո, ու ազատագրվեց, վերահայացավ 1993թ․ վերջերին Քաշաթաղն էր՝ պատմական մեծ հայքի Սյունիք ու Արցախ աշխարհների մի հատվածը։ 1993-2020թթ․-ին հնարավոր եղավ խորությամբ ուսումնասիրելու տարածքի պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձանները, որոնք հաստատում ու հավաստում են՝ Քաշաթաղի շրջանը՝ Արցախի Հանրապետության կազմում, հազարամյակներ շարունակ եղել է հայոց երկիր։ Չնայած տարածքը մոտ 250 տարի մնացել էր գերության մեջ, ավերվել ու ոչնչացվել էին մեր պապերի թողած հուշարձանները, այնուամենայնիվ պահպանվել էին բազում խաչքարեր ու տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով։ Դեռեւս կանգուն էին մոտ 4 տասնյակ եկեղեցիներ, մատուռներ՝ որոշ մասը ամբողջությամբ, մեծ մասն էլ՝ կիսակործան՝ միայն պատերով ու հիմքերով։ Այս ամենն այսօր կրկին մնաց գերության մեջ, ու անհայտ է դրանց ճակատագիրը»,-ասաց Զոհրաբ Ըռքոյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները Գորիսի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031