Բանակցային հարցերով մասնագետ, փորձագետ Արթուր Մարտիրոսյանը «Հայելի» ակումբում վերլուծելով Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջեւ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ արցախցիների բողոքի ակցիային եւ այդ առիթով տարածվող տեսակետին, թե դա կարող է կազմակերպած լինել Հայաստանի այսօրվա իշխանությունը, որը ի դեմս Շահրամանյանի իր համար մեծ վտանգ է տեսնում, ասաց․ «Եթե նայենք, թե Փաշինյանը ինչ շահեր է հետապնդում, տեսնում ենք, որ առաջին եւ կարեւոր խնդիրը իր եւ իր հետ իշխանության եկած քաղաքական փոքրամասնության իշխանությունը պահելն է։ Դա երեւում է իրենց ասածից ու արածից։ Եվ եթե դա այդպես է, հասկանում ենք նաեւ, որ որպես բանակցող, որը պատրաստվում է գնալ, նորից հանդիպել Ալիեւի հետ, նա հասկանում է, որ Ալիեւն ասելու է, որ Հայաստան եկած արցախցիները կամ պետք է վերադառնան եւ դառնան իմ երկրի քաղաքացի, կամ չի հանդուրժելու, եթե իրենք կազմակերպվեն եւ ինչ-որ ձեւով քաղաքական ուժ ու պահանջատեր դառնան։ Ասելու է, որ դա նախ եւ առաջ իր շահերից չի, երկրորդը՝ մեր շահերից չպետք է լինի։։
Փաշինյանն ու ՔՊ-ն լավ հասկանում են, որ եթե արցախցիներն այստեղ մնացին, իսկ փոքր Հայաստանի համար 100 հազարը թիվ է, դա լինելու է խնդիր։ Դրա համար իրենք մի կողմից ասելու են, որ ամեն ձեւով աջակցելու են․ տեսանք, թե ինչպես Եվրոպայում ասացին, թե իրենք մի քանի օրում 100 հազար փախստականների հարցերը «լուծեցին»։ Սակայն մյուս կողմից փորձելու են այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ իրենց ապագան այստեղ չտեսնեն, մեծ մասը հեռանա, մնացածի մի մասին ցրի երկրով մեկ, մի փոքր մասին էլ, եթե պետք եղավ Ալիեւին ու ռուսներին, կասեն վերադարձել ու դարձել են Ադրբեջանի քաղաքացի։ Եվ դա կլինի հարցի վերջնական լուծումը։ Ես այդպես եմ տեսնում Փաշինյանի արածը։ Դա ոչ թե ազգի շահերից է բխում, այլ բխում է իրենց սեփական շահերից։
Իրենք՝ արցախցիները, շատ մեծ ճնշման տակ են։ Մենք պետք է հասկանանք, որ այդպիսի մարդը տրավմատիկ շոկի մեջ է՝ ամեն ինչ կորցրել է, առջեւում կան մեծ անորոշություններ, ապագան անորոշության մեջ է, չգիտի ինչպես է շփվելու բարեկամների, մերձավորների հետ։ Այդպիսի մարդը դառնում է շատ խոցելի։ Խնդիրը միայն հոգեբանական չի։ Կա նաեւ խնդիր, թե այդ ամենը ինչպես է օգտագործվում։ Մամուլը, թեզերը, որ գցում էին՝ արցախցիներին մեղադրելով ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Հիշում ենք, որ ասում էին, թե չկռվեցին եւ այլն, եւ այլն։ Մարդը գտնվում է ճնշման տակ, իսկ դու ավելացնում ես։ Ու մարդը նայում ու ասում է, ոնց որ ինքը հայ էլ չլինի, ինչ-որ միգրանտ լինի այստեղ»։
Արթուր Մարտիրոսյանը խոսեց նաեւ Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան հրամանատարների եւ պաշտոնյաների՝ Բաքվի բանտերում գտնվելու խնդրի մասին, ինչը ըստ տարածվող կարծիքի Արցախը վերջնականապես գլխատելու ծրագրի մի մասն է։ «Բանակցային առումով, եթե նայենք իրավիճակին, շատ բարդ խնդիր է՝ կապված պատանդների, ճգնաժամային բանակցությունների հետ։ Մեզ պետք են ազդեցիկ խաղացողներ, որոնք կկարողանան ազդել Ալիեւի վրա։ Բայց եթե անգամ սփյուռքում գտնենք այդպիսի մարդկանց, որոնք կկարողանան ազդել,, ես չեմ տեսնում նման ցանկություն այստեղ։ Եվ Ռուսաստանի նախագահի ասածն ինչ-որ չափով ճիշտ է։ եթե Հայաստանի իշխանությունները չեն զբաղվում, այդ հարցը չեն դնում, իսկ մենք տեսանք, որ փաստացի չի դրվում, դրսից որեւէ մեկի համար շատ դժվար է լինելու այդ քայլը անել։
Կարդացեք նաև
Քանի դեռ մենք ունենք իշխանություն, որը պատրաստ է ամեն ինչ հանձնել հանուն իր պատկերացրած կամ երազած ապագայի եւ այդ ապագան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համերաշխության եւ խաղաղության հասնելն է, ինչը կեղծ թեզերի վրա է հիմնված, ուրեմն իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի սպասարկեն Ադրբեջանի շահերը։ Արցախցիների հարցով, ես արդեն ասացի, թե Ալիեւը ինչ պահանջներ է դրել։ Այն, որ ինքը չի հանդուրժելու «ռեւանշիզմ» Հայաստանից։ Եվ Փաշինյանն ու քպականներն էլ ասում են, թե վերջացել է պատմությունը, մոռացեք Արցախի մասին, էլ չլսենք, որ Արցախը լինելու է Հայաստանի օրակարգում»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ