Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ անանուն աղբյուրները մեկնաբանելու կարիք կա, մեր ռուսաստանցի գործընկերները նման հաղորդագրություն մեզ չեն փոխանցել». Կոստանյան

Հոկտեմբեր 20,2023 18:55

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ասաց, որ Արարատ Միրզոյանը Թեհրանից ստացել է հանդիպման հրավեր «3+3» ձեւաչափով: Թե ի՞նչ օրակարգով է մասնակցելու Արարատ Միրզոյանը կամ մասնակցելո՞ւ է՝ դեռ որոշում չկա. «Հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի 3 պետություններին՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Ֆորմատը ենթադրում է նաեւ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչների մասնակցություն»:

Այն, որ Ալիեւը արեւմտյան ձեւաչափերով հանդիպումներին չի մասնակցում, ըստ Վահան Կոստանյանի, կասկածի տակ է դնում՝ արդյոք Բաքուն հետաքրքրվա՞ծ է առհասարակ խաղաղության պայմանագիր կնքելով, թե՞ ուղղակի մի ձեւաչափից մյուսն է փորձում անցնել եւ այդպես էլ կոնկրետ պայմանավորվածություններից խուսափել:

Հարցին՝ ՀՀ ԱԳՆ-ն ինչպես է պատկերացնում արցախահայերի իրավունքների պաշտպանությունը՝ Կոստանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ վերադարձի իրավունքի ապահովումը ոչ միայն ՀՀ կառավարության, այլեւ ընդհանուր միջազգային հանրության, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտականությունների մեջ է մտնում եւ ՀՀ ԱԳ-ն ԼՂ բնակիչների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ իրականացնում է»:

Հարցին՝ Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ռուսական աղբյուրները համարել են սադրիչ եւ հայտարարել, որ Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Կոստանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ անանուն աղբյուրները մեկնաբանելու կարիք կա: Մեր ռուսաստանցի գործընկերները նման հաղորդագրություն պաշտոնական խողովակներով մեզ չեն փոխանցել: ՀՀ վարչապետի ելույթը Եվրախորհրդարանում ամբողջությամբ արտացոլում է ՀՀ ազգային շահերը, դուր կգա դա ոմանց, թե ոչ՝ դա արդեն իրենց խնդիրն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031