Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մինչեւ հոկտեմբերի 25-ը հաշվառվել». ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ

Հոկտեմբեր 20,2023 17:05

«Հոկտեմբերի 17-ից մենք դադարեցրինք տեղերից՝ հանրապետության տարածքում գործող 64 հումանիտար կենտրոններից ուղիղ մուտքագրումը անձանց տվյալների կենտրոնացված հաշվառման մեր շտեմարան, որովհետեւ, ըստ էության, ճնշող մեծամասնությունը բռնի տեղահանված անձանց արդեն իսկ հաշվառվել է: Մենք արդեն իսկ ունենք հաշվառված եւ նույնականացված 101848 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տվյալներ, որոնցից 48964-ը արական սեռի են, 52884-ը՝ իգական սեռի:

Մնացած բոլոր դեպքերում բռնի տեղահանված անձինք դեռեւս կարող են մոտենալ ՏԻՄ-եր, թաղապետարաններ, Երեւանի պարագայում՝ համայնքապետարաններ եւ ներկայացնել իրենց տվյալները: Այդ տվյալները թղթային տարբերակով կֆիքսվեն, այնուհետեւ կփոխանցվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում այլ տվյալների շտեմարանների հետ համադրման եւ ճշգրտման արդյունքում՝ նոր տվյալները կմուտքագրվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների շտեմարան»,- ասուլիսում ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի մասին խոսելիս:

«Մենք սահմանել էինք վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ը, ըստ այդմ կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հանրապետության տարածքում որտեղ էլ որ լինեն, աշխատեն մինչեւ հոկտեմբերի 25-ը վերջնականորեն հաշվառվել: Մենք գիտենք, որ նման անձանց թիվը բավականին քիչ է»,-հավելեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը: Նրա խոսքով, հաշվառվածներից 65 տարի եւ ավել  տարիք ունեցող Արցախից բռնի տեղահանվածներ թիվը 12404 է, իսկ մինչեւ 19 տարեկանների թիվը՝  ավելի քան 30 հազար:

Պատասխանելով հարցին՝ արդյոք եղե՞լ են կրկնակի հաշվառման դեպքեր կամ հաշվառվե՞լ են մարդիկ, որոնք չեն համարվում ծրագրի շահառու, Արմեն Ղազարյանն այսպես արձագանքեց. «Դրա համար ես յուրաքանչյուր պարագայում նշում եմ հաշվառված եւ նույնականացված անձանց տվյալները: Մենք, ցավոք սրտի, դեպքեր ենք ունեցել, երբ փորձել են  ներկայացնել անձանց տվյալներ, որոնք չեն գտնվում հանրապետության տարածքում, կամ բռնի տեղահանության ժամանակահատվածում չեն գտնվել հանրապետության տարածքում: Դրա համար յուրաքանչյուր տվյալի մուտքագրման պարագայում իրականացնում ենք կրկնակի ստուգումներ եւ համադրումներ այլ տվյալների շտեմարանների հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031