Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադեմ աշխարհի «մարդասիրությունը», որը երբևիցե գոյություն է ունեցել, իր վախճանը գտավ Արցախում․ Ermenihaber.am

Հոկտեմբեր 20,2023 16:59

Ադրբեջանը փորձում էր հասկանալ, թե որքան հեռու կարող է գնալ մարդու իրավունքների խախտման հարցում և որքան ավելի շատ հեռու էր գնում՝ այնքան ավելի ու ավելի էր անպատժելիությունը հիմք ստեղծում դրանց կրկնության համար:

Ի վերջո, Ադրբեջանն Արցախի հայաթափման և խնդրի վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ եղավ հերթական անգամ ուժի կիրառմանը: 2023-ի սեպտեմբերի 19-ին ամբողջ աշխարհի աչքի առաջ, այդ թվում ռուսական խաղաղապահ զորքերի ներկայության պայմաններում հանդգնեց Արցախի բնակչության վրա ռազմական հարձակում իրականացնել: Եվ փաստորեն Արցախը մնաց մեն-մենակ՝ պայքարելու իր գոյությունը պաշտպանելու և ապրելու իրավունքի համար:

Մեկ օր տևած ռազմական գործողություններից հետո ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադբեջանի և Արցախի ղեկավարության միջև հրադադարի հաստատման պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Այդ օրերին Ադրբեջանը թիրախավորում էր ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի շենքերն ու տները, այլև դաժանորեն սպանում հայերին և ավերում այն սահմանամերձ գյուղերն ու գյուղաքաղաքները, որտեղ հաջողել էր մուտք գործել: Արցախում բնակվող հայերը, ովքեր մատնվել էին սովի և չունեին ազատ տեղաշարժվելու իրավունք, այժմ էլ կանգնած էին ցեղասպանության վտանգի առաջ:

Սեպտեմբերի 20-ին և հաջորդող օրերին արցախցիները կարողացան ապաստան գտնել Ստեփանակերտի օդանավակայանում՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրերից մեկում, Ստեփանակերտի այլ հատվածներում, տների նկուղներում և այլ հարաբերականորեն ապահով վայրերում: Արցախցիները ստիպված եղան ուժի կիրառման և դրա անհամեմատելի գերազանցության պարագայում լքել իրենց տները՝ կյանքի նկատմամբ ուղիղ սպառնալիքի ներքո:

Սեպտեմբերի 20-ի հրադադարի պայմանավորվածությանը հաջորդած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Եվլախում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական և ադրբեջանական օգնություն մտավ Արցախ, մարդկանց տրամադրվեցին վառելիքի և սննդի սուղ պաշարներ: Չնայած այդ փոքրածավալ օգնությանը՝ 9 ամիս հյուծված Արցախում հումանիտար վիճակը շարունակում էր այդ օրերին մնալ ծայրահեղ ծանր:

Երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին Լաչինի միջանցքով ապահովելու արցախցիների անխափան երթևեկը Հայաստան մեկնելու համար, տասնյակ հազարավոր հայեր շտապեցին օգտագործել հնարավորությունը փրկվելու վերահաս վտանգից:

Մինչ արցախցիներից որոշները լքում էին իրենց տները և շարժվում դեպի Հայաստան, տեղի ունեցավ հերթական աղետը. սեպտեմբերի 25-ին մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ շատ հեռու գտնվող վառելիքի պահեստում ուժգին պայթյուն եղավ, որին զոհ գնաց ավելի քան 200 մարդ, իսկ 10-նյակ մարդկանց ճակատագրեր այդպես էլ մնացին անհայտ՝ դասվելով անհետ կորածների շարքին:

Այս բոլոր աղետալի իրադարձությունների բովում ՀՀ տեղափոխնման ընթացքում Ադրբեջանը շարունակեց հայերի ձերբակալման անօրինական գործընթացը:

Նախապես Ադրբեջանի կողմից Արցախի իշխանություններին տրամադրված ապօրինի հիմունքներով կազմված անվանացանկի համաձայն՝ ձերբակալվեցին մի շարք պաշտոնատար անձինք, զինվորականներ, այդ թվում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Նրանք մինչ օրս շարունակում են մնալ Ադրբեջանական բանտերում, նրանց առաջադրվել են ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու, դրանց զինելու, առաջնորդելու և նմանատիպ մի շարք այլ շինծու մեղադրանքներ:

Եվ ահա տեղահանման գործընթացի սկսվելուց հետո արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ կառավարության հայտարարության համաձայն՝ Հայաստան էր մուտք գործել 100.483 անձ, ում թիվը գալիք մի քանի օրվա ընթացքում պետք է հասներ շուրջ 100.600-ի:

Այսպիսով միջազգային հանրության սին հայտարարությունները չօգնեցին Արցախին և ամբողջ հայությանը դիմակայելու Ադրբեջանի ցեղասպան և էթնիկ զտման քաղաքականությանը: Ադրբեջանի անպատժելիությունը բերեց Արցախի էթնիկ հայերի՝ իրենց սեփական տներում ապրելու իրավունքի ոտնահարմանը և Արցախի ամբողջական հայաթափմանը:

Թուրքիան՝ Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցը, չնայած աշխարհում ստանձնած իր «խաղաղարարի» դերին (Ուկրաինա-Ռուսաստան, Պաղեստին-Իսրայել հակամարտություններում), շտապել էր իր լիակատար աջակցությունը հայտնել Ադրբեջանին և աչք փակել հերթական ցեղասպանական գործողությունների վրա՝ որի առաջին հեղինակը եղել էր հենց ինքը (1915թ. Հայոց Մեծ եղեռն):

Այս ամենն ապացուցում է միայն հետևյալը. հումանիզմը վաղուց է լքել աշխարհը՝ որի շահառուն դարձավ նաև Արցախը:

Պատահական չէ, որ ադրբեջանաթուրքական տանդեմն այժմ էլ սպառնում է Հայաստանից պոկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը մի կողմից Ադրբեջանը ցամաքային կապով միացնելու է Նախիջևանին, իսկ Թուրքիան՝ ամբողջ թյուրքական աշխարհին:

Աշխարհաքաղաքական շահերն այդպես էլ չեն ստորադասվում և չեն ստորադասվելու մարդկային կյանքի բացարձակ արժեքին, իսկ Հարավային Կովկասում խաղաղությունը կարող է հաստատվել միայն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա։ Դրանց կեղծ լինելն էլ ենթադրում է, որ ՀՀ-ն պետք է սեփական միջոցներով հանձն առնի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն արտաքին սպառնալքիներից։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության հոկտեմբերյան սրացումից հետո էլ Իրանը, որը Հայաստանի օգտին ուղերձներ էր հղում, այժմ արդեն զբաղված է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործով։ Եվ եթե Հայաստանի դեպքում իրանական երաշխիքներ որոշակիորեն կային, ապա նույնը չենք կարող ասել Արցախի դեպքում։

Իսկ ինչպիսի՞ն է իրերի դասավորությունը հիմա. աշխարհն Ուկրաինայում և Իսրայելում է, իսկ Հայաստանում, հիմա արդեն նաև բռնի տեղահանված արցախցիների կողքին միայն կոչերով է: Կարծում ենք այն առաջադեմ աշխարհի «մարդասիրությունը», որը երբևիցե գոյություն է ունեցել, իր վախճանը գտավ Արցախում:

Ահա բարձր արժեքներ և համերաշխություն քարոզող աշխարհը, որ միայն դրանց մասին ազդարարող թղթեր է ստորագրում, իսկ դրանց իրագործման անհրաժեշտ պահին՝ հապաղում գործել: Այնպես, ինչպես ավելի քան մեկ հարյուրամակ առաջ Թուրքիան իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ 21-րդ դարում Ադրբեջանն իրականացրեց արցախայահերի էթնիկ զտում՝ փաստացի օգտագործելով ցեղասպանական մեթոդներ:

Հեղինակ` Անդրանիկ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031