Լրահոս
Օրվա լրահոսը

«Խափանման միջոց կալանքը հասարակության համար նախազգուշական բնույթ եւ վախեցնող մահակի նշանակություն ունի». ՔԿՀ-ներում դիտորդների խմբի նախագահ

Հոկտեմբեր 20,2023 16:46

Մեդիա կենտրոնում այսօր «Ցուցարարները՝ կալանավորված. կալանքը շարունակվում ե կիրառվել որպես պատժիչ մահա՞կ» թեմայով քննարկման ժամանակ ՔԿՀ-ներում դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջով անցկացված հանրահավաքների ավելի քան 30 մասնակցի կալանավորված լինելու մասին, որոնցից 26-ը Նուբարաշենի բանտում է, մեծ մասը՝ ուսանողներ, եւ թե ինչո՞ւ է կալանքը շարունակում մնալ խափանման «նախընտրելի» միջոց, ասաց. «Խնդիրն ակտուալ է: Տարիներ շարունակ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, բայց լուծումները դեռեւս այնքան հստակ չեն, որպեսզի վստահ լինենք, որ կալանավորումը կիրառվում է այն դեպքերով, որտեղ անհրաժեշտ է»:

Կոնկրետ այս դեպքի մասին տիկին Հովհաննիսյանն ասաց, որ իրենց այցի շրջանակներում պարզվել է, որ գրեթե 30 անձ, որ մասնակցել է հանրային բողոքի ցույցերին, կալանավորված է եւ նրանց մեծ մասը ուսանող է, ինչը չի կարող մտահոգիչ չլինել: Նա արձանագրեց,  որ երիտասարդը, ուսանողը կալանավայրում հայտնվելով այս կամ այն կերպ հաղորդակից է դառնում այն մշակույթին, որն առկա է կալանավայրում եւ դա արդեն իսկ խնդիր է: Նաեւ հատուկ նշեց, որ առանց բավարար հիմքերի պատժի այդ բարձրագույն միջոց կալանավորմամբ ուսանողը զրկվում է նաեւ  կրթության իրավունքից, ինչը եւս մարդու իրավունքի խախտում է, ինչպես եւ ազատությունից զրկելը, ինչը բարձրագույն արժեք է:

Բանախոսը, հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա, ենթադրեց, որ նախկինում կալանավորումների պրակտիկան շարունակվում է այսօր էլ: Ու հրապարակեց թվային տվյալներ, մասնավորապես, Քննչական կոմիտեի այս տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ հրապարակման շրջանակներում: «Նշված է, որ 1188 միջնորդությունից դատարանը բավարարվել է 990-ը եւ կալանավորում է կիրառել: Դա 83,3 %-ն է: Ճիշտ է, պետք է նշել, որ քրեական վարույթների ծավալը շեշտակի աճել է: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում 27400-ից ավելի վարույթ է իրականացվել,  այս տարի 56700-ի կարգի է»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Նա արձանագրեց, որ այս տարվա հունվարից ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքով սահմանված խափանման այլ միջոցները՝ տնային կալանքը, որով ներկայացվել է ընդամենը 65 միջնորդություն եւ բավարարվել է 56-ը, վարչական հսկողություն՝ ընդամենը 11 դեպք, ցույց են տալիս, որ կալանք կիրառելու սովորույթի ուժը պահպանվել է, չնայած արդեն 10 ամիս ուժի մեջ են մտել նոր քրեական օրենսգրքով սահմանված խափանման այլ միջոցները:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, կալանքը որպես նախընտրելի խափանման միջոց կիրառելը պայմանավորված է նրանով, որ կալանքը ամենահեշտ միջոցն է անձին վերահսկողության ներքո պահելու եւ բոլոր քրեական գործողությունները արագ իրականացնելու համար, ապա սրանք նաեւ այն դեպքերն են, որոնք նախազգուշական բնույթ են կրում: Այսինքն, փողոցում հայտնվելը, պետական մարմինների դեմ դուրս գալը ունի քրեական հետեւանք, որի շրջանակներում ամենախիստ միջոցները կարող են կիրառվել անձանց նկատմամբ: Դա ունի նաեւ վախեցնող մահակի նշանակություն հասարակության համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031