«Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հենց պիտի կանչի Նիկոլ Փաշինյանին ու ասի՝ մեզ ուրիշ ծրագրով ես ներկայացել, հիմա էս ինչեր ես խոսում, էս ինչ հայտարարություններ ես անում, իսկ դրա համար ընդամենը պետք է, որ 57, թե քանի պատգամավոր կողմ քվեարկի: Եթե իրենք չանեն, մենք հասարակությունով պետք է բացատրենք»,- այսօր Հանրապետության հրապարակում երկրում ստեղծված վիճակով անհանգիստ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ, դիվանագետ Էդգար Ղազարյանը:
Ըստ նրա, յուրաքանչյուր պատգամավորի, այդ թվում ընդդիմությունից պետք է հարցնել՝ ինչու չեն ուզում անվստահություն հայտնել Փաշինյանին. «Կարող է ասեն, գիտեք՝ ինչ, որովհետեւ մենք կոռումպացված ենք, ինքը մեզ վրա կոմպրոմատներ ունի, որովհետեւ չենք ուզում, որովհետեւ հիմա չենք ուզում գալ իշխանության, չունենք վարչապետի թեկնածու կամ որ այդ քայլին գնան, իրենց չեն տանի գործուղումների»:
Էդգար Ղազարյանի խոսքով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների որոշ պատգամավորներ վարչապետին անվստահություն չհայտնելու գործընթաց չսկսելը բացատրում են նրանով, որ միեւնույնն է՝ ՔՊ-ն չի միանա այդ նախաձեռնությանը. «Ասում են, որ մենք սկսենք, ՔՊ-ի պատգամավորները դեմ կքվեարկեն: Ասում ենք՝ եկեք մի հատ հասեք ՔՊ-ին, տեսնենք՝ իրենք ինչ կանեն, հլը որ դուք չեք ուզում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ