Հասարակական գործիչ, դիվանագետ Էդգար Ղազարյանը պնդում է՝ ՀՀ որեւէ քաղաքացի՝ անկախ նրանից Վայքի, Արցախի, թե Գյումրու բնակիչ է, եթե պահանջ ունի, այդ պահանջի հասցեատերը մի հոգի է՝ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչի Արցախում մարդիկ կան, որ եկել են Հայաստան ու չգիտե՞ն՝ ինչու են եկել այստեղ, Սամվել Շահրամանյա՞նն է իրենց բերել այստեղ: Նիկոլ Փաշինյանի որոշումների հետեւանքով չե՞ն եկել իրենք այստեղ: Պատերազմը ո՞ր թվին է ավարտվել, երեք տարի առաջ այս օրերին՝ նոյեմբերի 9-ին է ստորագրվել խաղաղության համաձայնագիրը, որի ժամանակ դեռ իրենք մնացել են Արցախում:
Անցած տարի այս օրը այդ մարդիկ դեռեւս ապրում էին Արցախում, իրենց գործով էին զբաղվում, գնում էին աշխատանքի: Ինչ իրադարձություններ եղան, որ պատճառ դարձավ Արցախը Ադրբեջանին հանձնելու, հայաթափելու: Իրենք հեռուստացույց չունե՞ն, ինտերնետ չունե՞ն, չե՞ն հետեւում իրադարձություններին: Տեղյա՞կ չեն, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչեւ հոկտեմբերի վեցը ներառյալ խաղաղության համաձայնագիրը ստորագրած ՌԴ նախագահին թողել է մի կողմ ու մինչեւ հոկտեմբերի 6-ը բանակցել է Եվրոպայում, Բրյուսելում Շառլ Միշելի, Ալիեւի հետ: Տեղյա՞կ չեն, հոկտեմբերի 6-ին Փաշինյանը ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տեղյա՞կ են, թե հոկտեմբերի 6-ին իր ստորագրած փաստաթուղթը ինչպես է մեկնաբանում ու դրանից հետո չե՞ն հասկացել՝ իրենց դժբախտությունների պատճառն ով է: Փաշինյանի՝ պատերազմի վերաբերյալ մեկնաբանություններից հետո չե՞ն հասկացել՝ ով է իրենց երեխեքին սպանել, պատերազմը հրահրել ու իրենց երեխեքին տարել գցել, սարքել պատերազմի զոհ: Հիմա մտածում են, որ իրենց հասցեատերը Արցախի ներկայացուցչությո՞ւնն է, այլ ոչ թե Բաղրամյան 26-ը՞: Այդ մարդիկ, եթե պահանջներ ունեին, կարծում եմ՝ պետք է Հանրապետության հրապարակ գան, Բաղրամյան 26 գնան, ման գան Փաշինյանի հետեւից՝ իրենց դժբախտությունը ստեղծողի հետեւից գնան ու նրանից հաշիվ պահանջեն՝ անկախ նրանից, թե ինչ անմիտ մեկնաբանություններ է անում: Ասում է՝ գիտես ինչ, նախկիններն են մեղավոր, ռուսներն են մեղավոր, 5-րդ շարասյունն է մեղավոր, չգիտի՝ էդ ինչ է, սաղ մեղավոր են: Ով որ երկիրը ղեկավարում է, նա էլ իր ղեկավարած ժամանակաշրջանի տերն է, լավի տերն էլ է, վատի տերն էլ է ինքը: Եթե բացասական զարգացումներ եղել են քո պաշտոնավարման շրջանում, դա քո պատասխանատվության հարցն է… Ո՞նց է հնարավոր իշխանության տերը դու լինես, բայց մեղավորը ուրիշ մի մարդ լինի, նման բան չի լինում»,- այսօր Հանրապետության հրապարակում երկրում ստեղծված վիճակով անհանգիստ քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով այսօր Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց Արցախի նախագահից հարցերի պատասխաններ սպասող արցախցիների հավաքին:
Լրագրողի դիտարկմանը, թե Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց հավաքված արցախցիներն այսօր պնդում էին, թե Սամվել Շահրամանյանը ՀՀ իշխանությունների վստահությունը չի վայելում, Էդգար Ղազարյանը նկատեց, որ Արցախի նախագահը Արցախի ժողովրդի վստահությունը պիտի վայելի. «Հայաստանի իշխանությունները ՀՀ ժողովրդի վստահությունը վայելո՞ւմ են, 9 տոկոս քվե չե՞ն ստացել վերջին Երեւանի ավագանու ընտրություններում:
Կարդացեք նաև
Մեկ միլիոն 200 բնակիչ ունեցող քաղաքում 74.000 ձայն չի՞ ստացել Նիկոլ Փաշինյանը, ինքը ժողովրդի վստահությո՞ւն է վայելում, ոչ մի ժողովրդի վստահություն էլ չի վայելում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ