Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործ ունենք երկրի անվտանգության հետ, դու ո՞նց կարող ես Ադրբեջանի այս թշնամանքի պայմաններում գնաս քարտեզների թվեր քննարկես». Թաթոյանը՝ անկլավների մասին

Հոկտեմբեր 20,2023 15:58

Այսօր հրավիրած ասուլիսում Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն ասաց, որ Ադրբեջանը կեղծ թեզերով խոսում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին ու փորձում հիմնավորել: Խոսում են 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» մասին, ընդ որում՝ առաջին փուլով. «Այս վերջում մեծ լսումներ եղան, որտեղ արդեն խոսում էին 100 հազարի մասին: Նրանք արդեն որոշել են բնակավայրեր, նշանակել համակարգողներ, Հայաստանի բնակավայրերի մասին խոսում են ադրբեջանական տեղանուններով միայն: Խոսում են այդ մարդկանց իբր անվտանգության ապահովման մասին, խոսում են միջազգային առաքելության մասին, որ պետք է ապահովի ու պիտի լինի այնպիսի երկիր, որը վայելի այդ համայնքի վստահությունը: Հասկանում եք, թե ինչ երկրի մասին է խոսքը: Նրանք հիմա թիրախավորել են մեր եկեղեցիները՝ Հաղարծինը, Նորավանքը, Գեղարդավանքը: Նրանք պնդում են, անգամ համերաշխության պայման են առաջ քաշում, որ դրանք պետք է վերադարձվեն իրական տերերին, ովքեր օրինակ Կովկասի ալբանացիներն են, ուդիներն են: Թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցին, ներկայացնում են որպես հինգերորդ շարասյուն»:

Հարցին՝ հիմա խոսում են անկլավների մասին, Արծվաշենը ի՞նչ է մեզ տալու եւ ի՞նչ ենք կորցնելու՝ ՀՀ տարածքում գտնվող այսպես կոչված անկլավները տալով՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Ի՞նչ է նախ նշանակում անկլավ, այդ մեխանիկական քաղաքական տերմինը պետք է դուրս գա ոչ միայն մեր խոսույթից, այլ մեր քայլերի հիմքում չպետք է դրա մասին որեւէ գաղափար հիշեցնի: Երբ խոսքը սահմանների մասին է, միջազգային սկզբունքներ կան, մեզ համար կարեւոր է հիմքում դնել անվտանգության սկզբունքը եւ մարդու իրավունքները, մարդու պաշտպանությունը: Այդ քարտեզների գաղափարը՝ այս թվի, այն թվի, սա ի՞նչ է նշանակում, մենք գործ ունենք երկրի անվտանգության հետ, դու ո՞նց կարող ես Ադրբեջանի այս թշնամանքի պայմաններում գնաս քարտեզների թվեր քննարկես: Պետք է հիմքում դնես՝ այդ քայլերի արդյունքում մեր ժողովրդի, մեր հայրենակիցների անվտանգությունը խաթարվո՞ւմ է, թե՞ չէ, բնականոն կյանքը խաթարվելո՞ւ է, թե՞ չէ: Բա ի՞նչ է լինելու:

Արցախի օրինակը ինչո՞ւ ենք ամրագրել, սա ադրբեջանական տիպիկ քաղաքականություն է, որը նրանք փափագում են գործադրել բնականաբար նաեւ Հայաստանի նկատմամբ: Հիմա պատկերացրեք Տավուշում նման բան տեղի ունենա, բա ճանապարհների վիճակը, մեկուսացման մեջ են էլի բոլորը հայտնվելու: Նաեւ մեծ վտանգ կա հայ-վրացական սահմանի հետ կապված:

Այստեղ կարեւոր է պատմական փաստերին անդրադառնալ: Տեսեք Ադրբեջանն ինչ է անում՝ իրենց ցանկացած պահանջի հիմքում դնում են գոյություն չունեցող կեղծ փաստեր, գնում հասնում են մինչեւ 1800-ականներ, որ այն ժամանակ գոյություն էլ չի ունեցել այդ պետությունը: Իսկ բոլոր փաստերը մեր տակը դրած, որ դրանք բոլորը պատմական հայկական գյուղեր են, Արծվաշենը, օրինակ, հիմիկվա քարտեզով նայում ես, փոքր կղզի է Ադրբեջանի տարածքի մեջ, բայց իրականում այն Խորհրդային միության ժամանակ Խորհրդային Հայաստանի մաս է կազմել, հետագայում կտոր-կտոր կտրելով՝ դարձել է Արծվաշենը կղզիացած մի տեղ: Տիգրանաշենից են խոսում, կառավարությանը հարց են տալիս, ասում են՝ մենք, ոչինչ, ուրիշ ճանապարհներ կգտնենք: Ասենք, մենք պետք է Ադրբեջանի քմահաճույքին տրվենք, մեր փաստարկները չներկայացնենք, ընկնենք մեր ժողովրդին տանջե՞նք, նորից էլի այլընտրանքային ճանապարհնե՞ր կառուցենք, ոնց որ Սյունիքում էինք անում:

Ադրբեջանը գալիս էր ճանապարհի վերահսկողությունը վերցնում էր, մենք ապացույցներ էինք ներկայացնում, որ միանգամից հիմքեր կան նրանց հեռացնելու այնտեղից, Հայաստանը գնում ի՞նչ էր անում՝ նոր ճանապարհներ էր կառուցում սարերով ու ձորերով, որ մինչեւ հիմա էլ այդ ճանապարհների զգալի մասը հնարավոր չէ օգտագործել սովորական մեքենաներով:

Տիգրանաշենի դեպքում տեսեք ոնց է մյուս մարզերի հետ կապը վտանգվում, մարդիկ նաեւ այդտեղ ապրում են, չէ՞, կենսագործունեություն են ծավալում, ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ: Մենք իրավունք չունենք մեխանիկական այդպիսի մոտեցումներով շարժվենք, դա միայն Ադրբեջանին ձեռնտու մոտեցում է: Կան միջազգային սկզբունքներ, ԵԱՀԿ-ի կանոններն են, որ պետք է անպայման հաշվի առնել մարդկանց բնականոն կյանք, ջրային ռեսուրսներ, անտառային քարտեզներ: Մարդիկ անգամ եթե իրենց բնականոն կյանքի համար մի ջրի աղբյուրից են օգտվում, անգամ դա պետք է հաշվի առնել:

Ինչ վերաբերում է մեծությանը, Արծվաշենի տարածքը ավելի մեծ է, քան մյուսները, բայց դա չի կարող մեզ համար ավելի նշանակություն ունենալ, դա Ադրբեջանի ներսում այս պահին գտնվող տարածք է: Շատ ներողություն, Ադրբեջանը կարող է ասել՝ եկեք մի երկու հատ էլ Արծվաշեն Ադրբեջանի էն մյուս հատվածներում տանք, մենք դրա փոխարեն ասելու ենք հա դե լավ, տարածքը մեծ է, վերցնե՞նք այս գյուղերը: Բա մարդկանց անվտանգությո՞ւնը ինչ է լինելու, ո՞նց ենք այնտեղ ապահովելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031