Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը քիչ առաջ դուրս եկավ մի խումբ արցախցիների հետ հանդիպումից, եւ Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին պարզաբանումներ տվեց։
Նա ասաց, որ հանդիպման ժամանակ հիմնական հարցերին պարզաբանում տվել է, հարցերի մեծ մասը սոցիալական խնդիրների մասին էին՝ աշխատավարձեր, բնակարանային հարցեր, աշխատանքի հետ կապված։ «Մենք պատրաստ ենք ձեր հարցերը գույքագրել, ներկայացնել համապատասխան տեղ։ Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված, մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տանք։ Այդ նպատակով ներկայացուցչությունում 2 սենյակ ենք տրամադրել, որտեղ կամավորները կաշխատեն», -ասաց Շահրամանյանը։
Մյուս կարեւոր հարցը, որ քննարկել են, ինչպես ասաց Շահրամանյանը, քաղաքական է՝ արցախցիների ապագայի մասին․ «Ներողություն եմ խնդրում, բայց կան հարցեր, որոնք ես ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, դա մեծ վտանգներ կարող է պարունակել»։
Շահրամանյանը ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիներին, որոնք առավոտից բողոքի ցույց էին անում, խնդրեց գնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով․ «Առաջիկայում մարդիկ կարող են գալ ներկայացուցչություն ու ամենքն իրենց հարցերը բարձրացնել, մեր դռները բաց են։ Խնդրում եմ մեր արցախցիներին, այս ամենը վտանգավոր է, սթափ եւ զգոն եղեք այս հարցերի շուրջ, պետք չէ սադրանքների դիմել, սա մեզ բնորոշ չէ, մենք իրավունք չունենք իրար մեջ նման ոճ դրսեւորել։ Ձեր խնդիրը պարզ է, առաջիկայում հանրայնորեն ձեր հարցերին պատասխանելու եմ։ Մեզ միասնություն է պետք։ Այն, ինչ օրինական պահանջ է ձեր կողմից, ես ձեր կողքին կանգնած եմ։ Այն, ինչ անօրինական է, ես չեմ կարող ներգրավվել։ Ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի հետագա ճակատագիրը։ Ցուցաբերեք քաղաքացիական հասկացողություն։ Կան հարցեր, որ ես այստեղ ի վիճակի չեմ պատասխանել»։
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներից մեկին՝ Մարտունու շրջանից Ռիտա Գեւորգյանին ակնհայտորեն չբավարարեցին Շահրամանյանի պարզաբանումները, ասաց՝ խաբում է ժողովրդին, որ մարդիկ հեռանան այստեղից․ «Ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի ու սրանց չլսի։ Սրանք դրածո են, անգրագետ։ Մենք չենք հավատում սրանց։ Երեսուն տարի թալանել են, իրենք ժողովրդին գցել այս օրը։ Մեր հանրապետության առաջին նախագահին, խելացի տղային սպանել են, ու ռսաստրուկներն անցել իշխանության գլուխ, մեզ բերել մեզ հասցրել էս օրին։ Ժողովրդին էն վիճակի են հասցրել, որ մարդիկ հայհոյում են նրանց»։
Ռիտա Գեւորգյանն առաջարկ արեց՝ Արցախի այն պաշտոնյաները, որոնք երեսուն տարիների ընթացքում, իր խոսքով ասած՝ թալանել են, այդ ամենը բռնագանձվի նրանցից․ «Գործարաններ ունեն, դղյակներ, կղզիներ, թող բռնագանձեն, տան տուն չունեցող արցախցիներին, մարդիկ գոմերի մեջ են քնում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ