Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է լիազորել, որ Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների առնվազն 50 և ավելի տոկոսը կարողանա ստեղծել խորհուրդ, որը կընտրի հեռուստաընկերությունների չափումներն իրականացնող կազմակերպությանը

Հոկտեմբեր 20,2023 14:51

Օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգի ներդրման միտումներով:

««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 20-ի արտահերթ նիստում:

Նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը, կարեւորելով նախագիծը, նշել է, որ ցանկացած կարգավորում նախեւառաջ պետք է տեղի ունենա հենց ոլորտի շահառուների, այսինքն` հեռուստաընկերությունների լիիրավ եւ անկաշկանդ մասնակցությամբ:

«Երկրորդ սկզբունքը եւ կարեւորագույն կետերից մեկն այն է, որ այս կարգավորման բացակայությունը, ըստ էության, անպաշտպան էր դարձնում հենց նույն հեռուստաընկերություններին, որոնք, փաստացի, կարող էին տիրապետել գովազդից եկող հոսքերի, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ բաշխումը, ըստ իրենց, տեղի էր ունենում անարդար: Օրինակ` եթե որեւէ գովազդային ընկերություն գովազդ էր պատվիրում հեռուստաընկերություններում, տեղի էր ունենում չափում»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Առաջարկվում է լիազորել, որ Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների առնվազն 50 եւ ավելի տոկոսը կարողանա ստեղծել մի խորհուրդ, որը կընտրի հեռուստաընկերությունների չափումներն իրականացնող կազմակերպությանը: Վերջինիս տվյալներն էլ հիմք կհանդիսանան գովազդի բաշխման համար:

«Խոսքը գնագոյացման մասին չէ, այլ նրա, որ հեռուստաընկերությունները վստահ լինեն` իրենց ընտրած կազմակերպությունը ճիշտ տվյալներ է ներկայացնում հեռուստաընկերությունների ռեյտինգների վարկանիշների վերաբերյալ եւ ըստ դրա էլ` գովազդատուների կողմից արդարացիորեն կբաշխվի գումարը»,- ընդգծել է Սիսակ Գաբրիելյանը:

Նշվել է, որ ներկայում Հայաստանում գործում է մի ընկերություն, որի իրականացրած չափումները չեն արտացոլում հեռուստալսարանի իրական պատկերը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ հանդիպել է բոլոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, եւ բոլորն էլ համակարծիք են եղել այս կարգավորմանը: Նախագիծը քննարկվել է նաեւ գործադիր մարմնում:

Հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է, թե խորհրդի հետ ինչ կապ է ունենալու պետությունը: Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել է, որ թե’ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, եւ թե’ Պետական եկամուտների կոմիտեն իրականացնելու են իրենց վերահսկողական գործառույթները: Հանձնաժողովի անդամները կարծում են, որ առաջարկվող կարգավորումը միտված է պաշտպանելու ե’ւ գովազդատուների, ե’ւ հեռուստաընկերությունների շահերը:

Նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: «Օրինագիծը կարգավորում է ոլորտը` մեկ, պետության մասնակցությունը զրոյական է` երկու, եւ պետության համար ֆինանսական բեռ չի ավելացնում` երեք: Սրանք այն բավարար պայմաններն են, որոնք նախագծի վերաբերյալ մեր կարծիքը դարձնում են դրական»,- ընդգծել է նա:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031