«Մենք ունենք փաստեր, որ տեղի են ունեցել խոշտանգումներ, վայրագություններ: Ադրբեջանական իշխանությունները օգտվում են նրանից, որ մարդիկ խուճապահար վիճակում են եղել, հեռախոսների մեջ լիցքավորում չի եղել, գնում էին Կարմիր խաչի մոտ, որ հեռախոսները լիցքավորեին, կապի դուրս գային, իսկ հեռախոսով հնարավոր էր փաստեր ամրագրել: Օգտվելով մի շարք հանգամանքներից՝ հայտարարում են, թե նման խոշտանգման դեպքեր չեն եղել, բայց եղել են եւ մենք արձանագրել ենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ նոր զեկույց են պատրաստում հենց այդ մասով. «Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ նշում են, որ տեսել են իրենց ազգականի նկատմամբ դաժան վերաբերմունք, մեկը տեսել է իր ընտանիքի նկատմամբ դաժան վերաբերմունք, ընտանիքի անդամին սպանված են գտել եւ այլն: Հիմա այդ փաստերի վերջնական ամրագրման աշխատանքներն ենք իրականացնում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները Հակարիի կամրջի մոտ հարցազրույցներ են արել, որ մարդը, որն իր ընտանիքով փորձում է դուրս գալ, վտանգի սպառնալիքի տակ, ասում է, որ կամովի ենք դուրս գալիս, բայց ԶԼՄ-ներից դուրս փաստեր կան, թե ինչպես են ադրբեջանցի զինվորակաները ասել՝ այլեւս այստեղ չվերադառնաք, չհամարձակվեք մտածել Արցախ գալու մասին, կսպանենք ձեզ. «Ունենք արձանագրություններ, երբ տեսել են՝ մարդիկ խաչ ունեն, խաչի նմանվող պատկեր են ունեցել, ձեռքից վերցրել են, մարդիկ ասում են՝ հագուստի մեջ այնպես էի փաթաթել, որ չտեսնեն՝ մոտս խաչ կա: Ունենք փաստեր, որ երբ մարդիկ մուգ կանաչ գույնի, զինվորականի նմանվող մեքենայով են եղել, օրինակ, «Ուրալ» մեքենայով, ադրբեջանական զինված ծառայողները իրենց ձեռքից վերցրել են: Դրանք եղել են սեփական մեքենաներ, բայց մարդկանց շոր-բան հանել են, ձեռքից վերցրել: Մարդիկ այլ ձեւ են ստիպված գտել դուրս գալու»:
Կարդացեք նաև
Թաթոյանն ասաց, որ այս ամենը հաշվի անելով՝ պետք է կանխենք դա, որովհետեւ Ալիեւի ատելությամբ լի ելույթները հիմա Հայաստանի նկատմամբ են, տպավորություն է, որ մի գործից պրծել են, անցել են մյուսին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ