Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռան հետեւից գնացող պապի մեքենան ադրբեջանցիները կրակահերթով ցանց են սարքել ու սպանել. Թաթոյանը փաստեր է ներկայացնում հարձակման ու էթնիկ զտման վերաբերյալ

Հոկտեմբեր 20,2023 14:06

Այսօր հրավիրած ասուլիսում Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը պատմեց, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները նպատակադրված ձեւով Արցախում մարդկանց խուճապի մատնել ու էթնիկ զտում իրականացրել: Դեռ 44-օրյա պատերազմից հետո Թաղավարդ, Կարմիր շուկա գյուղերում՝ բնակավայրերի, դպրոցների անմիջապես հարեւանությամբ ադրբեջանական դիրքեր են եղել. «Մարդիկ պատմում էին՝ ինչպես են ադրբեջանական զինված ծառայողները տների մեջ կանաչ գույնի լույսեր թողել գիշերով, ահաբեկել երեխաներին: Նրանք տեռորի են ենթարկել ուղղակի մարդկանց: Սարուշեն գյուղի մոտից առաջխաղացում են նրանք արել սեպտեմբերի 19-ին, Ստեփանակերտի մոտ զինված ուժեր դրել»:

Անդրադառնալով Ասկերանի հատվածին՝ Թաթոյանը հիշեցրեց այն տեսարանը, որ մարդիկ Ասկերանի գյուղերից ապաստանել էին օդանավակայանում: Քարտեզի վրա նա ցույց տվեց ինչպես են ադրբեջանցիները հարձակվել ու մարդկանց, այսպես ասած, քշել իրենց ուզած ուղղությամբ. «Սառնաղբյուրում երեք երեխա սպանվել էին, երկուսը եղել են մի ընտանիքի անդամներ՝ 8 եւ 10-ամյա, ընդ որում, նրանք եղել են դպրոցում այդ ժամանակ: Դպրոցում նաեւ եղել է երկու քաղաքացիական անձ»:

Իսկ թե ինչպես են եղել առաջխաղացումները Ստեփանակերտի ուղղությամբ՝ Թաթոյանն ասաց, որ իրենց համար ռազմավարական նշանակություն է ունեցել Ստեփանակերտը մեկուսացնելը, որ կտրեին կառավարման կապը, ուզել են ստեղծել քաոս, որ չկարողանան մարդկանց հնարավորինս քիչ վնասով դուրս բերել: Դեպքերն այնքան արագ են զարգացել ու այնպես են ադրբեջանական զինված ուժերը խորացել Ստեփանակերտում, որ մարդիկ, որոնք իրենց տներից դուրս են եկած եղել, որ փորձել են գնալ տուն, տեսել են՝ արդեն ադրբեջանական դրոշ է իրենց տան վրա. «Չեն կարողացել ոչ իրեր վերցնել, ոչ մի բան, ստիպված նորից էլի հետ են վերադարձել դեպի կենտրոն: Ադրբեջանական զինված ծառայողները նաեւ նպատակ են ունեցել վնասվածքներ պատճառել քաղաքացիական ենթակառուցվածքների, որոնք կենսական նշանակություն են ունեցել մարդկանց համար: Ստեփանակերտը երկու ջրամբար է ունեցել խմելու ջրի: Միանգամից առաջացել են եւ գրավել ջրամբարները: Երբ փակել են, ջուրն այլեւս հնարավոր չի եղել ֆիլտրել»:

Թաթոյանի մոտ Ստեփանակերտից բերված ջուր կար, ցուցադրելով շշի մեջ լցված պղտոր ջուրը՝ նա նշեց. «Մարդիկ ստիպված են եղել խմել այս ջուրը ու անհայտ է, թե ինչ բաղադրիչ ունի այն, մենք պետք է գտնենք հնարավորություն փորձաքննության ներկայացնենք, որ որպես ապացույց կարողանանք օգտագործել: Ջուրը կենսական նշանակություն ունի: Ադրբեջանի քաղաքականությունն է սա առհասարակ, երբ նրանք որեւէ բնակավայրի նկատմամբ հարձակում են գործում՝ միանգամից աշխատում են վերահսկողության տակ վերցնել, գնդակոծել ջրային ռեսուրսների հատվածները: Այդպես է եղել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի որոշ գյուղերում, Սյունիքի մարզում: Օրինակ, Ներքին Հանդ գյուղը, մարդիկ խմելու ջուր չունեն, ստիպված գետի ջրից են օգտվում: Սեւ լիճը, որը վերցրել են իրենց վերահսկողության ներքո: Նրանց գլխավոր նպատակներից մեկն է մարդկանց հնարավորինս շատ վնասներ պատճառելը՝ քաոս առաջացնելու տրամադրությունով»:

Այդ նույն տրամաբանությամբ փակել են Ստեփանակերտի ելքերն ու մուտքերը: Թաթոյանը պատմեց. «Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտից մի քաղաքացիական մեքենա՝ ղեկին պապը, քանի որ թոռը գտնվել է Հարավ գյուղում, որոշել են գնալ՝ չիմանալով, որ ադրբեջանական զինված ծառայողները այստեղ դիրքեր են հաստատել, որովհետեւ կապ չկար առհասարակ: Իր մեքենայով, երբ երկու փեսաների հետ գնում են թոռան հետեւից, ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողները կրակահերթերով պարզապես ցանց են սարքել այդ մեքենան: Մենք ֆիքսել ենք ժամը, տեսանելի պայմաններում է եղել, որ քաղաքացիական մեքենա է, սպանել են այդ մարդուն եւ երկու փեսաները վիրավորվել են, հետո տեղափոխվել Ստեփանակերտ ու Երեւան: Ո՞վ կարող է մտածել, որ այստեղ էթնիկ զտումներ չեն եղել: Ուսումնասիրությունը վկայում է, որ հարվածներ են եղել հենց քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ հրետանային միջոցներով: Շուշիից կրակ է բացվել Ստեփանակերտի նկատմամբ, Քարին տակից ականանետերից եղել են հարվածները, Քոսալար, Սղնախից նույնպես: Սրանք ադրբեջանական դիրքերն են, որոնք 44-օրյայից հետո հաստատել էին: Ասել, թե ադրբեջանական զինված ծառայողները բնակչության հետ խնդիր չեն ունեցել, այսպես ասած հակաահաբեկչական գործողություններ են զուտ արել, այս փաստերով ոչնչացվում են: Նրանց նպատակն է եղել քաոս ստեղծելու, մարդկանց մեջ կապը կտրելու միջոցով հնարավորինս շատ վնաս պատճառելը»:

Թաթոյանը ռմբակոծված Ստեփանակերտից լուսանկարներ հրապարակեց. «Այս պայմաններում զարմանքը քիչ է ասել, միջազգային կազմակերպությունը, որը կոչվում է ՄԱԿ եւ կայքում ուղիղ գրած է, որ որեւէ մեկը չի կարող լուսանցքում հայտնվել, որեւէ իրավունք չի կարող խախտվել, գալիս արձանագրում են, թե մենք էթնիկ զտումների ականատես չենք եղել, էթնիկ զտումներ չեն եղել, մինչդեռ միջազգային փաստահավաք աշխատանքները ենթադրում են, պահանջում են, որ նախ չպետք է թույլ տային նման բան, երկրորդը պիտի մի հատ գային Հայաստան, Կոռնիձորում ու Գորիսում բոլորի հետ խոսեին, հասկանային խնդիրները որտեղ են, գնային Արցախ ու այլ բնակավայրեր: Սա պետք է լիներ նրանց հիմնական սկզբունքը, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ ուղղորդված նրանց ցանկալի վայրերը տանեին, մի հատ էլ հետո հայտարարեին, թե էթնիկ զտումներ չեն եղել: Միջազգային կազմակերպությունների պահվածքից տպավորություն է, որ այդ գեղեցիկ սկզբունքները, որ որեւէ մեկը չպետք է ենթարկվի մեկուսացման, լուսանցքում հայտնվի, մեր ժողովրդի դեպքում ստացվում է ընդամենը կայքերում գրված գեղեցիկ արտահայտություններ են՝ կոնֆերանսների ժամանակ դահլիճներում արվող»:

Հավաքված բոլոր փաստերն ու նյութերը Թաթոյանն ասաց, որ ուղարկելու են միջազգային կազմակերպություններին ու Հայաստանի պետական մարմիններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031