Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկուսացրել են, ասես մարդկանց լցնես մի մեծ սենյակում, ստիպես գնան այս ու այն անկյունը». Թաթոյանը ներկայացրեց բացառիկ փաստեր՝ Ադրբեջանի հարձակումից

Հոկտեմբեր 20,2023 13:49

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց բացառիկ փաստեր Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի զինված հարձակումների եւ առաջխաղացումների, տեղահանումների վերաբերյալ:

Փաստահավաք աշխատանքներն իրականացվել են զինված հարձակումից անմիջապես հետո եւ այդ փաստերը ամրագրում են կապը Ադրբեջանի պետական քաղաքականության եւ տեղի ունեցած աղետի միջեւ. «Ադրբեջանական իշխանությունները մանրամասն պատրաստվել են այս զինված հարձակումներին: Մենք փաստերի միջոցով բացահայտել ենք նրանց ռազմավարական նպատակները, ուղղությունները: Ադրբեջանի զինված ծառայողների, իհարկե նաեւ իշխանությունների նպատակներից է կտրել քաղաքացիական բնակավայրերն իրարից: Մենք Արցախում այդ ժամանակ ունեինք 4 քաղաքացիական բնակավայր՝ Մարտակերտ, Ասկերան, Մարտունի եւ Ստեփանակերտ: Նրանք զինված հարձակումների սկզբում այնպես են արել, որպեսզի մեկուսացնեն քաղաքացիական բնակավայրերի մարդկանց եւ դրանով հանդերձ խաղաղ բնակիչներին շարունակելով հրետակոծել՝ այնպես են ստիպել, օրինակ` Մարտակերտում, ասես մի մեծ սենյակում մարդկանց բերես լցնես, ելքը լինի միայն մեկ դուռ ու անընդհատ զինված հարձակումներով մարդկանց ստիպես գնան այս ու այն անկյունը: Դուռն էլ փակել էին՝ իրենց դիրքերը դնելով: Դրանից բացի, նաեւ կտրել են մեր զինվորականների եւ քաղաքացիական բնակավայրերի միջեւ կապը: Սա էլ է նրանց համար եղել, ըստ էության, ռազմավարական նշանակության քայլերից մեկը: 44-օրյա պատերազմից հետո մեր զինվորականների մեծ մասը գյուղերի բնակիչներն էին, ընտանիքի անդամներ եւ բնականաբար օպերատիվ կապը պահպանվում էր քաղաքացիական բնակավայրերի հետ, մարդիկ կարողանում էին հասկանալ՝ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումներ կա՞ն, թե՞ չէ: Ադրբեջանական զինված ծառայողները այդ հարցերը լուծել են, դրա համար Մարտակերտի, Ասկերանի հատվածում, շատ տեղերում մարդիկ անակնկալի են եկել: Սարսանգի ջրամբարի հարեւանությամբ գյուղերում մարդիկ առանց շոր ու կոշիկ են նույնիսկ ստիպված եղել դուրս գալ, ժամանակ չեն ունեցել պատրաստվել»:

Ադրբեջանական զինված հարձակումը սկսել էր ցերեկը ժամը 12-ից: Սա այն ժամանակահատվածն է, երբ երեխաները դպրոցում էին, դաս էին անում, Արցախի պետհամալսարանի ուսանողները բուհում են եղել: Շրջափակման մեջ ծնողները հաճախ երեխաներին դպրոց տանելով՝ գնացել են սնունդ հայթայթելու Ստեփանակերտ կամ այլ բնակավայր: Սա էր պատճառը, որ զինված հարձակումների ժամանակ ընտանիքները իրար չէին գտնում, կտրվել էին, մայրերը չէին իմանում իրենց երեխաները որտեղ են, երեխաները չէին իմանում ծնողներն ուր են: Սա նույնպես պատահական չի եղել, ըստ Թաթոյանի` դա Ադրբեջանի մտադրված, նախապես պլանավորած քաղաքականությունն է եղել, ստեղծել են խուճապ, քաոսային իրավիճակ:

Արման Թաթոյանը քարտեզի վրա ցուցադրեց Ադրբեջանի հարձակման ուղղությունները՝ մատնանշելով կարեւոր փաստեր. «Նրանք ուժերը կենտրոնացրել են առանձին բնակավայրերի վրա, հատուկ արել են այնպես,որ մեկուսացնեն, կապը կորի: Մարտակերտի վրա հարձակվել են միաժամանակ 4 ուղղությամբ: Առաջինը Դադիվանքի ուղղությունն է, ճանապարհները փակել են, այնպես են արել, որ մարդիկ ստիպված լքեն այդ բնակավայրը: Հետո՝ Չարեքթար, Գետավան, մինչեւ Դրմբոն: Հաջորդ ուղղությունը դեպի Վարդաձոր գնացողն է, եւս մի ենթաճյուղ եղել է Մարտակերտ քաղաքի ուղղությամբ: Հաջորդը Նարեշտարի ուղղությամբ շարժվել են՝ նպատակ ունենալով հասնել Խաչենի կամուրջ: Խաչենի կամրջի հատվածում նույնպես ունեցել են ուժեր, միանգամից առաջացել են եւ փակել են: 2 ռազմավարական նպատակ են հետապնդել»:

Թաթոյանը քարտեզի վրա սլաքներով ցույց տվեց, թե ինչպես են մարդիկ ստիպված եղել փախեփախ լինել մի բնակավայրից մյուսը՝ փրկվելու համար. «Ադրբեջանը հայտարարեց 71-ամյա մեր հայրենակցի գերեվարման մասին: Նա եղել է Գետավանում: Ադրբեջանական կողմը հայտարարում է, թե էթնիկ զտումներ չեն եղել, սանձարձակ, ցինիկ ձեւով հայտարարում են, որ մարդիկ իրենց կամքով են դուրս եկել: Մարդիկ ո՞նց են իրենց կամքով դուրս եկել, որ մենք բնակավայրերում հավաքագրել ենք տվյալներ, որ ովքեր մի փոքր ուշացրել են դուրս գալը, նրանց գերեվարել են, վիրավորել, սպանել են: Նրանք դա արել են նպատակադրված: Օրինակ, Գետավանում մենք ունենք գերեվարման դեպք, ունենք քաղաքացիական անձի սպանության, վիրավորների դեպք՝ հաստատված: Գետավանից մի մասը գնացել է Հաթերք, մի մասը մնացել է Գետավանում: Այն մասը, որը մնացել է, հետո շարժվել դեպի Դրմբոն: Հաթերքից հետագայում Ակնաբերդով Սարսանգի ջրամբարի ուղղությամբ իջել են ներքեւ՝ դեպի էլի Դրմբոն, որովհետեւ ադրբեջանական զինված հարձակումները շրջափակել են: Խաչենի կամուրջը ոնց որ Հակարիի կամրջի նշանակությունն է ունեցել, փակել են բոլոր ուղղությամբ, մարդիկ ոչ մի տեղ չունեին գնալու»:

Թաթոյանը նշեց, որ հատկապես Մարտակերտը շատ է կրել զինված հարձակման հետեւանքները, որովհետեւ մարդիկ կես ժամ, մեկ ժամ ժամանակ են ունեցել, ոտաբոբիկ նույնիսկ ստիպված են եղել լքել բնակավայրերը:

Թաթոյանը դեպք պատմեց, որբ մարդը գնացել է իր հարազատներին օգնելու, տեսել է արդեն սպանել են, իր մեքենայով գաղտնի փորձել է ընկերոջ հետ դուրս գալ այնտեղից, բայց միամիտ կպել է ազդանշանին: Ադրբեջանի զինված ծառայողներն իմացել են, սկսել են կրակահերթեր արձակել այդ մեքենայի ուղղությամբ: Մարդը կարողացել էր փախչել այնուամենայնիվ, մեքենայի նկարերը կան՝ որպես փաստ: Դա ապացուցում է, որ կամովի դուրս գալը հեքիաթ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031