Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնացած» առասպելներն ու սերնդի վհատությունը

Հոկտեմբեր 20,2023 10:00

Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներում» կա այսպիսի դրվագ: 11-րդ Կարմիր բանակը մտնում է Հայաստան, եւ այդ բանակի հայ զինվորները քայլելով սովորում  են հայոց այբուբենը: «Եղե՞լ է, թե՞ առասպել է, – մտորում է գրողը, – ես հավատում եմ առասպելներին, ես նախանձում եմ մարդկանց, որոնք կարողանում են առասպելներ հորինել»: Մի 20 տարի առաջ այդ տողերն իմ մեջ ցասում էին առաջացնում՝ տուրք է տալիս իշխող գաղափարախոսությանը (որպես գիրք «Էսքիզները» լույս է տեսել 1980 թվականին՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանում), քծնում է ռուսներին, «օրհնում է սհաթը» եւ այլն:

Այդ ամենն, իհարկե, կա: Բայց հիմա ես փորձում եմ ավելի «բարդ մտածել», դնել նախկինում արտահայտած մտքերը, տեղի ունեցած իրադարձությունները որոշակի համատեքստի մեջ: Իսկ այդ ստեղծագործության համատեքստում կան Ջուղայի խաչքարերը, որոնք այժմ արդեն ոչնչացվել են, Ամարասի վանքը, որին նույն ճակատագիրն է սպառնում, Արփա-Սեւանը, լքվող գյուղը, սփյուռքահայերի՝ հայրենիքի կարոտը… Եվ այդ ամենից կազմվում է  70-80-ական թվականների հայի ինքնության զգացողությունը, այն պատումները, որոնցով ապրում էին հայաստանցիներն այդ ժամանակահատվածում:

Տասնյակ հազարավոր մարդկանց տանը կային Րաֆֆու հատորները, Սեւակի, Շիրազի, Խանզադյանի, Դաշտենցի, Գալշոյանի գործերը: Այդ հազարավորները սովորական բանվորներ էին, ինժեներներ, շարքային բժիշկներ էին եւ ուսուցիչներ: (Վերջերս մի շատ հասարակ մարդ «բռնացրել էր» ինձ փողոցում եւ հատվածներ էր արտասանում Շիրազի «Դանթեականից»՝ պարզ է, թե ինչու): Հիմա դուք կասեք, որ այդ մարդիկ դաստիարակվել են «խորհրդահայ հայրենասիրության» պայմաններում: Թերեւս դա այդպես է: Բայց այդ, գուցե «սխալ», «անիրատեսական» առասպելներից ոգեշնչված, մարդիկ ոտքի կանգնեցին  1988-ին եւ կռվեցին Արցախյան առաջին պատերազմում:

Որտե՞ղ են այդ մարդիկ: Վստահ եմ, որ զգալի մասը Հայաստանում չէ: Շատերը նեղված են հայրենիքից, 2018-ին խոստանում էին վերադառնալ, բայց այդպես էլ չվերադարձան: Իմ սերնդակիցները, որոնք մնացել են եւ ապրել են Արցախն ազատագրելու գաղափարներով, այժմ վհատված են: (Անձամբ իմ հոգեվիճակը նկարագրելու համար այդ բառը չափազանց մեղմ է):

Իսկ հաջորդ սերունդները, եթե անգամ իրենց կյանքում գոնե մի գիրք են կարդացել, ապա այդ գրքերը վերոհիշյալ՝ գուցե «հնացած» առասպելների հետ կապ չունեն: Նրանք ապրում են այլ պատումներով: Չեմ ասում՝ լավ կամ վատ: Պարզապես՝ այլ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերը հակառակորդին հանձնելուց առաջ՝ տարհանվում են հուշարձանները․ 2022–ի օգոստոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ես ինձ դասական հավատացյալ չեմ համարում, բայց երբ մեծ կամ փոքր հաջողություններ եմ ունենում, ես այդ հաջողությունները ինքս ինձ չեմ վերագրում, այլ միայն Արարչին եւ մերսիներ ու օդային համբույրներ եմ ուղարկում վերեւներ մեծագույն սիրով, ջերմությամբ, ուրախությամբ եւ երախտագիտությամբ, նույնիսկ Արարչի ցավն եմ տանում ու Արարչի կենացն եմ խմում, իսկ շնորհքը, որ վերագրում եմ ինքս ինձ՝ դա անկեղծությունն է, որով արտահայտում եմ զգացմունքներս: Բա երբ վատ բաներ են լինում, ո՞ւմ եմ մեղադրում, եթե անկեղծ խոսենք: Հաջողություններն այնքան հաճախ են լինում, որ մտքովս անգամ չի անցնում նեղանալ Արարչից, ես ընդամենը հարց եմ տալիս՝ էդ ի՞նչ այդպես չեմ արել, որ էս օրն եմ ընկել եւ առանց մի կաթիլ կասկածելու, որ մեղքն իմն է, սպասում եմ ինչ որ պայծառ մտքի կամ գաղափարի եւ էլի իմ շնորհքն է, որ չեմ կասկածում , որ այդ պայծառ գաղափարը լույս աշխարհ կգա: Կարեւորը հավատալ, որ կգա փրկիչ գաղափարը, սպասել եւ իրագործել այդ գաղափարը: Բոլորիս հավատ եւ սեր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031