Հացազգիների՝ ցորենի, գարու, տարեկանի և այլ հատիկեղենի կազմում առկա սպիտակուցը, որը գլյուտեն է կոչվում, ոչ մի խնդիր չի առաջացնում մարդկանց մեծամասնության համար, սակայն այն մեծ գլխացավանք կարող է դառնալ ցելիակիա հիվանդություն ունեցող մարդկանց համար, ինչպես նաև տհաճ անակնկալներ մատուցել նրանց, որոնք գլյուտենի հանդեպ զգայունակություն կամ գլյուտենային անտանելիություն ունեն։
Թեև առողջական այս երկու վիճակների դեպքում էլ առանցքային խնդիրը գլյուտենն է, սակայն կան կարևոր տարբերություններ ցելիակիա հիվանդության և գլյուտենային անտանելիության միջև։
Ցելիակիա ունեցող մարդկանց մոտ գլյուտենի օգտագործումը աուտոիմունային արձագանք է առաջացնում, որը հանգեցնում է բարակ աղիքի բջիջների վնասման և այնպիսի խնդիրների, ինչպիսիք են փորլուծությունը, հոգնածությունը, քաշի կորուստը, փորափքանքը, սակավարյունությունը, զարգացման հապաղումը, նյարդաբանական խնդիրները և այլ լուրջ բարդություններ։
Գլյուտենի անտանելիությունն առավել տարածված է․ այն բջիջների վնասվածքներ ու բորբոքում չի առաջացնում, այլ ավելի հաճախ դրսևորվում է օրգանիզմի պատասխան ռեակցիայով, որը կարող է արտահայտվել աղեստամոքսային տհաճ երևույթներով՝ կծկումներ որովայնում, փքվածություն, փորլուծություն և այլն, որոնք, սակայն, առողջական լուրջ բարդություններ չեն առաջացնում։ Օրինակ՝ երբ մարդը գլյուտեն պարունակող որևէ կերակուր է ուտում և նրա մոտ շատ արագ փորլուծություն է սկսվում, դա ամենայն հավանականությամբ գլյուտենային անընդունելիության դրսևորում է, այլ ոչ թե ցելիակիայի, որը ավելի դանդաղ գործընթաց է և այդքան արագ չի արտահայտվում։
Կարդացեք նաև
Գլյուտենի անտանելիության աստիճանից կախված՝ մարդը կարող է կրճատել գլյուտեն պարունակող մթերքների օգտագործումը, ի տարբերություն ցելիակիայի, որը ենթադրում է գլյուտենի ամբողջական բացառում սննդակարգից։ Ցելիակիա ունեցող շատ պացիենտների դեպքում գլյուտեն չպարունակող սննդակարգի պահպանումն օգնում է վերահսկողության տակ պահել հիվանդությունը։ Իսկ մյուսներին խորհուրդ չի տրվում հրապուրվել գլյուտենից լիովին զերծ դիետայով, քանի որ այն կարող է հարուստ լինել խիստ վերամշակված և օգտակար սննդանյութերի պակաս ունեցող սննդատեսակներով։
Գլյուտենի օգտագործմամբ պայմանավորված աղեստամոքսային հիշյալ ախտանշանների դրսևորման դեպքում կարևոր է հստակ ախտորոշումը՝ արդյո՞ք մարդու մոտ սոսկ գլյուտենային անտանելիություն է, թե ցելիակիա հիվանդություն, որը կարող է ի թիվս առողջական բազմաթիվ խնդիրների, նաև սննդանյութերի լուրջ անբավարարություն առաջացնել օրգանիզմում։
Ախտորոշումը սկսվում է արյան անալիզից՝ պարզելու համար, թե արդյո՞ք օրգանիզմը գլյուտենն ընկալում է որպես «թշնամի» և սկսում պայքարել դրա դեմ հակամարմինների բարձր մակարդակով։ Երբ արյան անալիզը համապատասխան հիմքերը տալիս է, էնդոսկոպիկ հետազոտություն է իրականացվում՝ ստուգելու համար՝ կա՞ն արդյոք վնասվածքներ բարակ աղիքում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ