Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անգամ տարածքների վերադարձի դիմաց Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի Ղարաբաղի որեւէ կարգավիճակի

Հոկտեմբեր 20,2023 13:30

Այն մասին, թե ինչ եմ կանխատեսել ու գրել 2017 թվականին: Ներկայացնում եմ հոդվածն ամբողջությամբ:

Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան թերթերում եւ սոցկայքերում ամենաշատը շրջանառվում է այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ազատագրված որոշ տարածքներ ետ վերադարձնել Ադրբեջանին եւ կայքերը հեղեղված են տարաբնույթ մեկնաբանություններով: Չնայած երկրի այս ծանր վիճակին, միեւնույն է՝ այսօր ժողովրդին ամենաշատը հուզող հարցը հենց սա է: Փոքրիկ էքսկուրսը վկայում է, որ 27 եւ ավելի տարիներ շարունակվող ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը հազարումի վայրիվերումներ է ունեցել եւ ամեն անգամ թվացել է, թե ուր որ է, մոտեցել ենք այդ հարցի վերջնական խաղաղ հանգուցալուծմանը, սակայն ամեն անգամ այն շատ արագ փլուզվել է, քանզի Ադրբեջանը երբեք նման հակվածություն չի ունեցել եւ չի էլ ունենալու:

Զարմանալի է, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող այդ ակնհայտ բլեֆը մենք այդպես էլ չենք հասկանում: Այդ մասին է վկայում մոտ օրերս ՄԱԿ-ի վերջին նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ուժի դիրքերից հնչող սպառնալից ելույթը, որի ընթացքում հպարտորեն մեջբերեց 2016թ. ապրիլյան պատերազմը, որը որակեց որպես Ադրբեջանի հաղթանակ եւ որոշ տարածքների հետգրավում: Ղարաբաղա-ադրբեջանական բանակցությունների մշտական փլուզման դինամիկան վկայում է այն մասին, որ Ադրբեջանը երբեք տրամադրված չի եղել խաղաղ բանակցությունների ճանապարհով հակամարտության հանգուցալուծմանը եւ ապագայում նույնպես չի փոխելու այդ մարտավարությունը: Քանի որ առ այսօր Ադրբեջանին ոչ մի կերպ չի հաջողվել հետ գրավել Ղարաբաղը (իսկ նրա նպատակը միշտ եղել է Ղարաբաղի ամբողջական գրավումը), ուստի նա ընտրել է մի ճղճիմ, նենգ մարտավարություն. մշտապես՝ ի լուր աշխարհի բարձրաձայնել, որ ինքը պատրաստ է խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղյան հակամարտության թնջուկը, սակայն երբ գալիս է կոնկրետ քայլերի ժամանակը, նա ուղղակի նենգաբար, ստոր կերպով ստում է, մշտապես փորձելով ինչ-ինչ արդարացումներ բարձրաձայնել եւ տապալել բոլոր պայմանավորվածությունները: Բերեք, հասկանանք, թե որն է այս ամենի հիմնական պատճառը:

Գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան պատերազմում՝ առ այս պահը, Ադրբեջանը պարտվողի կարգավիճակում է եւ ինչպես սովորաբար լինում է, պարտվողները միշտ ձգտում են արդարացումների: Պատերազմի սկզբից մինչեւ հիմա, Ալիեւի ցանկացած ելույթ, կլինի դրսում, թե իր երկրում, միշտ եզրափակվում է հետեւյալ շեշտադրումով. Ղարաբաղը մեր հողն է եւ ամեն գնով մենք այն ետ ենք բերելու (այնքան է ասել, որ ինքն էլ է արդեն հավատում): Տարիներ շարունակ հնչեցվող այդ մտքի շուրջը Ալիեւը կրակն է ընկել, քանզի որքան էլ միամիտ լինի Ադրբեջանի ժողովուրդը, միեւնույն է՝ մտածում է. այս մարդը շարունակաբար խոսում է Ղարաբաղի ետ բերելու մասին, անցել են արդեն տասնյակ տարիներ, սակայն իրական առաջընթաց չկա ու չկա (բացառությամբ՝ ապրիլյան պատերազմի, որի ընթացքում իրենք եւս տվեցին հերթական՝ մեծ թվով զոհեր):

Այսինքն, Ադրբեջանի ժողովուրդն արդեն համոզվել է, որ Ալիեւի ելույթներն ու հայտարարությունները պարզ բլեֆ են, սուտ, խաբկանք, որով փորձում է կերակրել իրեն՝ արդարացնելու բյուջեի միլիարդավոր դոլարների վատնումն ու տասնյակ հազարավոր զոհերի փաստը: Ավելին, այդ ամենից Ալիեւն այնքան է իրեն կորցրել, որ անկարողությունից՝ արդեն տարիներ շարունակ, բացահայտ ռեպրեսիաներ է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ, որպեսզի վախի միջոցով նրա հիշողությունից ջնջի ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր հայտարարությունները: Որքան էլ որ նա խորը քաղաքական գործիչ չլինի, այնուամենայնիվ, հասկանում է, որ բազմաթիվ անգամներ, տարբեր լսարանների առջեւ ի լուր աշխարհի հայտարարելով, որ անպայման ետ է բերելու Ղարաբաղը, սակայն անցել են տասնյակ տարիներ եւ ոչ մի էական առաջընթաց չկա, ուրեմն ինչ կմտածի ժողովուրդն իր նախագահի մասին: Ասվածը գալիս է վկայելու այն մասին, որ եթե նույնիսկ հաշվի չառնենք Ալիեւի՝ թուրքին հատուկ սուտասան եւ ինտրիգան լինելու խառնվածքը, միեւնույն է՝ նրա անկարողությունը եւ տարիների փուչ խոստումներն իր ժողովրդին, նրան բերել է մի վիճակի, որ նա հետդարձի ճանապարհ չունի եւ չի կարող գնալ խաղաղ բանակցություններով հակամարտության լուծման:

Եվ նախկինում, եւ այս պահին նա ընդամենը խաղում է հայկական կողմի այն «միամիտ» հավատի վրա, որ նրանք ետ կվերադարձնեն որոշ տարածքներ՝ ինչ-որ կարգավիճակի դիմաց, որից ինքը հետագայում հեշտորեն կհրաժարվի՝ ի լուր աշխարհի հայտարարելով. ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը, երբ իրեն ընդամենը ետ են վերադարձրել իր տարածքները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության այսքան տարիների ընթացքը պարզորոշ հուշում է, որ եթե նույնիսկ Ադրբեջանին վերադարձվեն ոչ թե մի քանի տարածքներ, այլեւ ողջ Ղարաբաղը, Ալիեւը երբեք չի համաձայնի Ղարաբաղի որեւէ՝ նույնիսկ հեղհեղուկ, ընդամենը անկախության նշույլներ պարունակող կարգավիճակի, այնպես որ, այդ ճանապարհը Հայաստանի համար փակ է եւ պետք է որոնել հակամարտւթյան կարգավորման այլ ճանապարհ:

Գաղտնիք չէ, որ ցանկացած հակամարտություն խաղաղ ճանապարհով լուծելու համար փոխադարձ զիջումներ են անհրաժեշտ, սակայն սա այն դեպքը չէ, որ Ադրբեջանը՝ հանձին Ալիեւի, գնա դրան: Ժողովրդական լեզվով ասած՝ Ալիեւը հերթական անգամ փորձում է քցել մեզ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

2017թ. հոկտեմբերի 6

«Առավոտ» օրաթերթ
19.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031