Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման խումբ ունենալը մեծ ձեռքբերում է ցանկացած թատրոնի համար»

Հոկտեմբեր 20,2023 13:00

Պրիմա պարուհի Նինո Սամադաշվիլին հիացած է

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 35 տարիների ընդմիջումից հետո բեմադրված Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի պրեմիերային յոթ ներկայացումներն անցան անշլագ։ Մենք անդրադարձել ենք այս բեմադրությանը։ Հիշեցնենք, որ ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բալետմայստերը՝ Ալեքսեյ Ֆադեեւիչը, ով Երեւանում ներկայացրեց հանրահայտ բալետմայստերներ Մարիուս Պետիպայի եւ Լեւ Իվանովի խմբագրած տարբերակը։ Յոթ ներկայացումներում ընդգրկված էին մեր թատրոնի բալետային խումբն ու մենապարողները՝ բացառությամբ մեկ երեկոյի, որի ժամանակ Օդետա Օդիլիայի դերապարով հանդես եկավ հեղինակավոր թատրոնների սպասված ու ցանկալի հյուր, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի պրիմա պարուհի Նինո Սամադաշվիլին, որն առաջին անգամ էր ներկայանում հայաստանցի հանդիսատեսին, իսկ հիշյալ դերապարով հաճախ է մեկնում հյուրախաղերի։
Ներկայացման ավարտին հանդիսատեսը պարզապես «բաց չէր թողնում» ոչ միայն ներկայացման մասնակիցներին, այլեւ հյուրախաղորդ պարուհուն։ Եվ քանի որ ներկայացման ավարտից ժամեր անց պրիման պետք է մեկներ, մենք ստիպված էինք կուլիսներում շփվել նրա հետ։ Ժպտերես պարուհին նախ իր գոհունակությունը հայտնեց հայ հանդիսատեսից, հետո էլ ասաց. «Հայ աստղերի հետ՝ Ռուբեն Մուրադյան, Րաֆֆի Գալստյան, «Կարապի լճում» հանդես եմ եկել Վրաստանի թատրոնում։ Հիացած եմ Րաֆֆի Գալստյանի արվեստով. նա հիանալի էր Արքայազն Զիգֆրիդի դերապարում։ Եվ ընդհանրապես, մանավանդ ձեր տղամարդ արտիստների մասին շատ եմ լսել, ոմանց հետ բեմ բարձրացել նաեւ եվրոպական թատրոններում։ Կարճ ասած՝ երեւում է, որ բալետային հիանալի ավանդույթներով դպրոց ունեք։ Նշեմ նաեւ դիրիժորի մասին. մաեստրո Դուրգարյանի անունը շատ եմ լսել, բայց սա մեր առաջին համագործակցությունն է եւ պիտի ասեմ, որ նա իսկապես մաեստրո է։ Գիտեք, որ բալետային ներկայացում ղեկավարելն աննկարագրելի բարդ է…»։


Դիտարկմանը՝ մենք մեր մենապարող աստղերին, բնականաբար, լավ գիտենք, ինչպես դուք նշեցիք՝ նրանք հաճախ են հրավիրվում հեղինակավոր թատրոնների կողմից, կուզեինք լսել հատկապես ձեր կարծիքը մեր կորդեբալետի մասին, մանավանդ «Կարապի լճում» այդ խմբի դերը ակնհայտորեն մեծ է, մեր զրուցակիցը արձագանքեց. «Հիացած եմ ձեր կորդեբալետով։ Միտքս պարզ շարադրեմ՝ բալետային խումբը կարծես մեկ մարդ լիներ։ Նույնիսկ չգիտեմ՝ կարող եմ ինձ թույլ տալ այդպես արտահայտվել, թե ոչ, բայց նման խումբ ունենալը մեծ ձեռքբերում է ցանկացած թատրոնի համար։ Կրկնեմ, այո, հիացած եմ ձեր կորդեբալետով»։

Նինո Սամադաշվիլին «ոտքի վրա» զրույցն ավարտեց հետեւյալ խոսքերով. «Գոհ ու շնորհակալ եմ ամեն ինչից։ Հույս ունեմ՝ մեր երկրորդ հանդիպումը չի ուշանա»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031