Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուզում եմ բնությունն ու մարդկանց տեսնել պայծառ, արեւոտ ու ջերմ»

Հոկտեմբեր 20,2023 12:30

Սոցիոլոգը, որ անչափ սիրում է նկարել

Չնայած Նարեկ Պողոսյանն ուսում է ստացել մայր բուհի սոցիոլոգիայի ֆակուլտետում, բայց դեռեւս մանկուց նկարում էր: 2004-2009 թթ. սովորել է «Տարոն» գեղագիտական կենտրոնի նկարչության բաժնում։

«Նկարելն ինձ համար շատ կարեւոր դեր ու նշանակություն ունի. անփոխարինելի է։ Նկարը մտքերի այն արտացոլանքն է, ինչը խոսքով չես կարող փոխանցել։ Երբեմն մարդիկ չեն էլ հասկանում, թե նկարի միջոցով ինչ ես ուզում ասել կամ փոխանցել, ու թե որն է նրա իմաստը»,-ասում է նկարիչը։

Երիտասարդ նկարիչը, չնայած իր կամային կայուն հատկանիշներին, իդեալական կերպով միաձուլում է իդեալիզմն ու ռոմանտիզմը։ Տեսակով պերֆեկցիոնիստ, 26-ամյա Նարեկը երբեւէ չի ընդօրինակել որեւէ նկարչի, բայց եւ այնպես, դա չի խանգարել նրան հիանալ  իրապես գեղեցիկ նկարներով։

Nar-Art, հենց այսպիսի անունով ֆեյսբուքյան եւ հիմնականում ինստագրամյան հարթակներում է Նարեկը ներկայացնում  իր արվեստի գործերը։ Աշխատանքների մեծ մասը դիմանկարներ են, քանզի պատվիրատուների պահանջարկն այդպիսին է։

Հիմա նկարչությունն իր համար ոչ միայն սիրելի հոբի է, այլեւ՝ աշխատանք։ Նարեկը սիրում եւ ստեղծագործում է բոլոր ոճերում։ Այս ամենի վառ օրինակն է այն նատյուրմորտը, որը հիմնովին փոփոխվել եւ դարձել է անզուգական բնանկար։

«Ինքնավստահություն ցանկացած գործի մեջ»,-  հենց այսպես է Նարեկն իրեն բնորոշում՝ որպես հաջողված նկարչի։ Տարբեր ժամանակներում կազմակերպված ոչ այնքան մեծ, գեղեցիկ ու արդյունավետ ցուցահանդեսներից հետո, նկարչի նպատակների մեջ ավելացել է սեփական արվեստանոց ունենալու գաղափարը, որտեղ է՛լ ավելի մեծ ցուցահանդեսների կազմակերպումն անխուսափելի կլինի։


Երիտասարդի ստեղծագործ կյանքում յուրաքանչյուր բան հատուկ պահի կարող է մոտիվացիայի աղբյուր դառնալ, երբեմն նույնիսկ ամենաանհավանական թվացողը։ Ինչպես ցանկացած արվեստի մարդ, ինքն էլ վրձինն ու մատիտը բանեցնում է տրամադրությունից կախված, վերջինս էլ փոփոխվում է եղանակով պայմանավորված։

«Ես ուզում եմ բնությունը եւ մարդկանց տեսնել պայծառ, արեւոտ ու ջերմ, հակառակ ցանկությանս, մեկ-մեկ անձրեւն էլ կարող է դառնալ աշխատանքիս մոտիվացիան»,- ավելացնում է նկարիչը։

Հետագա գործունեության ծրագրերի հետ կապված գրեթե ոչինչ չի բացահայտում, միայն վստահեցնում է՝ իր փոքրիկ գունազարդ անկյունը մի օր անպայման տեղափոխելու է սեփական արվեստանոց։

Անի ՉԱՆԴՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031