Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական պլաններին հավատարիմ

Հոկտեմբեր 20,2023 12:00

Փաշինյանն ո՞ւմ մշակած խաղաղության համաձայնագիրն է պատրաստ ստորագրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս նշել է. «Շատերը կրկնում էին, որ հակամարտության ռազմական լուծում չկա։ Մենք ցույց տվեցինք, որ կա, եւ վերջերս եւս մեկ անգամ ցույց տվեցինք, թեման փակված է։ Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է»։

Ալիեւին, ինչպես նաեւ` Ռուսաստանի նախագահ Պուտինին, անուղղակիորեն պատասխանել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որին վերջերս երկու անգամ Պուտինն, ըստ էության, մեղադրեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ապակառուցողական դիրքորոշման մեջ: Սերժ Սարգսյանը ուղիղ չի պատասխանում Պուտինին, հավանաբար վստահ է, որ Ռուսաստանի նախագահը շատ լավ գիտի, որ բանակցային ողջ պատմության ընթացքում հայկական կողմն է մշտապես եղել կառուցողականը, եւ ընդհակառակը, այդ Ադրբեջանն է մշտապես մերժել կարգավորման բոլոր տարբերակները, Ադրբեջանն է ընդդեմ Արցախի սկսել բոլոր պատերազմները` 90-ականների սկզբից մինչեւ սեպտեմբերի 19-20-ի վերջին ռազմական գործողությունները: Եվ ամենակարեւորը` Պուտինի ներկայացրած կարգավորման «հրաշալի» տարբերակը, որն իբր թե ռուսական կողմը պաշտոնական Երեւանին է ներկայացրել, ուղղակի կեղծիք է: Սերժ Սարգսյանը, բնական է, որ չի կարող ասել` Պուտինը ստում է:

Իսկ իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի բոլոր համանախագահները 1994թ. կնքված զինադադարից հետո, երբ սկսվել է բանակցային կարգավորման երկար ու ձիգ գործընթացը, պարբերաբար ադրբեջանական մամուլին տվել են հարցազրույցներ` Տրուբնիկովից մինչեւ Մերզլյակով, եւ հստակ հայտարարել են, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար, Պուտինի մյուս ակնարկը, որը նա մի քանի անգամ վերջերս հասցրել է անել, թե` «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը», բացարձակապես տեղին չէ, որովհետեւ Հայաստանի ենթադրյալ «ճանաչումից» առաջ, Ռուսաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի նախորդ իշխանությունների շնորհիվ է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն արձանագրվել ու ամրագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հրապարակած հայտարարություններում, ու որի համար Անկարան ու Բաքուն, եւ ըստ ամենայնի, նաեւ` Մոսկվան, առանձնապես խանդավառված չէին:

Սերժ Սարգսյանն, ահա, նշել է. «Ինձ համար Արցախի էջը փակված չէ, շանս տեսնում եմ… Այդ հնարավորությունն իրականություն չի դարձել, որովհետեւ Արցախի Հանրապետության ինքնորոշումը իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Հայաստանի իշխանությունները եւ Ղարաբաղի՝ Արցախի նախկին իշխանությունը։ Խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ, ոչ թե նախկին իշխանությունները, այլ նախկին իշխանությունը»։ Դիտարկմանը, որ հենց նախկին իշխանությունների, այդ թվում՝ իր նախագահության օրոք վարած բանակցությունների հետեւանք է այս ամենը, երրորդ նախագահը հարցին ուղիղ չպատասխանելով հիշեցրել է միայն, որ Կազանում հենց Ալիեւը հրաժարվեց փաստաթուղթ ստորագրել, եւ առհասարակ, բոլոր առաջարկներին միշտ ընդդիմացել է Ադրբեջանի նախագահը. «Մենք որեւէ առաջարկությունից չենք հրաժարվել, որովհետեւ մեզ որեւէ այլ առաջարկ, բացի այդ փոխզիջումային տարբերակից, չի եղել»։

Այլ հարց է, թե ինչով է զբաղված հայաստանյան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը գործնականում: Տպավորությունն այնպիսին է, որ մեր ընդդիմադիրները ոգեւորվում եւ «կենդանության» նշաններ են ցույց տալիս միայն այն բանից, երբ Ռուսաստանում իշխանական քարոզչություն ապահովող մեկնաբանները, փորձագետները սկսում են քննադատել Փաշինյանին: Բայց այն բանից հետո, երբ Պուտինը հրապարակավ պաշտպանում ու արդարացնում է Փաշինյանի գործողությունները` հայաստանյան ընդդիմադիրները հանդարտվում են եւ «պայքարի» մղումը նրանց մոտ շեշտակի մարում է:

Իշխանությունը մինչդեռ անշեղորեն առաջ է տանում իր քաղաքական գիծը: Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջեւ Փաշինյանն օրերս ելույթ ունեցավ, որի խոսքից պարզ դարձավ, որ նա Եվրոպական խորհրդարան է եկել խաղաղության ուղերձով եւ շարունակելու է խաղաղության օրակարգը, Հայաստանը պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, ավտոճանապարհ կառուցել, պարզեցնել ընթացակարգերը, ապահովել անվտանգությունը, բայց ոչ որպես արտատարածքային միջանցք. «Հայաստանում այս նախագիծն անվանում ենք Հայկական Խաչմերուկ: Բայց կարծում եմ՝ այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու եւ այստեղ Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է»։

Փաշինյանի միակ անհանգստությունն այն է, որ Գրանադայի հանդիպումը տապալած Իլհամ Ալիեւը, որ մինչ օրս չի հայտարարել 29 հազար 800 քառակուսի կիլոմետրում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, «միջանցքի» հարցը կարող է դարձնել Հայաստանի դեմ նոր հարձակման եւ տարածքներ գրավելու պատրվակ։ Նա, սակայն, այդ իրադրության պայմաններում էլ ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել՝ եվրոպական միջնորդությամբ կայացած հանդիպումներում ուրվագծված սկզբունքների հիման վրա. «Եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն, մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական»:

Իսկ ո՞ւմ կողմից մշակված խաղաղության համաձայնագիրն է պատրաստ Փաշինյանը ստորագրել: Այս մասին Փաշինյանը չի խոսում: Նա մերժե՞լ է ռուսական հովանու ներքո ձեռքբերված պայմանավորվածություններ, հրաժարվե՞լ է մինչ այժմ ստորագրած փաստաթղթերից:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին X սոցիալական ցանցում գրառմամբ դիմել է Փաշինյանին՝ զգուշացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բխող սպառնալիքների մասին: Սաակաշվիլին վստահեցում է՝ «նա երբեք չի ներել եւ չի ներելու Ձեզ»… «Առավել եւս Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից եւ հատկապես Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո նա Ձեր թշնամին է արյամբ եւ ջանալու է Ձեզ տապալել իր ունեցած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններով, ռազմական գործողությունների խրախուսմամբ», – գրել է Սաակաշվիլին: Նշելով, թե Փաշինյանը քիչ ժամանակ ունի, Վրաստանի երրորդ նախագահը հավելել է. «Որքան էլ դժվար լինի Ձեզ համար, Հայաստանի շուրջ վերջին իրադարձությունները մեր տարածաշրջանին նոր շանս են տալիս: Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես երեք Բալթյան երկրները: Բայց դրա համար Դուք պետք է շտապեք եւ դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա-բանկ: Պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից եւ հայտ ներկայացնեք Եվրամիություն ու ՆԱՏՕ»:

Իզուր է Սաակաշվիլիին թվում, թե Փաշինյանը փոխելու է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը: Օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ աննախադեպ մեղադրանքներ են հնչում, այդ թվում մեղադրում են վեկտոր փոխելու եւ դեպի Արեւմուտք գնալու մեջ, արձանագրեց. «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: Ես Ձեզ մի փաստ արձանագրեմ եւ մի գաղտնիք բացեմ: Նախ, Եվրամիության հետ մեր հարաբերությունները հիմա, ըստ էության, զարգանում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա եւ դրա շրջանակներում: Այդ պայմանագիրը 2018 թ.-ից առաջ է ստորագրվել եւ վավերացվել: Այո, դա հարաբերությունների որոշակի բարդ ժամանակաշրջան է: Իմիջիայլոց, բարդություններ կան ե՛ւ Ռուսաստանի համար, ե՛ւ Հայաստանի համար, ե՛ւ աշխարհի համար, ե՛ւ գլոբալ աշխարհակարգերի համար, որովհետեւ պրոբլեմը մեր ու Ռուսաստանի հարաբերությունների մեջ չէ, պրոբլեմը ուրիշ՝ մեծ տերությունների հարաբերությունների մեջ է: Այդտեղ մենք ոչ մի բան էլ չենք փոխում»:

Չնայած երբեմն-երբեմն Ռուսաստանից հնչող քննադատություններին, Փաշինյանի կողմից Հայաստանի ռազմավարական դաշնակցին ուղղված կշտամբանքներին, Փաշինյանը, փաստացի, Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման համատեքստում Մոսկվայի բոլոր ակնկալիքներն առայժմ բավարարել է, նույնիսկ` ռուսական պլաններն իրագործել է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031