Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի որոշումը հնարավորություն է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության վերաբերյալ

Հոկտեմբեր 20,2023 14:00

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը հոկտեմբերի 9-ին գրավոր ընթացակարգով ավարտած մի գործով շատ կարեւոր որոշում է ընդունել՝ կապված թիվ ԵԱՔԴ/2014/02/17 քաղաքացիական գործով հայցվոր Մարտին Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հետ: Գործի նյութերին ծանոթանալով, պարզեցի, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 11-ին: 2016թ. հունվարի 21-ին տուժողը դիմել է անգամ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարին: Նշված պահանջի քննության շրջանակներում Վարդանյանի մեքենային պատճառված վնասի չափը գնահատվել էր 495 000 ՀՀ դրամ: Սակայն ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարը երկու ամիս հետո որոշում է կայացրել պահանջի քննությունը դադարեցնելու մասին: Այն փաստորեն վերջնական լուծում ստացավ միայն վերջերս՝ 8 տարի հետո…

Մարտին Վարդանյանը բողոք էր բերել ընդդեմ «Ռեսո» ապահովագրական ընկերության գործով՝ վնասը փոխհատուցելու պահանջի մասով այս տարվա մայիսի 10-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշման դեմ: Դիմելով դատարան՝ Մ. Վարդանյանը պահանջել էր 342 000 ՀՀ դրամ, որից 115 000-ը՝ որպես չփոխհատուցված վնասի գումար, 27 000 դրամը՝ փորձաքննության ծախս, մնացածը՝ փաստաբանի ողջամիտ վարձատրության համար: Ըստ բողոքաբերի, նա ճանապարհատրանսպորատային պատահարից հետո ժամանակին իրեն պատճառված նյութական վնասի փոխհատուցման համար դիմել է ապահովագրական ընկերությանը, Բյուրոյի կողմից իրականացվել է առաջնային փորձաքննություն, իր ավտոմեքենային հասցված վնասը գնահատվել է 380 000 ՀՀ դրամ: Համաձայն չլինելով վնասի գնահատման չափի հետ, դիմել է դատարան:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցը 2020թ. հունիսի 9-ին մերժվել էր: Նա դիմել էր վերաքննիչ դատարան, որը նույնպես մերժել էր նրա բողոքը:

Վերաքննիչ դատարանի որոշումից Վարդանյանը դժգոհ էր մնացել, քանի որ, ըստ նրա վճռաբեկ բողոքի, վերաքննիչ դատարանի որոշման մեջ արտացոլված չեն ապացույցների գնահատման, փաստերի հաստատման, ու իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքն այն առումով, որ անհասկանալի է, թե դատարանն ինչու չի նշանակել կրկնակի փորձաքննություն, ինչու է դատարանի կողմից իր՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործընթացի շրջանակներից դուրս վնասի չափի գնահատման վերաբերյալ ստացված փորձաքննությունը դիտարկվում որպես հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույց:

Նշենք, որ Վարդանյանի ավտոմեքենան ապահովագրական ընկերության կողմից ապահովագրված էր:

Ըստ Վճռաբեկ դատարանի հոկտեմբերի 9-ի որոշման՝ «Բողոքի շրջանակներում անդրադառնալով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերին եւ փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանը, վերահաստատելով ապահովագրական հարաբերությունները կարգավորող իրավանորմերի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները, արձանագրել է, որ օրենսդիրը պատճառված վնասի չափի որոշման առումով սահմանելով որոշակի ընթացակարգ, միեւնույն ժամանակ որոշակի սահմանափակումներ է կիրառել վերը նշված օրենքի իմաստով պատճառված վնասի չափը դատական կարգով որոշելու համար՝ դրա որոշման եղանակներն առավելապես նախատեսելով արտադատական կարգով, իսկ այդ վնասի չափի որոշման համար դատական կարգ սահմանել է բացառապես այն դեպքի համար, երբ արտադատական կարգով արդեն իսկ առկա է կրկնակի փորձաքննության եզրակացություն, որի արդյունքների հետ որեւէ մեկն անհամաձայնություն ունի, եւ անհրաժեշտ է կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկել դատական կարգով»։ Այսինքն, ըստ էության, Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձեւավորել ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացաքակագերի եւ փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու հնարավորության մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ նման իրավակարգավորում նախատեսելու արդյունքում «ըստ էության, չի խախտվում անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, ու անձը չի զրկվում այդ իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ սահմանելով նման իրավակարգավորում՝ օրենսդիրը նաեւ հետապնդել է իրավաչափ նպատակ՝ ողջամիտ հարաբերակցություն պահպանելով ձեռնարկվող միջոցների եւ հետապնդվող նպատակների միջեւ»:

Վարդանյանի ներկայացուցիչն էր փաստաբան Մամիկոն Մանուկյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Գործի նյութերում կար նաեւ «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացությունը, համաձայն որի՝ Վարդանյանի մեքենային պատճառված վնասի չափը կարող էր կազմել 479 400 ՀՀ դրամ:

«Առավոտ» օրաթերթ
19.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031