«Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, գիտակցելով Սյունիքի առջև ահագնացող սպառնալիքները, ես արել եմ և անում եմ հնարավորը, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բնակություն հաստատեն Սյունիքում՝ հատկապես, ԱՅՈ՛, սահմանամերձ գյուղերում:
Այսօր շատ պոպուլյար է այն խոսույթը, թե «պետք է հասկանալ, որ Արցախից բռնի տեղահանված մարդիկ այլևս չեն ուզում տեսնել նույն վտանգները, չեն ուզում վերապրել նույն պատերազմը ևս մեկ անգամ, հետևաբար պետք չէ մարդկանց տանել և բնակեցնել սահմանամերձ գյուղում»: Այս էմոցիոնալ նարատիվը մեդիա դաշտում տարածում են գրեթե բոլորը. հոգեբանները՝ մտահոգությամբ, գործիչները՝ լալահառաչ, փորձագետները ՝ անիմաստ:
Թվում էր, թե այսքան արհավիրքներից հետո պետք է թողնեինք վուլգար պաթոսը և վերջ տայինք պատմական հավկուրությանը: Սակայն մենք հաստատուն ենք մեր մոլորությունների մեջ և անկասելի մեր սխալներում: Իրատես լինելու փոխարեն մենք փորձում ենք ականջահաճո հայտարարություններ անել, որոշ ժամանակ թմրեցնել մարդկանց, իսկ հերթական արհավիրքի արդյունքում ամենամյա գարնանա-աշնանային հայրենասիրական հոգեխանգարմունքի սրացումներով լցնել հրապարակը և պահանջել մեծ Հայրենիք:
Իսկ իրականությունը այն է, որ Սյունիքը պետք է բնակեցվի հնարավորինս խիտ, սահմանամերձ համայնքների դպրոցներում չպետք է սովորեն լավագույն դեպքում 4 կամ 6 աշակերտ:
Կարդացեք նաև
Պատերազմ տեսած, պատերազմական իրավիճակում իրենց դրսևորած քաղաքացիները պետք է ապրեն ու աշխատեն Սյունիքում: Մի շարք թիրախային ծրագրերով պետք է խրախուսենք մարդկանց ապրել սահմանամերձ գյուղերում, ուժեղացնել սահմանը, քանի որ պետությունը մեծ ներդրումներ է անում հենց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում: Երկիրը զենքով չեն պահում, երկիրը ապրելով են պահում»:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյան