Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանքի մեջ գտնվող 18 ամյա Մարատ Հակոբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ բողոքը Վերաքննիչ դատարանը կքննի հոկտեմբերի 23-ին: Այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց քննության գրավոր ընթացակարգը փոխել բանավորի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մարատի պաշտպան Արսեն Բաբայանը:
Փաստաբանի խոսքով, Մարատին մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, մինչդեռ նա ընդամենը սեպտեմբերի 19–ին Հանրապետության հրապարակ էր եկել իմանալու, թե ինչ վիճակ է Արցախում, ուր հենց այդ օրը պատերազմ էր, որին մասնակցում էր նաև Մարատի հայրը, իսկ դրանից առաջ, շուրջ 9 ամիս, Մարատի մայրն ու քույրերը գտնվում էին շրջափակված Արցախում։
Փաստաբանը հույս ունի, որ դատարանի որոշմամբ՝ Մարատ Հակոբյանը ազատ է արձակվելու ու ինքը երիտասարդին քրեակատարողական հիմնարկից վերցնելու է, տանի տուն՝ մոր մոտ: