«Այս իշխանությունները մի հատ լավ թեզ ունեն, անընդհատ ասում են, թե ինչքան բյուջետային աջակցություն են տրամադրել Արցախին՝ երեսով տալու տրամաբանությամբ եւ փորձում են ապացուցել, որ այդ թիվն աճել էր: Իհարկե, ձեր քանդածից հետո աճել է, բա ի՞նչ պիտի անեիք: Ակնհայտ է, որ քանդած վիճակում գտնվող պետական ինստիտուտների պահպանման համար ավելի շատ գումար է անհրաժեշտ, քան այն ժամանակ, երբ դրանք նորմալ ֆունկցիոնալ կարգավիճակում էին»,- այսօր «Հայաստանը՝ իբրեւ մի մեծ անկլավ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ իր խոսքով անդրադառնալով այն կեղծ թեզերին, որոնք «Փաշինյանն ու իր խմբակը» շրջանառում են:
Նա ասաց. «Առաջին կեղծ թեզը Գրանադայում տեղի ունեցած հանդիպումից հետո քարոզարշավն էր, որ հաղթելու ենք: Դա ասում էին նույն մարդիկ, որոնք 44-օրյայի ժամանակ ասում էին նույնը: Հարցը այն չի, թե Գրանադայում ինչ որոշվեց, հարցն այն է, թե Գրանադայում ինչը չչեզոքացվեց: Անկլավների հարցը առնվազն չի չեզոքացվեց: Եթե մի քիչ խորը գնանք, թե ինչ տարածքային ամբողջականության մասին է խոսել Փաշինյանը՝ նշելով քկմ-ով քանակ, որը ներառում է անկլավների խնդիրը, ինչպես ասաց իր նախորդ ասուլիսում:
Պարզվում է՝ իրենք ինքնիշխանության ասպետներ են, իրենք հերոսաբար Գրանադայում պաշտպանեցին ՀՀ ինքնիշխանությունը եւ անկախությունը: Ես մի հատ լավ հարց ունեմ՝ մինչեւ այդ դա պաշտպանության կարիք չուներ, նման հարց չկար օրակարգում, այդ հարցը դուք բերեցիք, հորինեցիք կադաստրի թուղթ կոչված հիմարություն եւ հիմա հերոսաբար պայքարում եք դրա պահպանման համար: Տեսեք, թե ինչ է հասել մառազմը՝ ԱԺ-ում Հռոմի ստատուտի քվեարկության ժամանակ Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ հարգելի քաղաքացիներ, այս քվեարկությունը ՀՀ ինքնիշխանության մասին է: Ցանկացած մարդ, ով ոլորտին մի քիչ ծանոթ է, գիտի, որ ցանկացած միջազգային պայմանագրի վավերացում ունի որոշակի ինքնիշխանության պատվիրակում որոշակի ինստիտուտի: Մառազմի հաջորդ էջը Ալեն Սիմոնյանի ելույթն էր, որտեղ ինքն ասում է՝ Պրահան կասկածի տակ դնելով՝ դու կասկածի տակ ես դնում Ալմա Աթան, Ալմա Աթան կասկածի տակ դնելով՝ դու կասկածի տակ ես դնում ՀՀ անկախությունը: Ժողովուրդ ջան, ՀՀ-ն անկախացել է հանրաքվեով: Ալեն Սիմոնյանի տրամաբանությամբ եթե մենք Ալմա Աթային, կամ որեւէ այլ միջազգային կառույցի չմիանայինք, Հայաստանն այդպես առանց կադաստրային թուղթ, առանց ՀՀ ինքնիշխանության, սուվերենության ու անկախության կապրեր»:
Ըստ Մամիջանյանի, հիմա իշխանությունները սեւերի ու սպիտակների բաժանելու այլ տարբերակ են կիրառում. «Ով իրենց հետ չի, պարզվում է՝ ՀՀ ինքնիշխանության ու սուվերենության թշնամի է: Այսինքն, երբ որ քաղաքապետարանը գրավելու Ավինյանի միտինգի համար Արտաշատից, Վայոց ձորից ու Սյունիքից մարդ են բերում, դա նորմալ է, բայց երբ մի բուռ Հայաստան է մնացել ու մարդը դուրս է գալիս միտինգի, որովհետեւ այլ տարբերակ չկա, այդ մարդիկ անկախության թշնամիներն են»:
Կարդացեք նաև
Խոսելով անկլավների խնդրի մասին՝ Մամիջանյանն ասաց. «Սիրելի քաղաքացիներ, զգույշ եղեք, որովհետեւ արդեն տեսանելի է, թե փաշինյանենք ինֆորմացիոն ինչ թեզ են կիրառելու: Ինքը Պետրոս Ղազարյանին տված իր հարցազրույցում անիմաստ չասեց, որ 29.800-ը 100% կպահպանվի, անիմաստ չասեց, որ 70-ականներին գենշտաբի բոլոր քարտեզներով հանրագումարը 29.800 է: Դա արվում է նրա համար, որ օրերից մի օր հանգիստ ասի՝ ի՞նչ տարբերություն, մեկ է վերջում 29,8 է կանգնում, ինքը սրիկայական արշավ է սկսելու՝ փորձելով քկմ-ներով համեմատել իրար հետ՝ ինչ հանձնեց եւ հարցականի տակ իբր ինչ ստացավ: Բոլորը պետք է գիտակցեն, որ սահմանային վեճերի ժամանակ քկմ-ներով պլյուս-մինուս չեն անում, էդ մանդարին չի, որ ասես՝ 3 կգ էս կողմ, 3 կգ էն կողմ: Եթե այն տրամաբանությամբ գնա, ինչ կա այսօր, ապա մենք ստրատեգիական բարձունքներ ենք տալու, փոխարենը ստանալու ենք արոտավայր, որն էլի հայկական հող է, ոչ մեկը չի վիճարկում, բայց ստրատեգիական բարձունք ոչ մեկը չի տալիս արոտավայր ստանալու: Ավելին մանրամասնեմ, թե ինչ ստրատեգիական բարձունքների մասին է խոսքը՝ անկլավների այս տեսքով հանձնման պարագայում մենք ունենալու ենք երկու միջպետական ճանապարհի խնդիր: Առաջինը Տիգրանաշենն է: Այն մշտական ճանապարհը, որով մենք ժամանակին գնում էինք Արցախ, իսկ հիմա գնում ենք Սյունիք, եթե գերի չենք ընկնում ճանապարհին, այդ ճանապարհը վերանալու է: Թեզին՝ դե նոր ճանապարհ կկառուցենք գլխներիդ կպնի ձեր նոր կառուցած ճանապարհները, էդպես Երեւանն էլ կարելի է նորից ինչ-որ մի տեղ կառուցել այլընտրանքային: Երկրորդը՝ Հայաստանը Վրաստանին կապող երկու միջպետական ճանապարհներից մեկը հայտնվելու է Ադրբեջանի ուղիղ վերահսկողության տակ, ուղիղ նշանառության տակ»:
Մամիջանյանն ասաց, որ այս իշխանություններին հաջողվել է մեր հասարակության մի մասին համոզել, որ Արցախի հանձնումը բնական աղետի պես մի բան էր, Փաշինյանը կապ չուներ, փոթորիկի պես մի բան էր, ով էլ լիներ՝ կլիներ. «Ո՛չ, Արցախի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով: Ցանկացած սխալ ունի անուն ազգանուն: Այդ սխալի, արհավիրքի անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ