«Չնայած անազատության մեջ ենք, բայց 44-օրյա պատերազմի օրերին, անընդհատ դիմում էինք գրում, որ մեզ՝ դատապարտյալներիս զորակոչեն, չարեցին»,-44-օրյա պատերազմի մասին պատմող «Արյան կանչը» ֆիլմի դիտումից հետո կազմակերպված քննարկմանն ասաց ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը։
«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն ՝ «ԷԼ-ՄԱՐ նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» կրթա-մշակութային ՀԿ-ի հետ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներից 9-ում կազմակերպել է կինոդիտում, որից հետո պատիժ կրող անձինք հանդիպում-քննարկումներ են ունենում ֆիլմի ստեղծագործական կազմի հետ։
«Ես ինքս մասնակցել եմ պատերազմին, բուժքույր եմ, Շուշիի մարտերում՝ օգնում էի վիրավորներին, երբ նահանջի հրաման տվեցին։ Ֆիլմը հիշողություններ առաջացրեց»,-հուզված նշեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սուսաննա Պետրոսյանը։
Կարդացեք նաև
«Խարդախության համար եմ դատապարտվել՝ 3 տարի ազատազրկում, ներում-բեկում չկար որպես պատերազմի մասնակից»,-հավելեց տիկին Սուսաննան։
«Արյան կանչը» նկարահանվել է իրական փաստերի հիման վրա․այն երկու եղբայրների մասին է, որոնք կամավոր մեկնում են պատերազմ եւ զոհվում են։ Հատկանշական է, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից Արթուր Վաթյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, իսկ Հայկազ Մարտիրոսյանը՝ ապրիլյան քառօրյային։
Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2023-2026 թթ․ ռազմավարությունում» նախատեսված է պատժիչ քաղաքականությունից անցնել վերասոցիալականացման քաղաքականության։ Դրան նպաստում են նաեւ բանտերում կազմակերպվող կրթա-մշակութային ձեռնարկները, որոնցից մեկն էլ կինոցուցադրությունն է։ Առաջին անգամ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող ծրագրին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը։
«Դիմեցինք՝ չմերժեցին, ինչի համար հատկապես շնորհակալ ենք հիմնադրամի տնօրեն, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։ Մասնավոր ոլորտին նույնպես պետք է ներգրավել նման միջոցառումներին, որպեսզի հետագայում՝ պատժի կրումից հետո՝ դատապարտվածները կարողանան տեղավորվել աշխատանքի։ Նրանց մերժում են դատապարտված լինելու հանգամանքով»,-ասում է «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը։ Կազմակերպության շահառուներից մեկն Երեւանի տպարաններից մեկում հաջողությամբ անցավ փորձաշրջանը։ Երկու ամսից հետո, երբ պիտի հրամանագրեին որպես հիմնական աշխատող՝ մերժեցին։
«Ասացին՝ շատ լավ աշխատող ես, բայց քանի որ դատվել ես, չենք կարող ընդունել»,-ասում է տիկին Մանուկյանը՝ հույս ունենալով, որ նաեւ նման միջոցառումները կնպաստեն փոխելու գործատուների եւ հասարակության վերաբերմունքը։ Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ին, ապա ընկերության լրատվական բաժնի պետ Արայիկ Մարգարյանը կարծում է, որ սկսված համագործակցությունը շարունակական կլինի։
«էԼ-ՄԱՐ արվեստի նորարական ստեղծագործական արվեստի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանն առաջին անգամ է ծրագիր իրականացնում քրեակատարողական հիմնարկներում։ «Անկեղծ՝ չէի պատկերացնում, որ բուռն քննարկումներ կլինեն, պատիժ կրող անձանցից կլսենք առաջարկներ, տեսակետներ, որոնք հետագայում անպայման հաշվի կառնենք մեր ձեռնարկներում։ Նաեւ հույս ունեմ, որ ֆիլմը օգնեց դատապարտյալներին՝ փոխելու նրանց հոգեվիճակը եւ նրանք հայտնվելով ազատության մեջ, այլեւս հետ չեն վերադառնա»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Դալլաքյանը։
«Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպված կինոդիտմանը մասնակցեցին նաեւ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը, պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը։
Ֆիլմն արդեն ցուցադրվել է «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Աբովյան», «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։ Առաջիկա շաբաթ ծրագիրը կշարունակվի «Սեւան», «Արթիկ» եւ «Գորիս» ՔԿՀ-ներում։
Վերասոցիալականացման այս ծրագրին աջակցել է նաեւ կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ