Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ հանձնելով եկանք, ֆեյսբուքում տղաներից մեկն էր ասում՝ նա իր խմած գարեջրի շշերն էլ է Ադրբեջանին հանձնում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հոկտեմբեր 19,2023 17:38

«Հանրությունը անկլավների հարցը հեշտ չի ընկալում, ասում են՝ դե մենք էլ այնտեղ անկլավներ ունենք, փոխանակում կլինի, կանցնի՝ կգնա: Ոչ, հանրությունը հասկանում է, որ ի՞նչ անկլավի խնդիր, մենք մի ամբողջ մարզ ենք կորցնելու ուշ թե շուտ, էլ չեմ ասում՝ դրան հարող այլ մարզեր: Մարդիկ՝ պարզ քաղաքացիները՝ գյուղացուց սկսած մինչեւ ԱՄՆ պետքարտուղար տեսնում են, որ թուրք-ադրբեջանական դաշինքը ռազմական օպերացիա է նախագծում, որի նպատակն է Գեղարքունիքի մարզից սկսած Սելիմի լեռնանցքով Հայաստանը կտրել, երկու մասի բաժանել եւ թուրքական միջանցքը, որն ամեն տեղ քարոզվում է, կյանքի կոչվի»,- այսօր «Հայաստանը՝ իբրեւ մի մեծ անկլավ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ հանրային տրամադրությունը ներկայումս այնպիսին է, որ դիմադրություն ցույց տալը, ցավոք, պոպուլյար չէ. «Մարդիկ տեսան, որ արցախահայությունը գրեթե մեկ տարի շրջափակմանը դիմակայեց, ըստ էության այդ բլոկադայի տրամաբանության մեջ հաղթեց Ադրբեջանի իշխանություններին, որովհետեւ Ադրբեջանը տեսավ, որ շրջափակումը շարունակելու այլեւս ոչ մի բարոյական, քաղաքական ռեսուրս չուներ, արտաքին ճնշումն էլ շատանում էր: Ադրբեջանն արեց ուրիշ քայլ՝ հարձակվեց: Հայաստանի հասարակությունը տեսնում է, որ Արցախի ժողովուրդը վատ առաջնորդներով, դավաճան առաջնորդներով հանդերձ, բայց կարողացավ մի դիմակայության մեջ հաղթելով՝ նորից, ըստ էության, պարտված դուրս եկավ: Հիմա ի՞նչ հույսով այդ հասարակությունը պայքարի այդ ագրեսիայի դեմ»:

Ըստ քաղաքագետի, արտաքին ազդակները բացարձակ ոգեւորիչ չեն, կարող է դիտորդներ ուղարկեն, հումանիտար օգնություն, պատվիրակություններ, բայց փակ քննարկման մեջ ասում են՝ «մենք գիտենք, որ Ադրբեջանը հարձակվելու է, լավ չի»: Այսինքն, երբ հարձակվելու է եւ ինչ են անելու հաջորդ քայլը՝ չգիտեն:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է Արցախում ու Հայաստանում, միայն Արցախի ու Հայաստանի խնդիրը չէ, ավելի լայն խճանկար կա. «Սա պրոցես է, որը սկիզբ է առել Արցախում, շարունակվել Ուկրաինայում, հետո՝ Հայաստանի սահմանում, հիմա՝ Իսրայելում, Պաղեստինում: Գերտերությունները զորքեր են կուտակում Մերձավոր Արեւելքում: Ականատես եղանք, թե ինչպես են ՌԴ-ի ու Չինաստանի ղեկավարները խոսում նոր աշխարհակարգի մասին, ինչ կանոններով պետք է գործի, Եվրասիական տարածաշրջանը ինչպիսին պետք է լինի, առեւտրային ինչ պատերազմներ են գնում: Հասկանում եք, նոր գործընթացներ են, որն իսկապես նոր աշխարհակարգի ձեւավորման մասին է վկայում, եւ մեր ժողովուրդը, այս ամենի կիզակետում հայտնվելով, չի կարողանում պատկերացնել մասշտաբները: Վատ ենք աշխատել: Հանրությունը սպասում է փրկիչների, ինչպես սպասում էր փրկիչների Արցախից, որն արնաքամ էր լինում: Մարդիկ ասում էին՝ հիմա Արցախից մարդիկ կգան ջղայնացած եւ իշխանափոխություն կանեն»:

Քաղաքագետը նաեւ ասաց, որ հիմա Հայաստանն այլեւս իր ճակատագիրը տնօրինողը չէ, անկախ այն բանից, թե ով կլինի այս պահին Հայաստանի ղեկավարի պաշտոնում, այլ հարց է, որ ղեկավար փոխելով՝ կարողանանք սկսել վերականգնման գործընթաց, ներգրավել կարող ուժերի երկրի ներսում ու դրսում. «Մի բան պետք է անկեղծ ասենք մեր հանրությանը՝ ամենավատ օրերը դեռ չեն անցել, ամենավատ օրերը դեռ առջեւում են եւ ինչքան էլ խուսափենք այս իրականությունից, այնքան ավելի վատ է լինելու: Մենք պետք է տեսնենք նույն Պաղեստինում տեղի ունեցող զարգացումները, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց ապրելու իրավունքի համար: Մեր ժողովուրդը վերջապես պետք է կանգնի այդ պայքարի ուղու վրա: Թող ինձ կոչեն ռեւանշիստ, ծայրահեղական, բայց փաստն այն է, որ երբ դու չես պայքարում, ստիպված ես մեկ շաբաթում հայրենիքդ լքել ու դուրս գալ: Արցախում այդ պայքարը եղավ, բայց ցավոք սրտի մեկ տարվա զրկանքները, զոհերը, դրանք էլ դավաճանվեցին, որովհետեւ եղավ պատերազմ եւ ով պետք է օգներ Արցախին, բաց տեքստով մարդը կանգնեց ասաց՝ մենք այդտեղ գործ չունենք, մեզ ուզում են ներքաշեն, առանց ներքաշվելու հանձնում ենք: Ամեն ինչ հանձնելով եկանք: Երեկ ֆեյսբուքում տղաներից մեկն էր ասում՝ նա իր խմած գարեջրի շշերն էլ է Ադրբեջանին հանձնում: Մարդիկ պետք է տեսնեն, որ կա էլիտա, կա առաջնորդություն, որն իրեն չի դավաճանելու, մինչեւ վերջ կռվելու է, թեկուզ մեծ կորուստների ճանապարհով, բայց հասնելու է հաղթանակի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031