Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի եւ տնտեսվարի գործը հակակոռուպցիոն դատարանի նախագահի վարույթում է

Հոկտեմբեր 19,2023 18:35

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ հոկտեմբերի 23-ին կմեկնարկի  «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Անժելա Մաքյանի  դատաքննությունը։ Ըստ մեղադրանքի՝ նա, կանոնադրությամբ սահմանված կարգով աշխատող դասախոսական կազմին եւ ուսանողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, կարգապահական խախտում թույլ տված դասախոսի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու, իսկ կարգազանց ուսանողին ուսումնական հաստատությունից հեռացնելու պարտականություն կրող պաշտոնատար անձ, 2014-2016 թվականներին իր պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պատշաճ հսկողություն չի իրականացրել դասախոսների եւ ուսանողների՝ սահմանված կարգին համապատասխան գործելու նկատմամբ։

Արդյունքում, 11 առարկայի՝ 16 դասախոսներ քոլեջի  «Շենքերի եւ կառույցների շինարարություն եւ շահագործում մասնագիտության» անվճար ուսուցման տեղերի ընդունելության մրցույթին մասնակցած եւ հիշյալ կուրսում սովորողներից մեկի՝ 2014թ. հուլիսի 02-ից մինչեւ 2014թ. նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանից դուրս  դուրս գտնվելու պարագայում՝ «Շ31» խմբի 2-րդ կուրսի 2014-2015թթ. ուսումնական դասամատյանում, նրա  անվան դիմաց՝ բացականեր դնելու փոխարեն գնահատել են, ինչպես նաեւ նշանակվել են ստուգարքներն ու գնահատվել քննությունները։

2013թ. օգոստոսի 27-ին քոլեջի «Փոխադրումների կազմակերպման եւ երթեւեկության կառավարում տրանսպորտում» մասնագիտության անվճար ուսուցման տեղերի ընդունելության մրցույթին մասնակցած եւ հիշյալ կուրսում սովորողներից մեկը, որը նույնպես Հայաստանից դուրս է գտնվել է, դասամատյանում գնահատվել եւ մասնակցել է քննություններին։

Բացի սրանից, քոլեջի տնտեսվար Փունջիկ Թումանյանը՝ տնօրեն Անժելա Մաքյանի հետ նախնական համաձայնությամբ, ՊՈԱԿ-ի հաշվեկշռում հաշվառված, բայց անսարք լինելու պատճառով չշահագործվող մարդատար ավտոմեքենայի վարորդներ են ընդունել 6 հոգու։ Ըստ այդ տարբեր ժամանակահատվածներում՝ ավտոմեքենայի երթուղային թերթերում եւ վառելիքի պահանջագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց վավերապայմաններն ամբողջացրել է Անժելա Մաքյանը՝ կազմակերպության կնիքով վավերացրել է։ Նշված հատվածում՝  նույն ավտոմեքենան շահագործելու պատրվակով ելքագրվել է 9971 լիտր բենզին, որը փաստացի հափշտակվել է։

Հիշեցնենք, որ 2021թ․ նոյեմբերին Անժելա Մաքյանի դեմ հարուցված քրեական վարույթը այս տարվա հուլիսին դադարեցվել էր Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Ֆրունզե Հովհաննիսյանի որոշմամբ։ Նույն որոշմամբ վերացվել էր նաեւ Մաքյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին եւ նա վերականգնվել էր աշխատանքում։ «Սա բարոյականության հաղթանակն է անբարոյականության դեմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Անժելա Մաքյանը։

Իսկ արդեն հոկտեմբերի 2-ն ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ ավարտվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական անփութություն, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իրեն վստահված գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական նոր վարույթի նախաքննությունը:

Փունջիկ Թումանյանի եւ  Անժելա Մաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց  կիրառվել է բացակայելու արգելքը: Տնօրենի նկատմամբ որոշում է կայացվել նաեւ  այլընտրանքային խափանման միջոց պաշտոնավարման կասեցում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031