Երբեւէ անկլավների հարցը բանակցությունների սեղանին դրված եղե՞լ է, թե՞ դա էլ այս իշխանությունների չարիքն է, որ բերվել է Հայաստանի գլխին. այսօր «Հայաստանը՝ իբրեւ մի մեծ անկլավ» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այս հարցն ուղղեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին:
Նա պատասխանեց. «Ոչ, երբեւէ նման հարց դրված չի եղել բանակցությունների սեղանին: Ես փակ բանակցությունների մասնակից չեմ եղել, եթե ինչ-որ անդրադարձեր եղել են, ապա ոչ թե օրակարգային են եղել այդ կետերը, այլ հարյուրերորդական, հազարերորդական են եղել՝ ուղղակի արձանագրելու, թե ինչպիսին է լինելու հետագա ճակատագիրը այն մարդկանց, ովքեր ժամանակին ապրել են այդտեղ: Անկլավները վերեւից իջեցված նորամուծություն է, նաեւ թելադրանք, պահանջ ու քանի որ մեքենան այնքան է իներցիայով տարվել, որ դռները բացվել են ուղղակի, ոչ թե փոքր ճեղքեր են առաջացել, դարպասները բացվել են, ասում են՝ էստի համեցեք: Ցանկացած պահանջ, որ դրվում է՝ կատարվում է: Թե հետո դա ինչպես կմատուցվի հասարակությանը, որը չի տիրապետում բանակցային գործընթացին, հեռու է արտաքին քաղաքականությունից, չգիտի ինչ բան է դիվանագիտությունը, պայմանավորվածությունները, դա շատ հեշտ է կատարել, իսկ մեզ համար ընկալելի է ինչ մանիպուլյացիա կա այստեղ: Հիմնական առանցքային խնդիրը բանակցություններում եղել է Արցախի կարգավիճակի հարցը»:
Վահագն Մելիքյանը նշեց, որ հայկական կողմը գործընկեր երկրների հետ խոսելիս, բանակցություններում երբեք չի խոսել անկլավների մասին. «Անկլավ հարցը ընդհանրապես մեր օրակարգերում չի եղել: Մշտապես առաջ ենք մղել Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի հարցը եւ դրա հետ ուղղակիորեն առնչվող Արցախի վերջնական կարգավիճակի հարցը: Մնացածը կեղծ օրակարգ է, արհեստականորեն բերված, որը պարտադրվող հարց է, որը շատ «գեղեցիկ» ձեւով ի կատար է ածվում: Ինչքան կտեւի մեր ժողովրդի դիմադրողականությունը՝ այդ հարցի պատասխանը ես չունեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ